Լրահոս
Օրվա լրահոսը

«Մեկ կյանքը բավարար չէ՝ Հայաստանը ճանաչելու համար»

Հուլիս 10,2014 13:45

Քսանյոթամյա Էդգար Հարությունյանի (լուսանկարում) լուսանկարների հետ սոցիալական կայքերում կարելի է հաճախ «բախվել». լուսանկարներն ակտիվ տարածվում են օգտատերերի էջերում ու մեկնաբանվում, իսկ որոշ լուսանկարներ էլ կարելի է հայտնի հաստատությունների պատերին փակցված տեսնել:

Բնության ու արշավների սիրահար Էդգարը հաճախ է ճանապարհորդում Հայաստանով մեկ՝ տպավորություններից բացի, իր հետ Երեւան բերելով տարբեր լուսանկարներ: Նպատակը մեկն է. մարդկանց ցույց տալ, թե ինչ հրաշալի ու դեռ շատերի կողմից չբացահայտված երկիր ունենք:

-Էդգար, դժվար է լուսանկարել մի բան, ինչն առանց լուսանկարելու էլ գեղեցիկ է, որովհետեւ գեղեցկությունն աղավաղելու վտանգ կա: Ինչպե՞ս է ստացվում, որ քո մայրամուտները, բնության տեսարանները, կենդանիներն ու մարդիկ չեն կորցնում իրենց «բնական» գեղեցկությունն ու ֆոտոխցիկի հետ շփումից չեն դադարում իրական լինել:

-Ես ինձ բնության մարդ եմ համարում. շաբաթական առնվազն մեկ անգամ անպայման արշավի եմ մասնակցում՝ Երեւանի մոտակա գյուղերից սկսած՝ մինչեւ արցախյան սահմանամերձ գյուղեր հասնելով: Բնության մեջ ոչ մի երեւույթ երկրորդ անգամ չի կրկնվում, եւ ցանկացած պահ ինքնին եզակի է: Ես փորձում եմ պահը ներկայացնել, գեղեցկությունը մատուցել այնպես, ինչպես ես եմ տեսել ու զգացել: Հատուկ ոչինչ չեմ անում, փորձում եմ հնարավորինս չխառնվել բնության գեղեցկությանը, այլ ուղղակի դիտորդ ու ներկայացնող լինել: Երեւի թե սա է պատճառը, որ լուսանկարներս բնական ու «շնչող» են ստացվում:

lusankarich2

«Բալետի պարուհին փողոցում» ֆոտոշարքից:

-Մեր օրերում մոդայիկ է դարձել լուսանկարչությունը, կամ գոնե նման կերպար ընդունելն ու լուսանկարիչ ձեւանալը: Ե՞րբ հասցրեց տվյալ մասնագիտությունն այսքան մոդայիկ դառնալ, քեզ նորաթուխ «լուսանկարիչները» հաճա՞խ են դիմում:

-Հաճախ նամակներ եմ ստանում, որտեղ հարցնում են՝ ի՞նչ լուսանկարչական սարքով եմ լուսանկարում, որ լուսանկարներս այդքան լավ են ստացվում: Իրականում լուսանկարչական սարքն ուղղակի գործիք է, ու այն անպետք կլինի կիրառման մեջ, եթե դու չիմանաս՝ ինչ ես ուզում նկարել: Շատ լավ լուսանկարներ կարելի է ստանալ նույնիսկ հասարակ թվային ֆոտոխցիկով, եթե սուր աչք ու փոխանցելու բան ունես մարդկանց: Այնպես որ, ֆոտոխցիկը երկրորդական դեր է կատարում այս դեպքում՝ չնայած աշխատանքն ավելի հեշտացնում ու որակյալ է դարձնում: Իսկ լուսանկարչության նկատմամբ սիրուն շատ լավ եմ վերաբերվում. ուրախ եմ, որ մարդիկ փորձում են գտնել իրենց համար նոր հետաքրքրություններ, լուսանկարում են, ուսումնասիրում են իրենց շրջապատող աշխարհն ու մարդկանց: Թող փորձեն, միգուցե ընթացքում իսկապես լավ լուսանկարներ ստանան ու հետագայում լավ լուսանկարիչներ դառնան:

-Քո վերջին՝ «Բալետի պարուհին փողոցում» ֆոտոշարքը շատ սիրվեց ու լայն տարածում գտավ: Ինչպե՞ս ստացվեց պարուհուն բեմից իջեցնել ու փողոց «դուրս բերել»:

– Այս շարքը Հայաստանի համար նորություն էր, բայց արտասահմանում տարբեր լուսանկարիչներ անում են նմանատիպ շարքեր՝ հետաքրքիր մասնագիտության տեր մարդկանց դուրս բերելով առօրյա կյանք: Պատահաբար տասնհինգամյա բալետի պարուհու՝ Կարինեի հետ ծանոթացա, որը լավագույններից մեկն է դպրոցում: Կարինեի ելույթներից մեկին ներկա գտնվելուց հետո որոշեցի նման շարք անել: Սկզբում մտավախություն կար, որ ֆոտոշարքը չի ստացվի, քանի որ երեւանյան պայմանները թույլ չէին տա մտքերս իրագործել: Սակայն հաճելիորեն սխալվեցի. ֆոտոշարքը ստացվեց: Կարինեի հետ էլ ընթացքում շատ հեշտ էինք աշխատում. մեկուկես ժամում կարողացանք ստանալ տասներկու նկարից բաղկացած այդ ֆոտոշարքը: Շարքն անպայման շարունակություն կունենա՝ նոր մոդելների մասնակցությամբ:

-Հաճախ ես կրկնում, որ մարդիկ Հայաստանը լավ չեն ճանաչում…

-Ես իրոք այդպես եմ կարծում: Երբ վանքեր, բնության տեսարաններ եմ նկարում, շատերը զարմանում են, որ Հայաստանում նման վայր կամ շինություն գոյություն ունի: Մենք ունենք հրաշալի բնության գոտիներ, վանքեր, հուշարձաններ, ու շատ կցանկանամ, որ անթալիաների ու քոբուլեթիների փոխարեն մարդիկ Հայաստանով մեկ արշավեն, Հայաստանի գողտրիկ անկյունները բացահայտեն ու հիանան: Ես լուսանկարներով փորձում եմ հետաքրքրություն առաջացնել, մատուցել այդ ամենը, բայց սեփական աչքով տեսնելն ավելի նախընտրելի է: Հենց սա եմ համարում լուսանկարչությամբ զբաղվելուս կարեւոր նպատակներից մեկը: Այդքան գեղեցկություն տեսնելուց հետո մարդկանց արտագաղթն էլ, երեւի, կկրճատվի: Իրականում մեկ կյանքը բավարար չէ՝ Հայաստանն ամբողջությամբ ճանաչելու ու բացահայտելու համար:

ՍՅՈԻՆԵ ՍԵՎԱԴԱ

«Առավոտ» օրաթերթ
09.07.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Ֆլորա says:

    Ես մի անգամ արդեն գրել եմ այս մասին: Շատ լավ կլինի այդ նկարներից թեմատիկ կոմպլեկտներ կազմել վաճառելու նպատակով: Սովետական տարիներին կար նման բան, երբ յուրաքանչյուր քաղաքի տեսարժան վայրերը կամ այլ թեմատիկ նկարներ ներկայացվում էին 10 լուսանկարների կոմպլեկտով: Դա շատ հարմար է Հայաստանը պրպագանդելու համար: Ամեն տուրիստ մի քանի հատ կտանի իր հետ իր ապրած երկրները, հարմար է նվերի տեսակետից: Շատ լավ միջոց է Հայաստանը աշխարհի տարբեր ծագերում ներկայացնելու համար: Կարծում եմ միջազգային հարաբերություններում էլ հարմար է որպես նվեր: Տեղի համայնքի ներկայացուցիչները քաղաքի ղեկավարների հետ հարաբերվելիս էլ կարող են նվիրել: Շատ հարմար է սփյուռքի դպրոցներում դասերի ժամանակ երեխաներին Հայաստանը ցույց տալու համար: Կարելի է նաև սլայդներ պատրաստել, 3Դ ֆորմատով նկարներ ևն:

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031