Այսօր ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը փոխվարչապետ Արմեն Գևորգյանի հետ բավական ծանրաբեռնված ու տարողունակ ծրագրով Շիրակի մարզում էր: Վարչապետի պաշտոնում առաջին անգամ այցելելով այս մարզ` նա նախևառաջ շրջեց կարկտահարված մի քանի գյուղեր` Սպանդարյան, Գեղանիստ, Փանիկ` ճանապարհին կանգնելով ու լսելով բնակիչների բողոքները, այնուհետ այցելեց Արևշատ համայնքի ամառանոց, որտեղ տեղադրվել էր 10 կիլոմետր ջրագծային համակարգ` արոտավայրերի ջրման նպատակով:
Մինչ վարչապետը կշփվեր կարկտահարված գյուղերի բնակիչների հետ, Արևշատի ամառանոցում հավաքված Շիրակի մարզպետարանի պաշտոնյաները, ինչպես նաև գյուղացիները, որոնք խաշ էին եփում ու սեղաններ էին գցել վարչապետի պատվին, ստիպված եղան վառող արևի տակ երկար սպասել կառավարության ղեկավարին: Արևաշատ ոտք դնելուն պես Հովիկ Աբրահամյանին դիմավորեցին նվերներով. այսօր հայտարարված էր Արևշատի տոն, ու այդ առթիվ ոգևորված գյուղապետը վարչապետին նվիրեց ծննդով արևշատցի նկարիչ Թադոսի ստեղծագործություններից ու նաև Մետաքսեի բանաստեղծությունները: Վարչապետն էլ իր հերթին խոստումներ տվեց գյուղացիներին` նշելով, որ իր օրոք ոչ մի խոստում ու հարց չի մնալու անպատասխան:
Մանրամասները` տեսանյութում
Կարդացեք նաև
Այնուհետ սկսվեց խնջույքը, գյուղացիները պարի հրավիրեցին վարչապետին , որից հետո նա ուղևորվեց Ազատան գյուղ, եղավ Ախուրյանի շինհրապարակում, այնուհետ Երևանի տնտեսագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղում, որի կառավարման խորհրդի նախագահն է:Նա այցելեց նաև Գյումրու Գյուլբենկյանի անվան վիրաբուժական հիվանդանոցի դատարկված շենք, Գյումրու տեխնոպարկ, իսկ քիչ առաջ փակ խորհրդակցություն հրավիրեց Շիրակի մարզպետարանում:
Նշենք, որ վարչապետին, ըստ այցելած տեղանքների, միանում էին տարբեր նախարարներ, Ախուրյանի շինհրապարակում նրան դիմավորեց քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը, Երևանի տնտեսագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղում Արմեն Աշոտյանը, իսկ գյուղնախարարը նրան ուղեկցեց կարկտահարված գյուղեր այցելելիս: Վարչապետի` տարբեր կառույցներ կատարած այցի մանրամասներին կանդրադառնանք քիչ անց:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ