Լրահոս
Օրվա լրահոսը

«Մենք անխտիր բոլորի համար նվազեցնում ենք տուգանքի չափերը»

Հուլիս 10,2014 14:13

Վարչական զանցանքների, հատկապես ճանապարհային երթեւեկության կանոնների խախտման համար տուգանքների չափերը հանրության շրջանում աննախադեպ դժգոհություն են առաջացրել: Պարզաբանումներ ստանալու ակնկալիքով «Առավոտը» դիմեց ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի սահմանադրական իրավունքի ամբիոնի վարիչ, «Սահմանադրական իրավունքի կենտրոնի» խորհրդի նախագահ, իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր Գեւորգ Դանիելյանին:

-ՃԵԿ-ի խախտման համար վարչական տուգանքների չափերը վերանայելու անհրաժեշտությունն ընդունվեց նաեւ նոր կառավարությունում: Այդ չափերը նվազեցնելուն ուղղված օրինագիծ շրջանառության մեջ դրվեց: Սակայն այս նախաձեռնությունը եւս քննադատության թիրախ է դարձել: Ինչպիսի՞ն է Ձեր դիրքորոշումն այս առնչությամբ:

-Ներկայիս իրավական համակարգի եւ իրավական մշակույթի համատեքստում, բնականաբար, այդ նախաձեռնությունը կարող է իրավիճակային կտրվածքով հիմնավորված համարվել. խնդիրն այն է, որ տուգանքի չափերը հայրենական իրավական համակարգում միասնական են բոլոր անձանց համար, այն տարբերակված չէ՝ ըստ վերջիններիս գույքային դրության:

Եթե մենք ունենայինք այլ տրամաբանությամբ իրավական համակարգ, ապա տուգանքների չափերը նվազեցնելն առնվազն իրավաչափ չէր համարվի, այն ոչ միայն կհանգեցներ բյուջետային մուտքերի անհարկի կրճատմանը, այլեւ ակնհայտ կնվազեցներ կանխարգելիչ գործոնը: Իսկ իրավական համակարգը, քննարկվող ասպեկտով, կարող է կատարյալ համարվել, եթե առնվազն ներդրվի տուգանքների չափերը կոնկրետ անձանց գույքային դրության հետ փոխկապակցելու սկզբունքը: Արեւմտյան Եվրոպայում վաղուց արդեն այդ բնույթի տուգանքները միատեսակ չեն. միեւնույն իրավախախտման համար առավել մեծ եկամուտներ ունեցողները վճարում են նույնչափ բարձր չափի տուգանք: Ընդ որում, այս մոտեցումը բնավ չի դիտարկվում որպես օրենքի առջեւ բոլորի հավասարության սկզբունքի խախտում, քանզի իրավահավասարությունը չի կարող մեկնաբանվել՝ որպես մաթեմատիկական ճշգրտությամբ նույն քանակի իրավունքների առկայություն:
Իսկ այդ համակարգն անարգել գործի դնելու համար հարկ է ներդնել յուրաքանչյուր անձի եկամուտների ու ծախսերի հայտարարագրման ինստիտուտ, ընդ որում՝ բուն հայտարարագրման ընթացակարգը, այդ թվում՝ լրացման կարգն այնքան պարզ պետք է լինի, որ չհարուցի կիրառման անհարկի բարդություններ:

Հակառակ դեպքում ի՞նչ է ստացվում. մենք անխտիր բոլորի համար նվազեցնում ենք տուգանքի չափերը, լավ հասկանալով, որ չարամիտ ու իրենց համար աննշան չափի տուգանք վճարելու խնդիր չունեցող խախտողներն էլ ավելի են լարելու իրենց վառ երեւակայությունը՝ անմիտ մեծ արագությամբ աննախադեպ վտանգավոր խախտումներ կատարելու ողղությամբ:

Հաճախ է որպես հակափաստարկ բերվում այն կարծեցյալ ու թյուր հիմնավորումը, թե իբր ոմանց համար ակնհայտ ցածր տուգանքի չափերը վերջիններիս կվերածեն չարամիտ իրավախախտների: Նկատենք, որ այդպիսի անձանց համար եւս կարող են նախատեսվել միանգամայն զսպիչ լծակներ, օրինակ՝ կզրկվեն վարորդական իրավունքից, կտրուկ կբարձրանա ապահովագրության գումարը, կավելացվեն ռեցիդիվ խախտումների համար տուգանքների չափերը եւ այլն:

aragachap

-Մեր օրենսդրությունը տուգանքի չափերը չի՞ փոխկապակցում մարդկանց եկամուտների հետ:

-Ինչպես քրեական, այնպես էլ վարչական օրենսդրությունը պարտավորեցնում է տուգանք նշանակելիս հաշվի առնել գույքային դրությունը, սակայն շատ դեպքերում դրանք դեկլարատիվ բնույթ ունեն. նախ, ինչպես արդեն նկատեցի, բացակայում է մարդկանց գույքային դրությունը հստակ պարզելու համակարգ, բացի այդ, վարչական տուգանքները մեծամասամբ ամրագրված են կոնկրետ կայուն չափով, ինչը բացառում է տարբերակված մոտեցում: Այսինքն, վարույթ իրականացնող իրավասու մարմիններն ի սկզբանե զրկված են ողջամտորեն գույքային դրությանը համարժեք տուգանք նշանակելու իրավական հնարավորությունից: Մարդկանց գույքային դրության առնչությամբ հայտարարագրերի բացակայությունը նաեւ դատավորների համար է առաջացնում անհարկի, արդարադատության որեւէ աղերս չունեցող ծանրաբեռնվածություն. հաճախ դատավորը պարտավոր է՝ դատական ծախսերին առնչվող այս կամ այն դատավարական որոշումը կայացնելիս անձամբ պարզել կողմի գույքային դրությունը, թե ինչպե՞ս՝ դա արդեն թողնված է դատավորի հայեցողությանը: Հայտարարագրերի առկայությունն ինքնըստինքյան կլուծեր այդ եւ նմանաբնույթ բազմաթիվ այլ խնդիրներ: Ընդ որում, հայտարարագրեր ներկայացնելուց կազատվեն միայն աղքատության շեմից ցածր եկամուտ ունեցողները, որը եւս նրանց գույքային դրությունը պարզելու կանխատեսելի միջոց կլիներ, այսինքն՝ հայտարարագրի բացակայությունը կվկայեր անվճարունակության մասին:

-Պարոն Դանիելյան, հաճախ հնչում է այն մասին, որ տուգանքի բարձր չափերը կհանգեցնեն ճանապարհային վթարների նվազմանը: Կարո՞ղ ենք փաստել, որ գոնե այս տեսանկյունից տուգանքի ներկայիս համակարգը դրական ազդեցություն ունի:

-Մենք արդեն անմիջականորեն անդրադարձանք այդ խնդրին: Մեր իրավական համակարգում տուգանքի չափերը չեն կարող ապրիորի խիստ կամ մեղմ գնահատվել՝ ընդհանրապես. դրանք մեղմ, անգամ չնչին այն անձանց համար, որոնք անհամեմատ մեծ չափերի եկամուտ ունեն, իսկ ոմանց համար դրանք գրեթե անիրատեսական են: Բացի այդ, իրավագիտության աքսիոմատիկ դրույթներից է այն, որ իրավախախտումները կանխարգելվում են ոչ թե սանկցիաների խստության, այլ պատասխանատվության անխուսափելիության հենքով: Իսկ պատասխանատվության միջոցները կարող են կատարյալ համարվել ու լիարժեք ծառայել իրենց նպատակին միայն մի դեպքում՝ երբ ճշգրտորեն համաչափ են տվյալ իրավախախտման վտանգավորության աստիճանին եւ համամասնորեն ու առավելագույնս համապատասխանեցված են կոնկրետ իրավախախտի անձը բնութագրող տվյալների եւ գույքային դրության հետ:

-Եթե անհրաժեշտ միջոցների բացակայության հիմքով հնարավոր չի լինի վճարել տուգանքը, ինչպիսի՞ն պետք է լինի պատասխանատվությունը, կարո՞ղ է իրավախախտը ենթարկվել այլ տեսակի պատասխանատվության:

-Եթե տուգանքների չափերը կարողանայինք համապատասխանեցնել մարդկանց գույքային դրության հետ, ապա Ձեր հարցադրումը չէր էլ ծագի: Իրավախախտը լրացուցիչ պատասխանատվության կարող է ենթարկվել ոչ թե գումարների բացակայության հիմքով տուգանք չվճարելու, այլ խուսափելու համար: Որոշ երկրներում տուգանքը չվճարելու համար անգամ ազատազրկում է նախատեսված, սակայն դարձյալ ցանկանում եմ շեշտել, տուգանքը վճարելուց խուսափելու համար, այսինքն՝ երբ տվյալ անձը միանշանակ միջոցներ ունի, սակայն այս կամ այն եղանակով խուսափում է վճարումներ կատարել:

-Պարոն Դանիելյան, իրավաչա՞փ եք համարում այն, երբ առանց դատարանի որոշման, տուգանքը հարկադիր կարգով գանձելու եղանակով անձը զրկվում է իր գույքի նկատմամբ սեփականության իրավունքից:

-Կարծում եմ, մեծ հաշվով, վարչական վարույթի եւ դատավարության կանոնները պարզեցնելու նախաձեռնությունն ինքնին ողջունելի է, դա բխում է նաեւ մարդկանց օրինական շահերից, սակայն այդպիսի քայլերը հարկ է իրականացնել Սահմանադրության հիմնադրույթների ու իրավունքի համընդհանուր սկզբունքների ողջամիտ պահպանմամբ: Մասնավորապես, այդ ինստիտուտը խոցելի չէր լինի, եթե հստակ ու կանխատեսելի գործեր պատշաճ ծանուցման համակարգը, մինչդեռ՝ ծանուցում չստանալու մասին համատարած դժգոհությունների, ինչպես նաեւ ծանուցագրերը հանձնված համարելու մասին օրենսդրության ոչ իրատեսական կանոնակարգումների համատեքստում, կարծում եմ, պատշած ծանուցման ինստիտուտը դեռեւս չի կայացել: Բացի այդ, վարչական վարույթի որոշակի փուլում իր խախտված իրավունքները դատական կարգով վիճարկելու իրավունքը սահմանափակելը եւս խիստ վիճահարույց է: Հաճախ, այդ սահմանափակումը մեկնաբանվում է հնարավոր չարաշահումները կանխելու նկատառումով, սակայն ակնհայտ անհիմն հայցեր հարուցելուն կհակազդեր ողջամիտ դատական ծախսեր կրելու պարտականությունը եւ այլն: Հավելենք, որ այս կամ այն վարչական ակտին սահմանված կարգով չարձագանքելը, այն չվիճարկելն ինքնին չի կարող գնահատվել իբրեւ տուգանք վճարելու լռելյայն համաձայնություն՝ անգամ պատշաճ ծանուցման պարագայում:
Ամփոփելով, կարծում եմ, հարկ է առանձնացնել հետեւյալ եզրահանգումները՝ ա) նպատակահարմար է տուգանքների չափերը փոխկապակցել իրավախախտի գույքային դրության հետ, այսինքն՝ հետեւողականորեն կիրառել անձի գույքային դրությունը հաշվի առնելու առնչությամբ արդեն իսկ օրենսդրությամբ ամրագրված դրույթը, բ) կանխատեսելի ու իրավաչափ դարձնել պատշած ծանուցման ինստիտուտը, գ) պարզեցնել, մատչելի դարձնել վարչական ակտերը բողոքարկելու ընթացակարգերը՝ կիրառելով էլեկտրոնային կառավարման համակարգի արդի բաղադրիչները եւ այլն:

Հարցազրույցը`
ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆԻ

«Առավոտ» օրաթերթ
09.07.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031