Լրահոս
Օրվա լրահոսը

Հաջորդը ՀԱ՞Կ-ն է, թե՞ ՀՅԴ-ն

Հուլիս 10,2014 14:30

Ռոբերտ Քոչարյան-քառյակ համագործակցությունը «միս ու արյուն» է ստանում

Երեկ մամուլի ասուլիսում «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը չի բացառել քառյակի եւ Ռոբերտ Քոչարյանի համագործակցությունը: «Ժառանգությունը» խորհրդարանական քառյակի՝ ԲՀԿ, ՀԱԿ, ՀՅԴ եւ «Ժառանգություն», ուժերից երկրորդն է, որը հրապարակային հայտարարում է Ռոբերտ Քոչարյանի եւ քառյակի հնարավոր համագործակցության մասին: Առաջինը դա արեց ԲՀԿ-ն: ԲՀԿ խորհրդարանական խմբակցության պատգամավոր Ստեփան Մարգարյանը Ռոբերտ Քոչարյանի վերջին հարցազրույցից հետո, որում նա մտահոգություններ էր արտահայտել «Որոտան» ՀԷԿ-երի կասկադի վաճառքի ձեւի, Հայաստանում կոռուպցիայի առկայության մասին եւ այլն, դրական գնահատելով երկրորդ նախագահի մտահոգությունները՝ չէր բացառել քառյակ-Ռոբերտ Քոչարյան համագործակցությունը:

Երեկ «Առավոտը» քառյակի մյուս ուժերից՝ ՀԱԿ-ից եւ ՀՅԴ-ից փորձեց ճշտել՝ Ռոբերտ Քոչարյանի հետ համագործակցության հնարավորության մասին հայտարարության հերթը ո՞ր ուժինն է: ՀԱԿ գործիչների համար վերջին շրջանում, ինչպես հայտնի է, Ռոբերտ Քոչարյան անունով քաղաքական գործիչ «գոյություն չունի»: ՀՅԴ-ում եւս չցանկացան խոսել Ռոբերտ Քոչարյանի թեմայով:

«Քաղաքական եւ միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնի» ղեկավար Ռուբեն Մեհրաբյանն էլ հարցը «սպորտային հետաքրքրություն» որակելով՝ ասաց, որ, այնուամենայնիվ, մենք գործ ունենք շատ որոշակի քաղաքական իրողությունների հետ: «Մասնավորաբար, հանձինս քառյակի եւ գործող իշխանության՝ մենք ունենք քաղաքական խմբեր, որոնք հանրության շահերի հետ որեւէ կապ չունեն, այլ փորձում են հանրային ինչ-ինչ բողոքների, հանրային դիսկուրսի մեջ տեղավորվել եւ իրենց կենսունակությունը դրանով սնուցել: Ոչ իշխանությունը, ոչ քառյակը կապ չունեն Հայաստանի Հանրապետության պետական շահերի հետ, եւ դրա համար էլ ցանկացած անսկզբունք դաշինքներ կամ զավեշտալի «չեմ բացառում»-ներ կարող ենք ունենալ. ունեցել ենք, ունենք եւ դեռ կունենանք: Իսկ թե մեկը մի շաբաթ առաջ կամ հետո կհայտարարի դրա մասին՝ արդեն էական չի: Դրանից երեւույթի էությունը չի փոխվում, իրողությունները չեն փոխվում»,- ասաց մեր զրուցակիցը:

Ռուբեն Մեհրաբյանն իր զարմանքն արտահայտեց. «Ես չգիտեմ՝ ի՞նչ է նշանակում քառյակ: Մենք գործ ունենք վեցյակ ուժի հետ, որը բազմել է խորհրդարանում եւ, փաստորեն, հանդիսանում է այս կոռումպացված օլիգարխիկ համակարգի ցեմենտող շերտը, որը լուծում է սեփական գոյության պահպանման հարցը»:

Ն. ԳՐԻԳՈՐՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
09.07.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031