«Հանուն հայրենիքի» շարժման երիտասարդական ճակատը «Հայկական սահմանադրության ձևավորման ժողովրդական գործառույթ»-ի շրջանակներում հուլիսի 9-ին հրավիրել էր իր չորրորդ նիստը՝ «Գիտությունը որպես համակարգաստեղծ գործոն» թեմայով: Սակայն բանախոսը՝ ֆիզմաթ գիտությունների դոկտոր Գրիգոր Բարսեղյանը (Լոնդոն), որի հետ կապ հաստատվեց տեսազանգի միջոցով, նախընտրեց խոսել հատկապես գիտության արդի վիճակի մասին. «Լրագրողները գնում ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի նախագահին հարցնում են՝ Ռադիկ Մարտիրոսյան, դու գիտնակա՞ն ես, իսկ Ռադիկ Մարտիրոսյանի պատասխանը միշտ հետևյալն է. բա որ ես գիտնական չլինեմ, հո իմ սիրուն աչքերի համար չե՞ն տվել այդ պաշտոնները, չէ՞ որ ես պաշտոններ եմ վարել:
Ուշադրություն դարձրեք, թե Ռ. Մարտիրոսյանը գիտության մասին ինչ է ասում վերջին տարիներին: Եթե հանենք կոմսոմոլական բնույթի ընդհանուր բառակապակցությունները, տակը մնում է մի բան՝ պաշտոնները սիրուն աչքերի համար չեն տալիս (արդեն տասն անգամ նույն բանն ասել է): Եթե Ակադեմիայի նախագահը սա է, որի միակ ասելիքը դա է, մեր վիճակն էլ սա կլինի»:
Նա նաև շեշտեց, որ դրսում հայ գիտնականների ճանաչված լինելը չպետք է վերագրել ՀՀ ԳԱԱ-ին կամ մեկ այլ կառույցի. «Բոլորս էլ գիտենք, որ Հայաստանի գիտնականները որոշ չափով ճանաչում ունեն, բայց դա ոչ ակադեմիայի շնորհքն է, ոչ էլ կոմիտեի, դա հայ ժողովրդի գենն է: Եթե հայ գիտնականը ճանաչում է ձեռք բերել, դա նրանց շնորհքը չէ, ավելին՝ նրանք ամեն ինչ արել են, որ դա չլինի»,- ասաց Գ. Բարսեղյանը և անդրադառնալով գիտության կոմիտեի ստեղծմանը՝ ասաց, որ սկզբում իրեն դուր է եկել կոմիտեի ստեղծման գաղափարը. «Երբ կոմիտեն սարքեցին, ես մտածեցի, որ դա լավ բան է, որովհետև Ակադեմիան ի վիճակի չէ ղեկավարելու, իրավունք էլ չունի: Այդ մարդիկ երեսուն տարի գիտությամբ չեն զբաղվել,- ասաց բանախոսը,- աբսուրդ է, երբ մեկին ցմահ բան ես տալիս՝ ցմահ աշխատավարձ, ցմահ հնարավորություն: Ակադեմիկներն ամեն ինչ որոշում են համաձայն այն կետի, որ գերագույն խորհուրդը Ակադեմիայի ընդհանուր ժողովն է: Այդ մարդը կարող է լինել 180 տարեկան ու դեռ որոշել, և դա Հայաստանի օրենքով է այդպես. նա «էքսպերտ» է, ի՞նչ էքսպերտ, եթե արդեն երեսուն-քառասուն տարի է, ինչ չի զբաղվում գիտությամբ: Եվ ի՞նչ պիտի անի մարդը, որը քառասուն տարի չի զբաղվել գիտությամբ, բայց ղեկավարում է գիտությունը: Կենցաղային հարցերով է զբաղվում, ուրիշ ոչ մի բան: Իզուր չէ, որ ասում են՝ ակադեմիկները վերակենդանանում են ընտրությունների ժամանակ: Ակադեմիայում մեռյալ վիճակ է, հենց ընտրությունները սկսվում են, այդ մարդիկ վերակենդանանում են»:
Կոմիտեի ստեղծման գաղափարը ողջունելուց կարճ ժամանակ անց, սակայն, Գ. Բարսեղյանը հիասթափվել է. «Ես մտածում էի՝ վերջապես հասկացել են, որ Ակադեմիան ի վիճակի չէ, և կոմիտեն պիտի դրական ինչ-որ բան անի, բայց հետո պարզվեց, որ կառավարությունը, ղեկավարությունը կոմիտեին ոչ մի առաջադրանք չի տվել: Ստեղծվել է մի կազմակերպություն, որը վերցրել է գիտության ֆինանսավորման զգալի մասը և իր հայեցողությամբ բաժանում է»,- ասաց բանախոսը:
Կարդացեք նաև
Որպես լուծում՝ նա առաջարկեց Հայաստանում ներդնել վարկանիշային համակարգ. «Մարդիկ, որոնք երեսուն տարի չեն զբաղվել գիտությամբ, չպիտի լինեն գիտության ղեկավար,- համոզված է ֆիզմաթ գիտությունների դոկտորը,- միայն ռեյտինգային համակարգի ներդրումը կարող է գիտությունն առաջ տանել: Իսկ ռեյտինգային համակարգը, որը կա աշխարհի տարբեր երկրներում, ենթադրում է, որ կենսագրություն չունեցող մարդը չի կարող նախագահ լինել»:
Հարցին՝ արդյո՞ք գիտությունը պետք է համագործակցի կառավարության հետ, կամ եթե կառավարությունը չի համագործակցում, գիտնականները պե՞տք է մտածեն երկիրն այս վիճակից դուրս բերելու մասին, Գ. Բարսեղյանը հռետորական հարցով պատասխանեց. «Ո՞ր կառավարության մասին է խոսքը: Այն, որ կատարում է արտասահմանի հրամաննե՞րը, այն, որ թողնում է Հայաստանի ընդերքը դուրս գա՞, այն, որ ոչնչացնո՞ւմ է քիմիան, այն, որ չի՞ թողնում՝ այդ ընդերքից որևէ օգուտ լինի… ո՞ր կառավարության մասին է խոսքը: Կամ ո՞վ պիտի խոսի կառավարության հետ: Տասնհինգ տարի ես խոսում էի կառավարության հետ, հոդվածներ էի գրում, բաց նամակներ, բայց նա ոչ մի արձագանք չտվեց: Ոչ մի անգամ իմ գրած որևէ տողի առարկում չի եղել, ի՞նչ խոսակցության մասին է խոսքը»:
Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ