Լրահոս
Օրվա լրահոսը

«Չեմ էլ ուզում պատկերացնել, թե ինչ կլինի, եթե աշնանը համագործակցությունը չստացվի»

Հուլիս 10,2014 14:58

Հարցազրույց «Ժառանգություն»
կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանի հետ

– Պարոն Մարտիրոսյան, չեն դադարում խոսակցությունները «Ժառանգության» ներսում առկա խնդիրների, խլրտումների մասին, որն, իբրեւ թե, կապված է Զարուհի Փոստանջյանի վերադարձի հետ: Իսկապե՞ն նման խնդիրներ կան կուսակցության ներսում:

– Դրանք դեզինֆորմացիաներ են, որոնք սկսվեցին «Ժառանգություն» կուսակցության համագումարին նախորդող ժամանակահատվածից եւ մինչեւ հիմա էլ տարբեր ձեւերով շարունակվում են: Ըստ երեւույթին, իշխանությունները փորձում էին ինչ-ինչ գործընթացներ սկսել կուսակցության ներսում մինչեւ համագումարը, ապա՝ դրանից հետո, եւ երբ որ չստացվեց, ստիպված անցան բացարձակ ապատեղեկատվություն տարածելուն՝ տարբեր լրատվական խողովակներով: Վստահեցնում եմ ձեզ, որ կուսակցության ներսում ոչ մի խնդիր չկա, ոչ մի վիճաբանություն, տարաձայնություն, անգամ կարծիքների բախում չկա, կուսակցությունից որեւէ մեկը դուրս չի եկել, սովորական քննարկումներ են ընթանում՝ առանց որեւէ հակասությունների: Իսկ այն իրավիճակը, որ անընդհատ փորձում են ներկայացնել, բացարձակապես որեւէ կապ չունի իրականության հետ:

– Ասում են նաեւ, որ ինչ-ինչ խնդիրներ են առաջացել խորհրդարանում ձեր խմբակցությունը ղեկավարելու հետ կապված: Կա՞ նման պրոբլեմ: (Հիշեցնենք, որ մինչեւ ԱՄՆ մեկնելը «Ժառանգություն» խմբակցության ղեկավարը Զարուհի Փոստանջյանն էր, որին հետո փոխարինեց Ռուբիկ Հակոբյանը):

– Բացարձակապես: Նման հարց չի էլ բարձրացվել, որեւէ, նույնիսկ միջանձնային հարաբերություններում այդ հարցը չի քննարկվել:

– Այսինքն՝ մնալու է Ռուբիկ Հակոբյա՞նը:

– Այո:

– Ներկուսակցական խնդիրներից անցնենք ներքաղաքականին: Ինչպե՞ս է «Ժառանգությունը» տեսնում իր դերը քառյակի մեջ, որի գործունեության վերաբերյալ պարբերաբար հոռետեսական կարծիքներ են հնչում, օրինակ՝ որ ժողովրդի հիասթափությունը՝ մի կողմից, ընդդիմության ռեսուրսների բացակայությունը՝ մյուս կողմից, թույլ չեն տա, որ անգամ այս պայմաններում, երբ հսկայական դժգոհություն կա կուտակված՝ իշխանություններից, սոցիալ-տնտեսական պայմաններից, քառյակը որեւէ արդյունքի հասնի:

– Ասեմ, որ խորհրդարանական այս կարգի համագործակցությունը աննախադեպ է մեր նորանկախ պատմության ընթացքում: Նման համագործակցություն դեռեւս երբեք այսքան տարիների ընթացքում չի եղել, որ մի քանի ուժ այսքան սերտորեն համագործակցեն: Նման համագործակցությունը շատ դրական է, եւ մենք ողջունում ենք այն: Բայց նաեւ կարծում ենք, որ այդ համագործակցության ձեւաչափը պետք է փոխվի, պետք է դուրս գա խորհրդարանի պատերից, դառնա արտախորհրդարանական ուժերի, քաղաքացիական հասարակության, տարբեր կազմակերպությունների միավորման հարթակ, եւ բոլորը միասին մեկ հարթակում կանգնելով՝ իրականացնեն ժողովրդի առաջ քաշած պահանջները: Արդյոք խորհրդարանական այս չորս ուժերն ունե՞ն ժողովրդի կողմից տրված այդ վստահության քվեն, որ ինչ-որ բան անեն… դրա ապացույցի լավագույն մեթոդը այդ չորս ուժերի միասնական հանրահավաք հրավիրելն է ինչ-որ օրակարգով, եւ տեսնենք՝ ինչպես կարձագանքի մեր ժողովուրդը այդ օրակարգին: Ես համոզված եմ, որ այդ չորս ուժերը, եթե, առավել եւս, համագործակցեն քաղաքացիական հասարակության հետ, միասնական լինեն, համերաշխ լինեն, ապա այդ համախմբումը հաջողության կբերի: Որովհետեւ իշխանությունը միանշանակորեն մերժված է բոլորի կողմից: Եթե նախկինում ես երբեմն-երբեմն լսում էի ինչ-որ դրական կարծիք իշխանության կամ դրա առանձին ներկայացուցիչների մասին, ապա այժմ ընդհանրապես որեւէ դրական կարծիք չեմ լսում:

– Քառյակի հետ կապված՝ անընդհատ շեշտվում է Ռոբերտ Քոչարյանի անունը: Ընդ որում, քառյակի ուժերից մեկը՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը կարծես թե չի էլ մերժում Քոչարյանի հավանական դերակատարությունը: Որքանո՞վ ՀԱԿ-ն ու «Ժառանգությունը» պատրաստ կլինեն նման համագործակցության:

– Ասեմ, որ դա բացարձակապես արհեստական հարցադրում է, որովհետեւ խորհրդարանական չորս ընդդիմադիր ուժերը ոչ թե անձերի հետ կապված են համագործակցում, նույնիսկ մեր կուսակցական ղեկավարների հետ կապված հարց չի քննարկվում, այլ բացառապես այն խնդիրների շուրջ, որոնք քաղաքական-տնտեսական օրակարգի մաս են կազմում: Ռ. Քոչարյանի հետ կապված՝ մեր գործընկերն ընդամենը ողջունել է այն փաստը, որ Քոչարյանը նույն գնահատականն է տվել մեր 12 կետերից մի քանիսին, ինչ չորս ուժերը: Հիմա այդ կետերի շուրջ Հայաստանի բոլոր քաղաքացիներն էլ նույնակարծիք են, Հայաստանի բոլոր քաղաքական ուժերին եթե հարցնեք 100% համամասնական ընտրակարգի, ընտրացուցակների հրապարակման հետ կապված՝ համակարծիք կլինեն: Այնպես որ՝ եթե այդ նույն հարցի շուրջ Քոչարյանն էլ է համակարծիք, դրանից պետք չէ տեսություններ հորինել, որ քառյակի թիկունքում Քոչարյանն է: Նման բան չկա եւ չի կարող լինել: Որոշ «վայ-փորձագետներ» էլ այնքան առաջ են գնացել, որ ասել են, թե այդ 12 կետերը Ռոբերտ Քոչարյանի գրասենյակում են գրվել: Եվ դա այն դեպքում, որ այդ կետերից գոնե մեկը, հազար ներողություն, անմիջապես ես եմ ասել:

– Ո՞րը:

– Չեմ ասի՝ որը, էական չի: Ոչ մեկին չի հետաքրքրում, որ 6-8 ժամ խորհրդակցություն, քննարկում, կռիվ է գնացել, թե որ կետերն է պետք ներառել եւ ինչ ձեւակերպմամբ: Բայց դա է իրականությունը, իսկ հիմա իշխանությունները արհեստական ձեւով փորձում են Քոչարյանին կպցնել, որովհետեւ ԱԺ արտահերթ նիստերի ժամանակ տեսան, որ խորհրդարանում արդեն ճգնաժամ է հասունացել, շատ դժվար է քվորում ապահովելը, ուստի փորձում են չորս ուժերի համագործակցությունը ստվերել Քոչարյանով: Կարծում եմ՝ Քոչարյանի այն խոսքերը, թե 2007թ. ՀՀԿ խմբակցության ցուցակը անուն առ անուն իր համաձայնեցմամբ է գրվել, ցույց է տալիս, որ Քոչարյանի ստվերը ավելի հավանական տեղ կա փնտրելու, քան չորս ուժերի համագործակցության մեջ, առավել եւս, որ մենք համագործակցում ենք երկիրն այն վիճակից հանելու համար, որում հայտնվել է նաեւ Քոչարյանի պատճառով:

– Մի քննադատություն էլ է հնչում քառյակի հասցեին՝ թե ինչո՞ւ եք անընդհատ հետաձգում ձեր «հուժկու» հանրահավաքը, ասում են՝ քառյակն ամառային արձակուրդի է մեկնում: Մի՞թե քաղաքականության մեջ կարելի է արձակուրդի գնալ:

– Իհարկե, կարելի է այդպես մեկնաբանել, որ մենք արձակուրդ ենք գնացել, բայց նկատենք, որ իշխանությունները մեզ արձակուրդի հնարավորություն չեն ընձեռում՝ իրենց գործողություններով: Համենայնդեպս՝ հրապարակային մեծ միջոցառումների հետ կապված՝ ասեմ, որ ինքս էլ չեմ պատկերացնում, որ այս պահին դա արվեր: Որովհետեւ, օրինակ, հուլիսի 1-ին՝ հոսանքի գնի բարձրացման կապակցությամբ հավաքի ժամանակ, մեծ ակտիվություն չկար: Չգիտեմ՝ շոգն էր պատճառը, թե այլ բան, բայց փաստը մնում է փաստ: Ճիշտ է, մենք կարծում էինք, որ այդ հավաքը պետք է լիներ փետրվար-մարտ ամիսներին, ամենաուշը՝ ապրիլին, բայց եթե չստացվեց, ապա, թերեւս, աշնանն անելն ավելի ճիշտ է:

– Իսկ եթե աշնանն էլ, չնայած ամեն ինչին, չկայանա այդ մեծ համախմբումը…

– Ես նույնիսկ չեմ էլ ուզում պատկերացնել, թե ինչ կլինի, եթե այդ ամենը տեղի չունենա, մենք չկարողանանք ազատվել այս իշխանություններից, հասնել համակարգային փոփոխությունների…

– Բայց գուցե, այնուամենայնիվ, փորձեք պատկերացնել, ի՞նչ քայլերի եք գնալու այդ դեպքում:

– Եթե չկայանա այդ համակարգային փոփոխությունը, ինչի համար մենք պայքարում ենք, մեր երկիրը շատ ու շատ ավելի ծանր վիճակում է հայտնվելու: Ես համոզված եմ, որ Հայաստանում որեւէ մեկը, որեւէ քաղաքական ուժ առանձին ոչինչ չի կարող անել, մեզ պետք է միասնություն՝ համակարգը ջարդելու համար: Համակարգային փոփոխությունների, արմատական իշխանափոխության հասնելու համար լայն կոնսոլիդացիա է պետք: Եթե դա չլինի, խորանալու են սկսված պրոցեսները, եւ Հայաստանը վերջնականապես դառնալու է ռազմաֆեոդալական պետություն, որը որեւէ կապ չունի մեր երկրի մասին մեր բոլորիս պատկերացումների հետ՝ արտաքին առումով՝ վասալային կախվածություն, ներքին առումով՝ դեգրադացված անոմալ իրավիճակ կառավարման համակարգում, սուպերօլիգարխիկ իշխանություն… կառավարությունն է հիմա օլիգարխիկ դարձել, մի փոքր էլ որ խորանա այս վիճակը, պատկերացրեք, թե ինչ կլինի: Կարծում եմ՝ այլ ուղի չկա, քան արտահերթ ընտրությունները, որոնք կբերեն համակարգային փոփոխությունների:

ՄԵԼԱՆՅԱ ԲԱՐՍԵՂՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
09.07.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031