«Հայաստան-ՆԱՏՕ համագործակցությունը շարունակվում է եւ դրան որեւէ կերպ չի խոչընդոտում Հայաստանի անդամակցությունը այլ դաշինքներին կամ հարաբերությունն այլ երկրների հետ:
Մաքսային միությանն անդամակցելու խնդիրը վերաբերում է ոչ թե ՆԱՏՕ-Հայաստան հարաբերություններին, այլ Հայաստան-ԵՄ հարաբերություններին»,- այսօր ՆԱՏՕ-ի տեղեկատվական կենտրոնում ասաց ՆԱՏՕ-ի հանրային դիվանագիտության վարչության ներկայացուցիչ Դեսպինա Աֆենտուլին:
Պատասխանելով այն հարցին, թե ինչպես են վերաբերում Թուրքիա-Ադրբեջան այս տարի նախատեսվող ռազմական համաձայնագրի ստորագրմանը, ինչը ենթադրում է, որ ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիան ներգրավվում է Ղարաբաղյան հակամարտության մեջ՝ այդ թվում ներգրավելով նաև ՆԱՏՕ-ին, տիկին Աֆենտուլին պատասխանեց. « Եթե անդամ երկրների առաջնահերթությունները ՆԱՏՕ-ի հիմնարար սկզբունքներին չեն հակասում, խնդիր չկա: Բայց, երբ նրանք հավաքվում են ՆԱՏՕ-ում, պետք է հարգեն ՆԱՏՕ-ի հիմնարար սկզբունքները»:
Հարցին, թե ինչո՞վ է պայմանավորված, որ ՆԱՏՕ-ի անդամ երկրները տարեցտարի կրճատում են իրենց զորքերը Աֆղանստանում, իսկ ՆԱՏՕ-ի ոչ անդամ երկրների զորքերը՝ հակառակը ավելանում, արդյոք դա նշանակում է, որ ՆԱՏՕ-ն ափսոսում է իր զորքերի կյանքը, ՆԱՏՕ-ի ներկայացուցիչն ասաց, որ գործընկերության շրջանակներում հաշվի է առնվում յուրաքանչյուր գործընկեր երկրի նրբությունները. «Յուրաքանչյուր գործընկեր երկիր ինքն է որոշում ինտեգրվելու ցանկության չափը, դրանով հարգում ենք բոլոր գործընկեր երկրների տարածքային ամբողջականությունն ու անկախությունը, այն բոլոր երկրները, որ գործընկերություն են հաստատում, չեն զիջում իրենց անկախությամբ եւ որոշումներ կայացնելու մեջ սահմանափակված չեն: ՆԱՏՕ-ի անդամ երկրները իրավունք ունեն որոշել իրենց արտաքին քաղաքականության առաջնահերթությունները»:
Մեկ այլ հարցի, թե Ադրբեջանը չի թաքցնում իր մտադրությունները պատերազմ սկսելու Հայաստանի հետ, հաշվի առնելով Թուրքիա- Ադրբեջան սպասվող ռազմական համաձայնագիրը, արդյոք չի՞ ստացվում, որ ՀԱՊԿ անդամը պատերազմում է ՆԱՏՕ-ի անդամ երկրի հետ, տիկին Աֆենտուլին պատասխանեց. «Մենք նման հաշվարկ չունենք, որ նման բան կարող է տեղի ունենա, մյուս կողմից մենք գիտենք, որ տարաձայնություններ ունենք Թուրքիայի հետ, դրա մասին քաջ հայտնի է։ Անցյալում կար Հայաստան- Թուրքիա երկխոսության գործընթաց և մենք սատարում ենք և շարունակում ենք դա անել»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ