«Հանրային շահի տեսանկյունից ԶԼՄ-ն իրավունք ունի չբացահայտել իր տեղեկատվության աղբյուրը: Բացի այդ, ինչքան ինձ հայտնի է, սա ծանր հանցագործություն եւ առանձնապես ծանր հանցագործություն չէ: Դատարանի վճիռն այս իմաստով հիմնազուրկ է»,- այսօր Aravot.am-ի հետ զրույցում «Հրապարակ» օրաթերթին եւ iLur.am կայքին տեղեկատվության աղբյուրը բացահայտելու դատարանի վճռի մասին այսպիսի կարծիք հայտնեց Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լեւոն Բարսեղյանը:
Նրա խոսքերով, «Եթե տրամաբանությամբ առաջնորդվենք, դատարանը պետք է հասկանար, որ իր վճիռն ուղղակի չի կատարվելու: ԶԼՄ-ն չի բացահայտի իր աղբյուրները, բացի այդ, ինքը որեւէ լծակ չունի, որ իր վճիռը կատարել տա: Եթե լրատվամիջոցը, ենթադրենք, չի բացահայտում իր աղբյուրը, հայցվորը պիտի դիմի ԴԱՀԿ-ին, որը պիտի զբաղվի լրատվամիջոցներին հարկադրելով բացահայտել աղբյուրը: Իսկ թե դա ինչպես է տեղի ունենալու, շատ դժվար է պատկերացնել: Ասենք, խմբագիրներին կտտանքների՞ են ենթարկելու, հաց չեն տալու, ջուր չենտալու, վախեցնելու են: Ո՞րն է այն գործիքը, որով դատարանը ԶԼՄ-ին կպարտադրի կատարել իր այդ վճիռը»:
Մեր հարցին՝ սա կվնասի՞ ազատ խոսքին, ազատ մամուլին՝ Լեւոն Բարսեղյանը պատասխանեց. «Վախկոտ լրագրողին եւ ծայրահեղ զգուշավոր լրագրողների ու ԶԼՄ-ների վրա սա իսկապես կարող է ազդել: Կարող են զգուշանալ նման հարվածի տակ ընկնելուց եւ իրենց լրատվությունը դառնա առավել քաղցր, քան կա: Իսկ այն ԶԼՄ-ները, որոնք այդ համարձակությունն ունեցել են եւ ունեն, որեւէ կերպ նման անհեթեթ վճիռներով չեն կարողանա առնել: Ի վերջո, դատախազությանը, ՀՔԾ-ին պետք է իսկապես հետաքրքրեր, թե ինչպես նյութեր նախապատրաստեին տեղեկությունների մասով, որ բացահայտեր այդ հանցագործությունը եւ ոչ թե սկսեր իրենց հետաքրքրեր այն աղբյուրը, որը հաղորդել է այդ տեղեկությունը: Ենթադրենք, այդ աղբյուրը սխալ է հաղորդել տեղեկությունը: Ենթադրենք, որ սուտ է գրված, դա իրենց ի՞նչ է տալիս: Դատախազությանը դա ոչ մի բան չի տալիս: Որեւէ տուժող այդ դեպքում չկա: Իսկ եթե որեւէ մեկը համարում է, որ իրեն զրպարտել են, վիրավորել են, ինքը առանց դատախազության էլ կարող էր քաղաքացիական օրենսգրքով փորձեր պաշտպանել իր շահերը: Ոստիկանապետը, եթե գտնում է, որ իրեն զրպարտել են, քո ի՞նչ գործն է, գլխավոր դատախազություն: Ոչ մի կերպ Կոստանյանը չի կարող բացատրել, թե իրեն ինչ է տալու այդ աղբյուրի բացահայտումը: Եվ հետո բոլոր այն դեպքերում, երբ ԶԼՄ-ները կկարողանան ծաղրել դատարանների նման անհեթեթ վճիռները, կարող են ասել, որ առավոտ կանուխ դռանս առաջ ծրարի մեջ ես գտել եմ այդ տեղեկությունները: Դե գնա ու տառապի: Հրապարակելուց հետո գցել եմ վառարանը, ի՞նչ ունես անելու ուրիշ՝ ոչ մի բան: Այսինքն, դատախազությունն ուզում է աղբյուրը գոյություն չունենալով՝ հիմնավորել իրենց քրեական գործ չհարուցելը»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ