Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ինչու են մշակույթի մարդիկ հակվում դեպի Աստված

Հուլիս 10,2014 14:00

Բոլոր ժամանակներում եղել են արվեստագետներ, այդ թվում՝ ճանաչված, որ հեռացել են արվեստից՝ տրվելով հոգեւոր ծառայությանը: Օրինակ, 1980-ականների կեսերից սկիզբ առած քաղաքական շրջադարձային գործընթացները հիմնովին փոխեցին հատկապես կինոյի մի քանի աստղերի կյանքը: Կինոդերասաններ Վալերի Ռիժակովը, Օլգա Գոբզեւան, Եկատերինա Վասիլեւան, Լեոնիդ Կայուրովը, թատրոնի դերասան Զոյա Պիլնովան «պերեստրոյկայի» տարիներին «մտան» եկեղեցի:

Անկախ Հայաստանում էլ են նման դեպքեր գրանցվել:

«Առավոտի» հետ զրույցում մասնագիտությամբ ռեժիսոր, Ջրվեժի եկեղեցու հոգեւոր հովիվ տեր Կյուրեղ քահանա Տալյանը մասնավորապես ասաց. «1990-ականների սկզբից, երբ դարձա քրիստոնյա մարդ, հայ եկեղեցու զավակ, հասկացա, որ մարդկանց լավագույն կերպով կարող եմ ծառայել ու օգտակար լինել հենց որպես հոգեւորական՝ առաջնորդելով նրանց այն ճանապարհով, որ ինքս էի գտել դեպի երկնքի արքայություն, դեպի հավիտենական կյանք: Այն ճանապարհով, որ մեզ սովորեցրել է Հիսուս Քրիստոսը՝ մեր փրկիչը, որը 2000 տարի իր զավակներին ուսուցանում ու առաջնորդում է Հայ առաքելական սուրբ եկեղեցի»: Տեր Կյուրեղի խոսքերով՝ «ինչ-որ բան հասցրի անել «Լուսաշխի տանը» (ԽՍՀՄ-ի շրջանում գործել է նման մշակութային օջախ), որտեղ ժողովրդական թատրոնը ղեկավարում էր Կառլեն Վարժապետյանը»: Հոգեւորականը նշեց, թե խաղացել է Կառլեն Վարժապետյանի բեմադրած պիեսներում, այնուհետեւ ինքն է իբրեւ ռեժիսոր բեմադրություններ իրականացրել ռադիոթատրոնում: Հետո էլ տեղափոխվել է Հենրիկ Իգիթյանի ղեկավարած Գեղագիտական դաստիարակության կենտրոն, որի հիմքի վրա ստեղծվել է առաջին մանկական թատրոնը:

Կային ժամանակներ, երբ կոմպոզիտոր Արթուր Գրիգորյանը համագործակցում էր մեծամասամբ Վահան Անդրեասյանի՝ այսօր Նորք-Մարաշի Սուրբ Աստվածածին եկեղեցու խորհրդակատար տեր Թովմա քահանա Անդրեասյանի հետ: Վերջինիս խոսքերով ստեղծված Արթուր Գրիգորյանի երգերը, որոնք կատարում էին Զառա Տոնիկյանը, Տաթեւիկ Հովհաննիսյանը եւ հայ ժամանակակից երգի մյուս իրական աստղերը, այժմ էլ մեծ լսարան ունեն: Այսօր էլ տեր Թովմայի տեքստով կոմպոզիտոր Արմեն Սմբատյանի հիթ դարձած «Հայաստան» երգը հաճախ է հնչում: Ժամանակին Վահան Անդրեասյանը, աշխատելով «Հ1»-ում, ապա՝ «հ2»-ում, իրականացրել է տարբեր հաղորդաշարեր: Մեզ հետ զրույցում իր քահանա դառնալու վերաբերյալ հարցին տեր Թովման պատասխանեց ճանաչված գրող Վյաչեսլավ Իվանովի խոսքերով՝ «Ես մեկնում եմ Ռուսաստանից, որ մնամ ուղղափառ քրիստոնյա, ես էլ դուրս եկա հեռուստատեսությունից, որ մնամ առաքելական քրիստոնյա, որովհետեւ 90-ականներին TV-ներում էնպիսի՜ վիճակ էր…»:

Անցյալ տարի էլ դասական երգեցողություն անվանակարգում ՀՀ նախագահի երիտասարդական մրցանակին արժանացավ Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ուսանող, առաջնորդանիստ Սուրբ Սարգիս եկեղեցու սպասավոր Հովհաննես սարկավագ Ներսեսյանը: Նա կրթություն է ստացել Երուսաղեմի Ժառանգավորաց վարժարանում, որից հետո՝ Գեւորգյան ճեմարանում: Հիմնավոր հոգեւոր կրթություն ստացած սարկավագից հետաքրքրվեցինք՝ հնարավո՞ր է իր մոտ էլ հակառակը լինի՝ հոգեւորից վերադառնա աշխարհիկ կյանք, քանի որ այսօր հանդիսանում է նաեւ Ազգային օպերային թատրոնի մեներգիչ: «Եթե ինչ-որ ժամանակ մեկը մյուսին խանգարի, ապա ինձ համար, անկասկած, գերագույնը կմնա հոգեւոր ծառայությունը: Փառք Աստծո, մինչ օրս այդ երկուսը հիանալի համատեղվում են: Գիտենք, որ հոգեւոր ճանապարհն առավել է, քան մնացյալը»,- հայտնեց Հովհաննես սարկավագը:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
09.07.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031