Լրահոս
Օրվա լրահոսը

Վարչապետից` որպես ազդեցիկ մարդուց, կարծիք հարցրեցին Հայաստանը լքել-չլքելու մասին. (Տեսանյութ)

Հուլիս 09,2014 20:54

Կառավարության նորանշանակ ղեկավար Հովիկ Աբրահամյանն այսօր եղավ նաև Երևանի տնտեսագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղում, այսինքն` այն բուհում, որտեղ ինքը կառավարման խորհրդի նախագահ է: Այստեղ հետաքրքրիր մի հարցադրում ուղղվեց վարչապետին: Բուհի երիտասարդ դասախոսներից մեկը`Կարեն Պետրոսյանը, Հովիկ Աբրահամյանին դասելով Հայաստանի ազդեցիկ մարդկանց շարքում, նրանից խորհուրդ հարցրեց` արժե՞ հորդորել իր երիտասարդ ընկերներին մնալ Հայաստանում, թե՞ ոչ, այսինքն կա՞ հեռանկար ապրելու մեր երկրում: Ի դեպ, նա պարոն Աբրահամյանից կարծիք հարցրեց ոչ որպես պաշտոնյայի, այլ որպես հասարակ մարդու:

 

Ի պատասխան երիտասարդ դասախոսի հարցադրման` Հովիկ Աբրահամյանը երկարաշունչ ելույթ ունեցավ` ներկայացնելով երկրի զարգացման իր տեսլականը: Նա իր խոսքը սկսեց Շիրակի մարզի կարկտահարված գյուղեր կատարած այցելությունից, որտեղ, ըստ նրա, ընդամենը մի գյուղացի էր շատ բարկացել, այն էլ օբյեկտիվ պատճառներով, բայց երբ սկսել են զրուցել, գյուղացին հրավիրել է իրենց, պատրաստվել գառ մորթել ու հյուրասիրել: Վարչապետի տպավորությամբ, մարդկանց մոտ հավատի, վստահության պակաս կա, քանի որ ինչ-որ չինովնիկներ գնացել, խոստում են տվել, սակայն չեն իրականացրել, այդ պատճառով էլ անջրպետ է առաջացել ժողովրդի և իշխանության միջև:

«Ես, իհարկե, համոզված եմ, որ յուրաքանչյուր հայ իր հայրենիքը սիրում է , բայց նաև պատկերացնում եմ, որ մարդը չունի աշխատանք, ունի սոցիալական խնդիրներ, չի կարողանում իր ընտանիքը պահել և գնում է աշխատանք փնտրելու դրսում :Դա վատ բան է , և մեր`իշխանությունների սուրբ գործն է աշխատանքով ապահովել մեր քաղաքացիներին, բայց պետք է հասկանանք, որ դա կապված է ուղղակի և անուղղակի հարյուրավոր խնդիրների հետ. տարածաշրջանային խնդիրները` Ռուսաստան-Ուկրաինա, Արևմուտք- Ռուսաստան, դրանք բոլորը ուղղակի ազդեցություն ունեն Հայաստանի տնտեսության վրա: Եթե երկրի տնտեսությունը չզարգանա, ներդրումները մնան այս կարգավիճակում, կարելի է ասել, որ հիմա ներդրումներ ընդհանրապես չունենք այս վերջին 2-3 տարիներին, և մեր կառավարության ամբողջ կազմով փորձում ենք ներդրումներ գրավել մեր երկրի, դա է փրկությունը մեր երկրի, փրկություն չարիքից, արտագաղթից»:

Վարչապետն ասաց, որ խնդիրները շատ են և չկա կախարդական փայտիկ, որ խփեն, ամեն ինչ լավացնեն, դրա համար  ժամանակ է պետք: Հովիկ Աբրահամյանը նաև ասաց, որ մնում է հորդորել, խնդրել, աղաչել , որ մարդիկ չհեռանան, քանի որ նոր կառավարությունն ամեն ինչ անելու է խնդիրները լուծելու համար: Նա խոսեց նաև ստվերային տնտեսության դեմ պայքարելու իր պատրաստակամությունից, արդարացավ նաև, թե ինչու են թանկացրել էլեկտրաէներգիան: Խոսեց նաև պարտադիր կենսաթոշակային կուտակային համակարգից, գովերգեց իր կատարած բարեփոխումները ու ձեռքի հետ խայթեց մյուս քաղաքական կուսակցություններին:

Մանրամասները՝ տեսանյութում:

 

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031