Լրահոս
Օրվա լրահոսը

Մի էլեկտրիկի խոստովանություն

Հուլիս 10,2014 14:20

«Բա գիտեք՝ ինչ «մաղարիչ են» ուզում ցանցերում էլեկտրիկ ընդունելու համար, հո ամեն էլեկտրիկի չե՞ն ընդունում գործի»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց «Հայաստանի էլեկտրական ցանցերում» աշխատող մի էլեկտրիկ, որը որոշ բացահայտումներ արեց ցանցերի ներքին խոհանոցից: Հասկանալի պատճառներով՝ չենք նշում նրա անունը եւ թե որ համայնքում է աշխատում: Այս էլեկտրիկի պատմելով՝ նրանք շատ հաճախ գործարքի են գնում օբյեկտատերերի հետ, հաճախ նաեւ շարքային սպառողների հետ, բայց այդ սպառողներն էլ նրանց ծանոթ կամ բարեկամ են լինում: Իսկ գործարքի պայմանավորվածությունը հետեւյալն է՝ էլեկտրիկները որոշակի գումարի դիմաց գործարքի գնացածների սպառած էլեկտրաէներգիայի քիչ մասն են գրում, իսկ «մաղարիչի» չափը կախված է, թե ինչ ծավալի էներգիա է սպառում տվյալ օբյեկտը կամ ընտանիքը: Բայց որպեսզի համայնքում սպառած էլեկտրաէներգիայի եւ վճարված գումարների միջեւ տարբերություն չլինի, էլեկտրիկները այլ՝ «խեղճուկրակ», միամիտ ու անճար բաժանորդների հաշվին են ավելի գումարներ գրում: Չնայած մենք դեռ չենք հանդիպել, որ, ասենք, ահռելի ծավալների էլեկտրաէներգիայի գողության կամ «լեւի» գործարքի գնալու համար որեւէ էլեկտրիկ կամ բաժանորդ պատասխանատվության ենթարկվի, փոխարենը լրատվամիջոցներում բազմիցս հանդիպել ենք քաղաքացիների դժգոհությունների, որ չսպառած էլեկտրաէներգիայի համար էլեկտրիկները մեծ գումարներ են «նկարել», եղել են դեպքեր, երբ ամբողջ ընտանիքը հանրապետությունից ամիսներով բացակայել է, իսկ վերադառնալուց նկատել են, որ հաշվիչը հսկայական ծավալի սպառած հոսանքի թիվ է ֆիքսել: Այս խնդրի առնչությամբ էլ մեր աղբյուրն ասաց. «Դե, ձեւեր կան, էլի, հո ամեն ինչ չեմ կարա բացատրեմ»:

Երբ «Հայաստանի էլեկտրական ցանցերը» (ՀԷՑ) հայտ էր ներկայացրել էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման համար, ի թիվս մի շարք հիմնավորումների՝ նաեւ նշել էր, թե կորուստների թույլատրելի 12.4% շեմը գերազանցել է:
Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանն «Առավոտի» հետ զրույցում ՀԷՑ այս հիմնավորումը կասկածի տակ առավ. պարոն Մակարյանը վստահ է, որ ՀՀ դատախազությունը լուրջ անելիք ունի այս ընկերությունում:
Եթե էլեկտրիկները փորձում են բալանսի բերել, այսինքն՝ սպառած էլեկտրաէներգիան ու հավաքագրած գումարները համարժեք դարձնել այլ բաժանորդների հաշվին, ապա տրամաբանորեն պետք է որ շարքային սպառող-ցանցեր ոլորտում կորուստներ չլինեն, սական մեզ հետ զրուցած էլեկտրիկը վստահեցրեց՝ որքան էլ փորձում են այդ պակասը լրացնել, միշտ չէ, որ հաջողվում է այդ բացը փակել. «Մարդիկ էլ առաջվանը չեն, առավոտ-իրիկուն հաշվիչին հետեւում են, բողոքներ են գրում, նենց ա, որ ամսվա վերջ ոնց էլ լինի, պակասորդ տալիս ենք: Բայց հո ինքնագլուխ չենք անում էդ ամեն ինչը, վերեւներում սաղ էլ կուրսի են»:

«Այո, «Հայէլցանցերում» էլ ատկատներ կան, եւ ո՞վ ասաց, որ այդ գումարներն էլեկտրիկները միայն իրենց գրպանն են դնում: Բացի այդ, մենք գիտենք, որ ենթակայանների պետերը 3-3.5 միլիոն դրամ աշխատավարձ են ստանում, հասարակ էլեկտրիկներն ու բանվորները՝ մոտ 100-120 հազար դրամ»,- մեզ հետ զրույցում նկատեց պարոն Մակարյանը: Նրա ներկայացմամբ՝ հանրային ծառայություններ ներկայացվող կորուստների մասին հիմնավորումները նույն ձեռագրով են աշխատել գազի, ջրի, հոսանքի թանկացումների դեպքում. «Ոչ մի բանով չեն տարբերվում, բոլորը հսկայական կորուստներ ու վնասներ են ցույց տալիս, բոլորը չգիտես ինչեր են խոսում ամբարների, խողովակների, լարերի մասին կամ՝ ինչ-որ անորոշ գողացողների, բայց, օրինակ, երբ անցյալ տարի «ՀայՌուսգազարդը» կորուստները ցույց էր տալիս իր ամբարների մեջ, փաթեթը նայելիս տեսանք, որ ամբարների մակերեսն արհեստական, դիտավորյալ մեծացրել են դեռեւս տարիներ առաջ, որպեսզի կորուստներն ավելի մեծ ցույց տան, բայց այդ համակարգում կորուստ չկա: Նույն ձեռագրով ՀԷՑ-ն է աշխատում: Այստեղ շատ գործեր կան, որ դատախազությունը, հարկայինը, ֆինանսների նախարարությունը պետք է ուսումնասիրեն»:

Նշենք, որ ՀԷՑ-ը վարկեր է վերցրել, ներդրումներ պետք է կատարեր, ոլորտն արդիականացներ, սակայն մինչ օրս սպառողները անորակ էլեկտրաէներգիա են ստանում, շատ կայաններում սարքավորումներն են հին, բազմաթիվ տեղերում լարերն են մաշված, հաճախ հոսանքի տատանումներ են լինում: Բացի այդ, ՀԷՑ-ը ուր որ է՝ պետք է սնանկանար, համենայնդպես՝ 2012 թվականի ֆինանսական հաշվետվությամբ: «Ernst and Young» աուդիտորական կազմակերպության տվյալներով՝ ՀԷՑ-ի ընթացիկ պարտավորությունները գերազանցել են ընթացիկ ակտիվները 17,67 մլրդ դրամով: Երբ շուկայական ակտիվները եւ պարտավորությունները մոտենում են իրար, եւ այդ պարտավորություններն ավելի են մեծանում, նման դեպքում, ինչպես մեզ հետ զրույցում ասաց ԱԺ ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանը, աշխարհում նորմալ տնտեսությունում այդպիսի խնդիրներ ունեցող ընկերությունն արդեն սնանկ կհամարվեր. «Բայց աշխարհում ո՞վ է տեսել բնական մենաշնորհը, ՀԷՑ-ը Հայաստանում բնական մենաշնորհ է, այսպիսի վնասներ կրի ու գնա սնանկացման»:

Իր վնասները ՀԷՑ-ը հիմնավորել է, որ թանկ էլեկտրաէներգիա է գնել արտադրողներից, իսկ սպառողներին էժան՝ ֆիքսված սակագնով վաճառել, իսկ վերցրած վարկերն էլ ուղղել այդ վնասները փակելուն: Միքայել Մելքումյանի ներկայացմամբ՝ ՀԷՑ-ի ֆինանսական ճեղքվածքը 2 տարվա պատմություն ունի. «Դեռ 2 տարի առաջ հանձնաժողովն ասել է՝ սա ժամանակավոր երեւույթ է, այսինքն՝ արտադրող ընկերություններից գնած թանկ էլեկտրաէներգիայի եւ սպառողներին մատուցած էժանի տարբերությունները իբր շուտով կկարգավորվեն, ՀԷՑ-ն էլ գնացել վարկեր է վերցրել, որպեսզի փրկի իր վիճակը: Բայց այդ վարկերն էլ չեն փրկել, ու այդ բեռը վերցնելով՝ վնասներ է կրել»: Ստացվում է, որ ՀԷՑ-ի վնասների ու էլեկտրաէներգիայի թանկացման մեղավորը կառավարությունն է:
Պարոն Մելքումյանի խոսքերով՝ ՀԷՑ-ը, որպեսզի գոնե նվազագույն շահույթով աշխատի, պետք է արտադրողներից միջին կշռված գնագոյացման պայմաններում ստանա էլեկտրաէներգիա. «Ասենք՝ ՀԷԿ-երից որոշակի գումարով, ատոմակայանից՝ որոշակի, ՋԷԿ-երից այսինչ գումարով, բայց այդ հավասարակշռությունը խախտվել է: Մեզ մոտ այս վիճակը չէր լինի, եթե ոլորտում հայեցակարգ լիներ: Բա որ ասում էինք էկոնոմիկայի, էներգետիկայի նախարարներին՝ բերեք ծրագիր, թե՝ 5 կամ 7 տարում այլընտրանքային էներգետիկան ինչպես է զարգանալու, մեր ճակատագիրը դրանից է կախված: Նույնը էներգախնայողության ոլորտի համար է պետք: Այս համակարգում կարգ ու կանոն չկա, ծրագրային մոտեցում չկա»:

ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
09.07.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031