Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե մրցույթ է, պիտի մասնակցես հաղթելու համար». Սոնա Ռուբենյան

Հուլիս 09,2014 20:43

«Նոր ալիք» երիտասարդ կատարողների միջազգային մրցույթում Հայաստանն այս տարի ներկայացնող Սոնա Ռուբենյանը լսել է մասնակից մյուս երկրների (16 երկիր) ներկայացուցիչների կատարումները և գտնում է, որ շատ ուժեղ մասնակիցներ կան. «Որևէ մեկին չեմ ուզում առանձնացնել, պարզապես, կասեմ, որ մրցակցությունը թեժ է լինելու, որովհետև բավականին լավ ձայներ, ինչպես նաև հայտնի անուններ կան»,- ասում է Ս. Ռուբենյանը:

Սակայն սա չի ընկճում մեր մասնակցին, և նա խոստանում է ամեն ինչ անել հաղթելու համար. «Ճիշտ է, մրցույթից առաջ և հետո միշտ էլ կարևորվում են մասնակցության շատ տարբեր նախապայմաններ, բայց եթե մրցույթ է, ուրեմն պիտի մասնակցես հաղթելու համար, հետևաբար՝ գերնպատակս լինելու է հաղթանակը»,- ասաց Ս. Ռուբենյանը և ընդգծեց, որ առանձնակի ուրախությամբ է ներկայացնում մեր երկիրը. «Ինձ համար մեծ պատիվ է ներկայացնել Հայաստանը: Նաև շատ պատասխանատու և պարտավորեցնող քայլ է երկիր ներկայացնելը միջազգային այդպիսի մրցույթում: Սա իմ առաջին միջազգային մրցույթն է, և հուսով եմ՝ ամեն ինչ լավ կլինի»,- նշեց երգչուհին:

«Սոնան օր օրի աճում է, հասունություն կա նրա կատարումների մեջ, կարողանում է հուզել, դիպչել մարդկանց սրտերին»,- ասում է երաժշտական պրոդյուսեր Անդրեն:

Նրան դուր են գալիս երգերը, որոնք պիտի կատարի մեր մասնակիցը հուլիսի 22-27-ը Յուրմալայում կայանալիք միջազգային մրցույթում. «Բոլորն էլ սիրված և ուժեղ երգեր են,- ասում է նա,- և, ամենակարևորը, հնարավորություն են տալիս մեր ներկայացուցչին ցույց տալու իր կարողությունները»:

Ինչպես տեղեկացրեց երաժշտական պրոդյուսերը, մրցութային առաջին օրը Ս. Ռուբենյանը կկատարի Մայլի Սայրուսի “Wrecking Ball” երգը: Երկրորդ օրը երգչուհին երգիչ Մհերի հետ կներկայացնի Արմեն Սմբատյանի «Հայաստան» երգը. «Ինչու Մհերի, որովհետև անցած տարվանից ձևաչափը փոխվել է, և «Նոր ալիք» մրցույթում այս տարվա մասնակիցը ներկայանում է նախորդ տարիների ներկայացուցիչներից մեկի հետ (նախորդ տարի Մաշա Մնջոյանը երգեց Էրիկի հետ), և այս տարի ընտրվեց Մհերը»,- բացատրեց Անդրեն և հավելեց, որ մրցութային վերջին՝ երրորդ օրվա համար էլ ընտրվել է Ազատ և Մանե Հակոբյանների «Կարոտ» ստեղծագործությունը:

Նշենք, որ այս տարի մրցույթի հայաստանյան հեռարձակողը «Շանթ» հեռուստաընկերությունն է. «Շանթ» հեռուստաընկերությունը շատ ուրախ է, որ մեր միջազգային երաժշտական ձևաչափերին այս տարի ավելացավ ևս մեկը՝ «Նոր ալիք» միջազգային երաժշտական մրցույթը,- ասում է պրոդյուսեր Աննա Թադևոսյանը,- և շատ ուրախալի է, որ Հայաստանի այս տարվա ներկայացուցիչը «Հայ սուպերսթար» նախագծի 5-րդ եթերաշրջանի, ինչպես նաև «Պրեմիերա» նախագծի հաղթող Սոնա Ռուբենյանն է: Սա մեծ պատասխանատվություն է, և մենք մեր կողմից ամեն ինչ կանենք, որ Սոնան պատշաճ կերպով ներկայանա մրցույթին և անպայման մրցանակային տեղով վերադառնա»:

 

Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031