Հուլիսի 16-ին «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի կազմակերպիչները կներկայացնեն չինացի ռեժիսոր, սցենարիստ եւ դերասան Ցզյա Չժանկեին: Ոչ միայն հետ հանդիպում կկայանա, այլեւ ռեժիսորի ֆիլմերի հետահայաց ցուցադրությունների ծրագրի բացումը՝ «Նատյուրմորտ» (մեկ այլ վերնագիրն է՝ Still Life) ֆիլմով: Ցզյա Չժանկեն համարվում է չինական կինոյի «վեցերորդ սերնդի» առանցքային ֆիգուր: Նա այն ռեժիսորներից է, որի ֆիլմերում Չինաստանը համարձակ է ներկայացվում, առանց գունազարդումների:
Ռեժիսորը 1997 թվականին Հոնկոնգի կինոփառատոնի առաջին մրցանակին է արժանացել՝ իր «Սյաոշանը տուն է գնում» կարճամետրաժ ֆիլմի համար, նրա «Քաղաք 24-ը» 2008-ին Կաննի կինոփառատոնի մրցանակակիրն է: Ինչ վերաբերում է «Նատյուրմորտին», 2006 թ. Վենետիկի 63-րդ փառատոնի գլխավոր մրցանակը՝ «Ոսկե առյուծը» նրան է բաժին հասել: Իմիջիայլոց, «Նատյուրմորտը» մրցանակի է արժանացել դեռեւս չավարտված վիճակում, ժյուրիի այս որոշումը ուղղակի անակնկալի էր բերել կինոքննադատներին: Ֆիլմի գլխավոր հերոսը ածխագործ Խան Սանմինն է, որը հենց իր դերն էլ խաղում է: Նա Յանցզի գետի ափին հանդիպում է իր նախկին կնոջը, որին չէր տեսել 16 տարի: Երբեմնի ամուսինները որոշում են կրկին ամուսնանալ:
Մեկ ուրիշ գլխավոր հերոս՝ բուժքույր Շեն Հոնն էլ ամուսնուն է փնտրում, ում հետ կապը կորել է արդեն երկու տարի…
Կարդացեք նաև
Իմիջիայլոց, 2009-ին Տորոնտոյի կինոփառատոնի շրջանակներում անցկացված մասնագետների հարցումների արդյունքում «Նատյուրմորտը» 2000-ականների լավագույն ֆիլմերի տասնյակի երրորդ հորիզոնականում է հայտնվել:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ