Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ բնապահպանության նախարարը ծանոթացել է տարածաշրջանային էկոլոգիական-հայրենագիտական ճամբարի առօրյային

Հուլիս 10,2014 11:41

ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը ՀՀ Տավուշի մարզ կատարած աշխատանքային այցի շրջանակներում այցելել է «Զիկատար» բնապահպանական կենտրոն, ծանոթացել կենտրոնի աշխատանքներին և հյուրընկալվել նախարարության աջակցությամբ անցկացվող Էկոլոգիական-հայրենագիտական ուսումնահետազոտական ճամբարին, որտեղ իրենց ակտիվ հանգիստն են անցկացնում «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի կազմակերպած «Էկոտուր 2014» ամենամյա չորրորդ բաց ստուգատեսի մրցանակակիրները՝ Արցախի, Թբիլիսիի, Երևանի, Հայաստանի մյուս մարզերի և կրթահամալիրի մի քանի դպրոցներից:

Ճամբարականներն աղուհացով են դիմավորել նախարարին: Նախարար Արամայիս Գրիգորյանը մասնակցել է ճամբարականների ընդհանուր պարապմունքին, որից հետո կազմակերպված կլոր սեղանի շուրջ քննարկել դպրոցականներին հետաքրքրող մի շարք շրջակա միջավայրին վերաբերող հարցեր: Նախարարն ընդունելի է համարել պատանի դպրոցականների՝ էկոլոգիական խնդիրների վերաբերյալ հայտնած մտահոգությունները և շնորհակալություն հայտնել դրանց լուծման հարցում ցուցաբերվող ուշադրության համար. «Ուրախ եմ, որ այստեղ` մեկ հարկի ներքո հավաքվել են դպրոցականներ բարեկամ Վրաստանից, հարազատ Արցախից և մեր հանրապետության տարբեր մարզերից: Շատ եմ կարևորում բնության պահպանության նկատմամբ ցուցաբերվող ձեր ուշադրությունը»:
Կլոր սեղանի շուրջ ներկայացվել են նաև Էկոտուրի քառամյա պատմությունն ու հաջողությունները, կրթահամալիրի Էկոլոգիական նախագծերը, ինչպես նաև քննարկվել է Էկոտուր 2015-ի ծրագիրը` կապված Սևանի ավազանի, մասնավորապես Սևանա լիճ թափվող գետերի՝ կենցաղային աղբով աղտոտման հարցերի ու էկոտուրի մասնակիցների նախաձեռնությամբ դրանց մաքրման աշխատանքների իրականացման հետ: Արամայիս Գրիգորյանը ողջունել և կարևորել է պատանիների պատրաստակամությունը Սևանա լճի մաքրման աշխատանքներին մասնակցություն ցուցաբերելու հարցում և խոստացել օժանդակել այդ աշխատանքներին և հաջորդ տարի ևս աջակցել էկոճամբարի կազմակերպմանը:

Այցի ավարտին բոլոր ճամբարականները ՀՀ բնապահպանության նախարարության կողմից նվեր են ստացել բնապահպանական ծրագրերի խորհրդանիշերով ձևավորված շապիկներ: Աշակերտներն էլ իրենց հերթին բնապահպանության նախարարին նվիրել են իրենց ձեռքով նկարած կտավը:

Նախարարության ենթակայությամբ գործող «Զիկատար» բնապահպանական ուսումնական կենտրոնի աջակցությամբ Էկոճամբարում կազմակերպվում են արշավներ հատուկ պահպանվող տարածքի անտառային հատվածներ և պատմամշակութային հուշարձաններ, որոնց ընթացքում բնապահպան մասնագետները դպրոցականների հետ անցկացնում են բնապահպանական թեմաներով ուսումնական դասընթացներ՝ օգտակար գիտելիքներ հաղորդելով հայրենի բնաշխարհի ներկա վիճակի, նրա պահպանության և վերարտադրության մասին: Կազմակերպիչները Ճամբարում անցկացնում են նաև էկոլոգիական բաց դասեր, քայլարշավներ, ճանաչողական զբոսանքներ:

ՀՀ բնապահպանության նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031