ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օպերատիվ հիդրոօդերևութաբանական կանխատեսումների կենտրոնի պետ Զարուհի Պետրոսյանն այսօր «Տեսակետ» մամուլի ակումբում հայտնեց, որ այսօրվանից հանրապետությունում կգրանցվի ջերմաստիճանի բարձրացում։
Տիկին Պետրոսյանը տեղեկացրեց, որ այսօրվանից սկսած՝ հանրապետությունում լինելու է առանց տեղումների եղանակ, սակայն չի բացառվում, որ առանձին վայրերում տեղումներ լինեն։ «Օդի ջերմաստիճանը կբարձրանա։ Վաղը Արարատյան դաշտում սպասվում է մինչեւ 36 աստիճան տաքություն, իսկ լեռնային շրջաններում` 29 աստիճան տաքություն։ Տավուշում կլինի 32 աստիճան, Սյունիքում` 36 աստիճան տաքություն։ Հաջորդ օրը եւս մեկ աստիճանով ջերմաստիճանը կբարձրանա»:
Կենտրոնի պետի փոխանցմամբ՝ հուլիսի 12-ին եւ 13-ին առավելագույն ջերմաստիճանը կհասնի 37 աստիճանի, իսկ 14-ին եւ 15-ին Արարատյան դաշտի առանձին վայրերում ջերմաստիճանը կհասնի մինչեւ 38 աստիճան տաքության։ «Այսինքն շոգը եւ ամառը դեռ առջեւում են։ Սակայն այս ջերմաստիճանը մինչեւ ամառվա վերջ չի պահպանվի եւ կլինեն ցուրտ օդի ներխուժումներ»:
Տիկին Պետրոսյանը հայտնեց նաեւ, որ առաջիկայում կարկուտի հավանականությունը փոքրացել է։
Կարդացեք նաև
Իսկ այս օրերին Սեւանա լճի ջրի ջերմաստիճանը 19 աստիճան է:
Էլյա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ