Լրահոս
Օրվա լրահոսը

«Ոչ բավարար պրոակտիվություն» և «իմպլանտացիայի» փորձ. սահմանադրական բարեփոխումների քննարկումներ

Հուլիս 10,2014 11:25

Առաջին անգամ է, որ հայ իրականության մեջ կարևորագույն նշանակության խնդիրը՝ ընդհուպ մինչև որոշման եզրին հասնելը, հանրային այսպիսի քննարկումների է ենթարկվում: Սա կատարվում է՝ նկատի ունենալով, որ լուծումները պայմանավորված չպիտի լինեն այս կամ այն անձի, անգամ կոնկրետ քաղաքական ուժի նկրտումներով, այլ վերաբերում են յուրաքանչյուրին, ոչ միայն այսօրվա, այլև ապագա սերունդներին»,-այսօր Երևանում մեկնարկած «Սահմանադրական բարեփոխումները ժողովրդավարական զարգացման համատեքստում» խորագրով միջազգային գիտաժողովի բացմանը հայտարարեց Սահմանադրական դատարանի (ՍԴ) նախագահ Գագիկ Հարությունյանը:

Համաժողովն իրականացվում է Բաց հասարակության հիմնադրամներ- Հայաստան գրասենյակի օժանդակությամբ:

Բաց հասարակության հիմնադրամներ- Հայաստան գրասենյակի գործադիր տնօրեն Լարիսա Մինասյանը հայտնեց, որ մի խումբ իրավաբաններ, սահմանադրական իրավունքի մասնագետներ կատարել են հայեցակարգի նախնական վերլուծություն և էմպիրիկ հետազոտություն մի շարք ՀԿ-ների ու հասարակության շրջանում:

Տիկին Մինասյանը նկատեց, թե «Սահմանադրությունը ամենալայն հասարակական համաձայնությունն է» ու շարունակեց. «Այս պատճառով հասարակությունը պետք է ունենա ոչ միայն գիտելիք դրա մասին, այլ լինի դրա մշակման անմիջական մասնակիցը: Սա միջոց է ինչ-որ ձևով սկսել քննարկումներն ու մասնակցությունը, որը մինչ օրս բավարար չի ծավալվում նաև այն պատճառով, որ այն միջոցը, որտեղ հասարակական քննարկումներ պիտի ծավալվեն, օրինակ՝ մամուլն ու հեռուստատեսությունը, պրոակտիվ չեն բավականաչափ: Այնինչ սահմանադրական փոփոխություններին որքան լայն շերտերով մասնակից դառնա հասարակությունը՝ այնքան այն կլինի երկրի համար ընդունելի»:
Ըստ տիկին Մինասյանի՝ ազգային նշանակության կարևորագույն հարցերը չեն ստանում բավական արձագանք մասնավորապես նաև ամենաբարձր կառավարման օղակներում, որտեղ որոշումներ են կայացվում, որոնց մասին մամուլից կամ հպանցիկ ճեպազրույցներից տեղեկություն է ստանում հասարակությունը՝ պոստ ֆակտում: Լարիսա Մինասյանն այս առիթով ասաց. «Դա ոչ պատասխանատու և ոչ հաշվետու քաղաքականության ձև է, և այստեղից էլ գալիս է այն, որ հասարակության մասնակցությունը ցածր է, ապատիան՝ բարձր: Հասարակության անվստահությունը աղետալի մակարդակի է դեպի բոլոր ինստիտուտներ՝ սկսած հ/կ-ներից մինչև հանրային այլ ոլորտներ»:

Գագիկ Հարությունյանն իր խոսքում մտահոգություն հայտնեց, թե մարդիկ հազիվ այբբենարանը նոր ավարտած, սկսում են սահմանադրություն քննարկել, որը տեղին չէ: Նա համաձայնեց, որ կարևորագույն խնդիր է այն՝ արդյոք պետք է հետևել հանրության կողմից օրենքի տառի՞ն, թե՞ իրավունքի ոգուն:

Այնուհետև Գագիկ Հարությունյանը հավելեց. «Ժամանակին իհարկե արդարացված, մեր Սահմանադրության մեջ տարբեր միջազգային փաստաթղթերից լցրեցինք մարդու իրավունքների մասին դրույթներ: Եթե Սահմանադրության մանկության շրջանում այս մոտեցումը արդարացված էր, ապա հետագայում այն խորացնելը շատ վտանգավոր է սահմանադրական հասունացման շրջանում: Մեզանում սահմանադրությունը 1998-ին ընդունելուց հետո դարձյալ թանաքը չէր չորացել, սկսեցին կրկին փոփոխություններ կատարել»:

Պարոն Հարությունյանի պնդմամբ՝ մարդը չպետք է մնա սահմանադրության լուսանցքում ու մտահոգություն հայտնեց. «Այսօր մեր սահմանադրության առանցքը շարունակում է մնալ իշխանակենտրոն, սահմանադրական լուծումները լիարժեք չեն դարձնում իրավունքի գերակայության երաշխավորումը: Ցանկացած երկրի սահմանադրություն չի կարող դառնալ ներմուծվող և արտահանվող ապրանք: Դա բժշկական լեզվով ասած՝ կնմանվի իմպլանտացիայի փորձի, որը ձախողման է մատնված»:

Նշենք, որ Գագիկ Հարությունյանը հայտարարեց, թե ՀՀ Նախագահին կից սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովը օգոստոսի 22-ին կամփոփի հանրային քննարկումների արդյունքները:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031