ՆԱՏՕ-ի տեղեկատվական կենտրոնում այսօր Հայաստան-ՆԱՏՕ նորագույն պատմության գրքի շնորհանդեսն էր: ՆԱՏՕ-ի հանրային դիվանագիտության վարչության ներկայացուցիչ Դեսպինա Աֆենտուլին ասաց, որ գրքում ներկայացված են ՆԱՏՕ-Հայաստան հարաբերությունները.
«Այս գրքի նպատակն է՝ ՆԱՏՕ-ն ավելի մոտեցնել Հայաստանի հասարակական կարծիքին եւ սա արդեն 2-րդ հրատարակությունն է: Հայաստան-ՆԱՏՕ երկկողմ հարաբերությունները արժեք ունեցող ու շատ նպաստավոր ենք գնահատում: Այդ հարաբերությունները հիմնված են ուղիղ երկխոսության եւ համագործակցության վրա: Ամենայն հարգանք ենք տածում Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթությունների նկատմամբ: Մենք ունենք երկխոսության լավ մակարդակ, դա արտացոլվում է նաեւ ամեն տարի Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաների այցերով ՆԱՏՕ-ի կենտրոնակայան»:
ԱԳՆ սպառազինությունների վերահսկման եւ միջազգային անվտանգության վարչության պետ Սամվել Մկրտչյանն էլ ասաց, որ ՆԱՏՕ-Հայաստան համագործակցությունը քաղաքական խորհրդատվությունների մակարդակով շարունակվում է, Հայաստանը շարունակում է մասնակցել ՆԱՏՕ-ի կողմից կազմակերպվող գործողություններին. «Արդյունավետ համագործակցում ենք գիտության ոլորտում, գիտական շրջանակների ներկայացուցիչներն ակտիվ են ու ՆԱՏՕ-ի համապատասխան ստորաբաժանմանը ծրագրեր են ներկայացնում եւ ստանում նյութական աջակցություն»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ