Լրահոս
Օրվա լրահոսը

Արթուր Գեւորգյան. «Վեց ամիսների կտրվածքով ամենաարդյունավետ մարզաձեւը բռնցքամարտն է»

Հուլիս 10,2014 10:22

Բռնցքամարտի Հայաստանի տղամարդկանց եւ աղջիկների հավաքականները Ծաղկաձորում ուսումնամարզական հավաք են անցկացնում:

Ֆեդերացիայի նախագահ, ԱԺ պատգամավոր Արթուր Գեւորգյանը երեկ մի խումբ լրագրողների հետ միասին այցելեց նրանց: Գլխավոր մարզիչ Դավիթ Թորոյանը, մարզիչներ Արտյոմ Սիմոնյանը եւ Մանվել Գաբրիելյանը բռնցքամարտիկների հետ զբաղված էին իրենց պարտականություններով: Մարզման ավարտին Արթուր Գեւորգյանը խոսեց ֆեդերացիայի կատարած եւ կատարելիք աշխատանքների մասին:
«Աշխատանքը գնահատվում է արդյունքներով: Անցած վեց ամիսների կտրվածքով Հայաստանում ամենաարդյունավետ աշխատող մարզաձեւը բռնցքամարտն է, իսկ առջեւում դեռ վեց ամիս էլ ունենք: Եվ դա այն դեպքում, երբ ԱԻԲԱ-ի որոշմամբ այս տարի զրկվել ենք աշխարհի ու Եվրոպայի առաջնություններից: Եղած արդյունքները մեր երիտասարդներինն են ու պատանիներինը:

Box
2015 թվականին հիմնական շեշտը դնելու ենք օլիմպիական վարկանիշներ նվաճելու վրա: Այս տարվա դադարը պայմանավորված է նրանով, որ եկող տարին չափազանց հագեցած ու բուռն է լինելու: Օլիմպիական ուղեգիր ձեռք բերելու մոտ ութ փորձ ենք ունենալու: Թվում էր, թե չունենք այնքան բռնցքամարտիկներ, որոնք միմյանց փոխարինելով եկող տարի պայքարեն ուղեգրերի, աշխարհի ու Եվրոպայի մեդալների համար: Բայց դա այնքան էլ այդպես չէ: Այսօր քաշային կարգեր կան, որոնցում մինչեւ երեք հավասարազոր բռնցքամարտիկներ ունենք, որոնք կարող են Հայաստանը ներկայացնել միջազգային ռինգում: Ճիշտ է, քաշային կարգեր էլ կան, որտեղ խնդիրներն առկա են: Օրինակ, ամենաթեթեւագույն եւ երկու ծանր քաշերում, որտեղ վիճակը պասիվ է: Բայց դա ժամանակի հարց է եւ կարելի է շտկել: Թեթեւ քաշում մենք մշտապես աշխարհի չեմպիոն ենք ունեցել: Բայց այսօր բռնցքամարտիկ չկա: Սա խնդիր է, որից պետք է հետեւություն անեն մարզական ակումբները, մարզիչներն ու մարզիկները:

Խիստ անհրաժեշտ է մարզիկների մեջ հաղթողի հոգեբանություն ներարկել: Դրա համար նրանց օրինակներ են հարկավոր, փայլուն օրինակներ: Նրանք պետք է տեսնեն մեր իրական հերոսներին՝ թե բռնցքամարտի, թե կյանքի, որոնք կռվել են ու հաղթել: Բայց անվանի բռնցքամարտիկները պետք է լավ վիճակում ապրեն, որպեսզի պատանին տեսնի եւ ինքն էլ ցանկանա գնալ նրա ճանապարհով», – ասաց Արթուր Գեւորգյանը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031