Երեկ «Առավոտը» ներկա եղավ մարզումներին եւ զրուցեց հավաքականի գլխավոր մարզիչ Արայիկ Բաղդադյանի հետ:
«Հավաքն սկսել ենք հուլիսի 4-ից եւ կավարտենք 18-ին: Այստեղ մեզ հետ են Վրաստանի ու Ղրղըզստանի ընտրանիները՝ իրենց բոլոր լավագույն ըմբիշներով: Մենք պատրաստվում ենք Ստեփան Սարգսյանի գավաթի համար ավանդական միջազգային մրցաշարին, որին հաջորդելու է տարվա գլխավոր մեկնարկը՝ աշխարհի առաջնությունը: Մեզ հետ մարզվում են նաեւ Հայաստանի երիտասարդական հավաքականի տղաները՝ ավագ մարզիչ Ավետիք Վարդանյանի ղեկավարությամբ: Նրանք օգոստոսի կեսերին մասնակցելու են իրենց տարիքային խմբի աշխարհի առաջնությանը», – ասաց Արայիկ Բաղդադյանը:
Հարցին, թե համատեղ մարզումները տալի՞ս են ցանկալի արդյունք, պարոն Բաղդադյանը պատասխանեց. «Դրանք շատ մեծ արդյունք են տալիս: Օրինակ, Վրաստանի թիմը լավագույններից մեկն է աշխարհում: Ղրղըզներն էլ հատկապես թեթեւ քաշային կարգերում ուժեղագույն ըմբիշներ ունեն: Եվ նրանց հետ համատեղ մարզումները անփոխարինելի են: Փաստորեն, մեր տղաներից հատկապես նրանք, որոնք դեռեւս տեղ չեն գտնում միջազգային մրցաշարերին մասնակցող կամ արտագնա հավաքների մեկնող մեր թիմերում, այստեղ պահանջվող մրցափորձ կուտակելու բացառիկ հնարավորություն ունեն: Համատեղ այսպիսի հավաքներում մեր բոլոր ըմբիշներն էլ ըստ էության շփվում ու ճանաչում են մրցագորգերում այս տարվա աշխարհի առաջնության եւ հետագայում՝ վարկանիշային մրցաշարերում իրենց հավանական մրցակիցներին: Ինչ վերաբերում է մեր հետագա ծրագրերին, օգոստոսի առաջին կեսին Կիսլովոդսկում համատեղ հավաք կանցկացնենք Ռուսաստանի հավաքականի հետ: Այնուհետեւ կվերադառնանք Երեւան, եւս 10 օր մարզումներ եւ օգոստոսի վերջերին կմեկնենք Տաշքենդ կամ Ղրղըզստան՝ աշխարհի առաջնությունից առաջ եզրափակիչ հավաքի»:
ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ
Կարդացեք նաև
«Առավոտ» օրաթերթ
09.07.2014