Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Ես եղել եմ ամենասուր ընդդիմադիրը Հայաստանի երեք նախագահների, հատկապես՝ երկրորդի»

Հուլիս 10,2014 14:50

«Ժառանգության» առաջնորդը գտնում է, որ Քոչարյանի
եւ քառյակի համագործակցության հարցը շեղող է եւ կեղծ

«Ժառանգության» նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանից «Առավոտը» հետաքրքրվեց՝ համաձա՞յն է Զարուհի Փոստանջյանի այն տեսակետի հետ, որ Ռոբերտ Քոչարյանը «Հայաստանի թիվ 1 օլիգարխն ու հանցագործն» է, որի հետ համագործակցությունը անթույլատրելի է, հնարավոր չէ:

Հիշեցնենք, որ «Ժառանգության» համագումարից հետո լրագրողների հետ զրույցում այդպիսի կարծիք էր հայտնել Զարուհի Փոստանջյանը՝ բացառելով քառյակի եւ Ռոբերտ Քոչարյանի համագործակցությունը:

Րաֆֆի Հովհաննիսյանի խոսքերով՝ Ռոբերտ Քոչարյանի հետ համագործակցությունը հարց է, որն այսօր գոյություն չունի. «Ես եղել եմ ամենասուր ընդդիմադիրը Հայաստանի երեք նախագահների, հատկապես՝ երկրորդի: Դրա համար թող ոչ մեկը չմրցակցի իմ քննադատական մոտեցումների կամ իմ դիրքորոշումների, համամարդկային արժեքների հարցում: Ես կարծում եմ, որ կան բաց մնացած խնդիրներ՝ նախագահական բոլոր շրջաններից: Կոնկրետ երկրորդ նախագահի շրջանից կա թե՛ Հոկտեմբերի 27, թե՛ Մարտի 1: Եվ կարծում եմ, որ այդ հարցերը կարելի է քննարկել եւ լուծել նոր իշխանության օրոք: Ես որեւէ հույս չեմ փայփայի: Եվ դրա համար կարծում եմ, որ սա շեղող, կեղծ հարց է, որը շրջանառության մեջ է մտնում: Ես այդ խաղի մեջ չկամ: Ժամը կգա, ամեն ինչը կպարզվի»:
Մենք նաեւ հետաքրքրվեցինք՝ Դուք անընդհատ ժամկետներ եք նշում եւ խոստումներ տալիս կոնկրետ օրով, ժամով: Օրինակ՝ 2013-ի օգոստոսի 23-ի հանրահավաքում ասել էիք, որ 1 ամիս հետո՝ սեպտեմբերի 23-ին, Հայաստանում վիճակ է փոխվելու, նոր վիճակ է լինելու, բայց ոչինչ չեղավ: Հիմա էլ քառյակն ասում է՝ սպասենք աշնանը: Այս ժամկետներն ավելի չե՞ն հիասթափեցնում ժողովրդին:

Րաֆֆի Հովհաննիսյանը պատասխանեց. «Ես շարքային քաղաքացի եմ, պարզ մարդ եմ, մարգարե չեմ: Ես շատ բան եմ ուզում մեր երկրի համար: Հայ ժողովրդի գերակշիռ մեծամասնությունը ինձ հետ համաձայն է, որ այդ արմատական փոփոխություններն անհրաժեշտ են: Ես կողմնակից եմ ավելի շուտ աշխատող ժամացույցի, բայց հասկանում եմ, որ առարկայական վիճակն այն է, որ պետք է ուժերի համատեղում: Ամեն ինչ անում ենք, որ այդ ուժերի համատեղումը տեղի ունենա, որ ամեն մեկը դուրս գա միակը լինելու մեծամտությունից եւ համատեղ աշխատի: Դրա համար ես ասում եմ՝ պետք չէ սպասել աշնանը, պետք է ամռանը գործել»:

ՀՌԻՓՍԻՄԵ ՋԵԲԵՋՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
09.07.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. david says:

    Երրորդը հույսիդ կամուրջն է?Որտեղ երկրորդն այնտեղ էլ երրորդը:Ամեոբան կիսվելով բազմացավ:

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031