10 հուլիսի 2014, Երևան: Այսօր Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը հարցում է ուղարկել քաղաքապետ Տարոն Մարգարյանին, որը ներկայացվում է ստորև:
Հարգելի պարոն Մարգարյան,
Վերջերս անընդհատ, տարբեր առիթներով վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարում եք, որ լսեն Երևանի բնակիչների բողոքները, ինչպես վերջերս Դուք հայտարարեցիք, նրանց «դարդերն» համարեն իրենցը, սակայն երևանցիները տարիներ շարունակ դժգոհում են տարբեր «դարդերից» ու՝ «ձայն բարբառո հանապատի»:
Օրինակ, մամուլում հրապարակված (1in.am,13:15, 07.07.2014թ.) վերջին բողոքն այն մասին էր, որ Խանջյան փողոցի 31 շենքի բնակիչները տարիներ շարունակ բարձրաձայնում են շենքի նկուղում տեղակայված կարաոկե բարի աղմուկից: Ի դեպ նման 12-13 բար կա տեղակայված Խանջյան փողոցի նկուղներում և այդ փողոցի բնակիչների դժգոհությունը մեծ է: Չնայած քաղաքապետարանի կողմից այս բարերն արդեն զրկվել են 24 ժամյա գործունեության թույլտվության լիցենզիայից, սակայն, ինչպես պնդում են բնակիչները, վիճակը չի փոխվել: Ավելին, ինչպես վերոնշյալ «Մեր դեմ խաղ չկա. Խանջյան փողոցի բար-կարաոկեները քաոսի են վերածել բնակիչների անդորրը» հոդվածի հեղինակն է պնդում, նշված հատվածի որոշ հաստատությունների դռներին փակցված վահանակները հուշում են, որ կարաոկեն աշխատում է 24 ժամյա ռեժիմով: Ճիշտ նույն պատմությունն ու քաշքշուկն է Մաշտոցի պողոտայի «Քամելլոտ» ռեստորանի վերևի հարկի քաղաքացիների բողոքի դեպքում, որով շուրջ մեկ տարի է, զբաղվում եմ ու հակառակ ջանքերի, բնակիչները շարունակում են բողոքել: Վերջերս վերջապես «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային» ՊՈԱԿ-ի կողմից իրականացվել է աղմուկի չափագրում և սույն թվականի հունիսի 30-ին տրվել է փորձագիտական եզրակացություն, որում գրված է, որ ձայնի առավելագույն մակարդակը գերազանցում է սահմանված նորմը: Ըստ քաղաքապետարանի առևտրի ու սպասարկման վարչության պետ պարոն Եդոյանի հայտարարության, եթե նման փաստաթուղթ լինի, ապա արմատապես կվերանայվի ռեստորանի գործունեությունը: Ներկայացնում եմ այդ փաստաթղթի պատճեն: Նման արձանագրություն կարող է լինել նաև Խանջյանի վրայի կարաոկե բարերից դուրս եկող աղմուկի և այլ հասցեներում տեղակայված աղմկարար խրախճանքի վայրերի դեպքում:
Կարծում եմ, որ քաղաքապետարանը պետք է ՀՀ կառավարության «ՀԱՄԱՅՆՔԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԱՌևՏՐԻ, ՀԱՆՐԱՅԻՆ ՍՆՆԴԻ, ԶՎԱՐՃԱՆՔԻ, ՇԱՀՈՒՄՈՎ ԽԱՂԵՐՒ ԵՎ ՎԻՃԱԿԱԽԱՂԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻՆ, ԲԱՂՆԻՔՆԵՐԻՆ, ԽԱՂԱՏՆԵՐԻՆ ԺԱՄԸ 24.00-ԻՑ ՀԵՏՈ ԱՇԽԱՏԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» 19.07.2007թ.N 962-Ն որոշման մեջ առաջարկի հստակ սահմանել բնակիչների անդորրը չխախտելու մասին պայմանները, որից հետո հայտը բավարարվի: Գործողի կարգի մեջ անհասկանալի ձևով բացակայում են այդ չափորոշիչները, և այդ բիզնեսներից ներկայացված ցանկացած հայտ բավարարվում է: Ստացվում է, որ այսօր ռեստորանների, բարերի, կարաոկեների բիզնեսն իրականացվում է բնակիչների հանգստի հաշվին, որն անթույլատրելի է ՀՀ օրենքներով և վերոնշյալ բիզնեսները փաստորեն խախտում են մեր քաղաքացիների հանգստի սահմանադրական իրավունքը:
Շնորհակալություն համագործակցության համար:
Կարդացեք նաև
Անահիտ Բախշյան
Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության անդամ