Լրահոս
Օրվա լրահոսը

Գուրգեն Եղիազարյանը՝ Աշոտ Սուքիասյանին. «Պատմի´ր ճշմարտությունը, վաղը ուշ կլինի»

Հուլիս 09,2014 18:56

«Նման սրիկայություն միայն մեր երկրում է կատարվում»,- հարցին հակասություններ չի՞ տեսնում «օֆշորի գործով» կալանավորված գործարար Աշոտ Սուքիասյանի` նախկինում տված ցուցմունքների և նրա պաշտպան Յուրիկ Խաչատրյանի հայտարարության միջև, այսպիսի կարծիք հայտնեց քաղաքական գործիչ Գուրգեն Եղիազարյանը:
Հիշեցնենք, որ Յուրիկ Խաչատրյանը հայտարարել էր, թե «Աշոտ Սուքիասյանը ցանկացել է նվեր մատուցել նախկին վարչապետ, այժմ ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան Տիգրան Սարգսյանին և արքեպիսկոպոս Նավասարդ Կճոյանին` նրանց անուններով օֆշորում կազմակերպություն բացելով»:

Պարոն Եղիազարյանի տպավորությամբ՝ Աշոտ Սուքիասյանի փաստաբանը հետաքրքիր պատմություն է պատմում հաննիբալիզմի, մարդակերների մասին, որոնք բնակվում են Սիեռա Լեոնեում: Այնուհետև մանրամասնում. «Փայլակ Հայրապետյանին կանչել են այնտեղ, որտեղ «սուրբն» ու ադամանդագործն են նստած լինում, նա պիտի նկատի ունենար, որ Սիեռա Լեոնեում մարդակերնե՞ր են բնակվում և իր գումարները պիտի կորչե՞ն, ինչը Փայլակ Հայրապետյանը նկատի չէ՞ր ունեցել: Փաստորեն մեղքը Փայլակ Հայրապետյանի՞նն է, որ այդ ամենը հաշվի չի առել»: Հակառակը, Գուրգեն Եղիազարյանը նկատում է. «Մեզնից յուրաքանչյուրն էլ, ով լիներ վարչապետի առանձնասենյակում, ի վերջո վարչապետ է, հո շուկայի վարազը չէ՞, այնտեղ նաև «սուրբն էր» նստած` հսկայական խաչով, գավազանը ձեռքին, փաստաբանի նշած՝ Սիեռա Լեոնեի մարդակերներն աչքին հաստատ չէին գա»: Ըստ պարոն Եղիազարյանի` «սա խեղկատակության երկրորդ փուլն է, երբ առաջին ցուցմունքը լրիվ այլ թեմայից էր»: Այնուհետև պարոն Եղիազարյանը շարունակեց. «Ո՞վ է նրան իրավունք տվել, որ վերցնի ուրիշի ունեցվածքը նվեր տա: Նվերների մեջ մտնում է նաև հանրահայտ Բենթլին, որ նա այդպես էլ տուժածին չվերադարձրեց: Ո՞վ է թույլ տվել նրան, որ Բենթլին վաճառի ու Փայլակ Հայրապետյանի հաշվին բարեգործություն անի: Ադամանդագործը` բարեգործ, «սուրբը»` բարեգործ, դեսպանը, որ չքվեց Ամերիկա` բարեգործների բարեգործ: Ես չեմ գտնի ՀՀ-ում մի մարդ, որը այդ խեղկատակությանը հավատա: Երբ հարց են տալիս, թե սրբին ու դեսպան կոչվածին կանչե՞լ են հարցաքննության, պաշտպանը պատասխանում է, որ նրանց անունները չկան, ինչո՞ւ պիտի կանչեն»:

Այն ցուցմունքներին, թե Նավասարդ Կճոյանի ու Տիգրան Սարգսյանի ստորագրությունները կեղծվել են, նրանք կապ չունեն, պարոն Եղիազարյանն ի պատասխան նշեց. «Պարզ է՝ ով է պաշտպանը և նրան ով է վարձել: Եկեք նրա ամեն ասած լրջորեն չընդունենք: Պաշտպանին մի փոխանցման խողովակ են պատրաստել հասարակությանը տարբեր հեքիաթներով կերակրելու համար: Չեմ հավատում, որ Սուքիասյանը իրական հանցագործն է, այդ ամենի մեջ նա ամենաթույլ և անպաշտպան օղակն է»: Բարեգործություն անելու վերաբերյալ հնչած կարծիքին ի պատասխան Գուրգեն Եղիազարյանն ասաց. «Տղա ջան, Վարդենիսի և Գյումրիի մանկատներին բարեգործություն անեիր, բա դու էլ ես իբր թե հավատացյալ, բա դու գետինը չե՞ս մտնում: Այդ ո՞ւմ ես բարեգործություն անում: Բա քեզ պես հավատացյալը, որ օրուգիշեր Ավետարան էր կարդում, վարչապետ կոչեցյալին ինչո՞ւ է բարեգործություն անում: Իրե՞նք են դասվում սոցիալական ծայրագույն վիճակում գտնվող մարդկանց շարքին: Դու ի՞նչ իրավունք ունես տնօրինելու մարդու ունեցվածքը և սրան-նրան բարեգործություն անելու»:

Գուրգեն Եղիազարյանը կարծում է, որ կա Սուքիասյան-Կճոյան-Սարգսյան ներքին պայմանավորվածություն ու բացում փակագծերը. «Ամենայն հավանականությամբ՝ իրավաբանի միջոցով բացատրել են, որ եթե տա «սրբի» և դեսպանի անունը, հանցագործությունը խմբակային կդառնա, իսկ խմբակայինը շատ ավելի ծանր հոդված է: Ուստի անհեթեթ մի ցուցմունքով, թե ցանկացել է սյուրփրայզ անել տղաներին, փորձում են ժամանակ շահել»: Գուրգեն Եղիազարյանի կարծիքով՝ հետո, երբ կրքերը հանդարտվեն, հնարավոր է գործի դրվեն հավանական երեք սցենարներ: Դրանցից մեկի համաձայն՝ հնարավոր է Աշոտ Սուքիասյանը «որոշի» բանտախցում մահանալ, կամ մի քանի տարի հետո Սուքիասյանին անմեղսունակ ճանաչեն և ուղարկեն բուժման՝ հոգեկան խնդիրների համար, քանի որ «միայն հոգեկան հիվանդ մարդը կարող էր նման բան անել՝ ուրիշի ունեցվածքը որոշեր նվեր տալ»: Համաձայն երրորդ սցենարի՝ «Սուքիասյանը իր կյանքի երկրորդ կեսը կանցկացնի բանտախցում: Որոշ ժամանակ անց նա կպատմի իրականությունը, բայց նրան այլևս լսող չի լինի: Կասեն ճարահատյալ սկսել է մարդկանց անուններ տալ»:

Դիմելով Աշոտ Սուքիասյանին՝ պարոն Եղիազարյանը եզրափակեց. «Խելքդ գլուխդ հավաքիր, այդ երկուսը չարժեն, որ դու ընտանիքդ թողնես ու գնաս անիմաստ նստես: Պատմիր ճշմարտությունը, վաղը ուշ կլինի»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (4)

Պատասխանել

  1. Arthur says:

    Ես շատ հավատացյալների գիտեմ, որոնք իրենց պահում են հավատացյալին ոչ բարո: Դրանք չեն հավատում աստծուն, նրանք ձևանում են սուրբ, որ մարդկանց վստահությունը չարաշահեն:

  2. david says:

    Տիկոն կպատմի, եթե դեռ չի պատմել:Չկասկածեն:

  3. մարգար says:

    Եթե նույնիսկ ենթադրենք, որ անճաշակ «սուրպրայզ» է արել սուքիասը, իսկ սուրբն ու անսուրբը տեղյակ էլ չեն եղել, ապա հետո հո տեղյակ են դարձել! Որպես բնական քայլ, նրանք պիտի տիրոջը վերադարձնեին հափշտակված գումարն ու ամոթից գետինը մտնեին: Իսկ որ ողորմելի ստախոսությամբ փորձում են իրենց «մաքուր» ցուցանել, դրա կարիքն ուղղակի չկա (ում համար է այդ արվում, որ էշը պիտի հավատա?) Ավելի տղամարդավարի կլինի ասեն արել ենք ու էլի կանենք՝ քանի դեռ գլխին ենք նստած: Իսկ այդ մարդուն վստահաբար տխուր վիճակի մեջ են դրել, բայց նա ընդհամենը վարպետ խաբեբա է եւ պիտի դրա համար միայն պատասխան տա:

  4. Սամվել says:

    Սկզբից ժողովրդին խաբեցին, թե ազատում ենք կոմունիստական բռնապետությունից, ապա հաստատեցին տականքների դիկտատուրա՝ թուրքական օկուպացիոն ադմինիստրացիայի օրինակով, 150 տարի առաջվա: Դե կեր ու սուս մնա, հայ ժողովուրդ, պատմական հիշողությունից զուրկ ժողովուրդ, ու ճիշտ եզրակացություն արա որ ամեն մի փայլող բանը ոսկի չէ:

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031