Վերնիսաժի մոտ մայիսի 17-ին հնչած կրակոցների գործով կալանավորված Վալերի Հովհաննիսյանի պաշտպանը դժգոհում է, որ իր պաշտպանյալի նկատմամբ քննչական գործողություններն են կատարվել առանց բժշկի թույլատրության:
Նրա պատմելով, քննիչը հաշվի չի առել, որ իր պաշտպանյալը առողջական լուրջ խնդիրներ ունի ու հարցաքննվելու ի վիճակի չէ. « Բժիշկը, ասում է, որ Վալերի Հովհաննիսյանի վիճակն այնպիսին է, որ քննչական գործողություններ կատարել նպատակահարմար չէ: Քննիչը, անտեսելով այս տեղեկանքը, տալիս է մեղադրանք առաջադրելու որոշում և միջնորդություն կալանքի վերաբերյալ: Հրավիրում են շտապօգնության բրիգադ, որովհետև Վալերի Հովհաննիսյանն ի վիճակի չէր քայլելու, Վալերի Հովհաննիսյանի կողքից աղիքը բաց վիճակում դրած, ճնշումը շատ բարձր, բացարձակ չէր գիտակցում, թե ինչ գործողություններ պետք է կատարի: Ժամանում է շտապօգնության բրիգադը, պատգարակով նրան տանում են դատարան»:
Պարոն Բաղդասարյանից Aravot.am-ը հետաքրքրվեց, եթե իր պաշտպանյալի վիճակն ահավոր էր, աղիքը բաց վիճակում պառկած են հիվանդանոցից դատարան տարել, ապա ինչպես էր ավելի վաղ առողջական խնդիրներով դուրս գրվել հիվանդանոցից: Փաստաբանը հստակեցրեց. «Իմ պաշտպանյալին դուրս գրել են, բայց չի հասցրել հիվանդանոցից դուրս գալ, որովհետեւ առողջական խնդիրներ են նորից առաջացել, ու բժիշկները միջամտել են»:
Փաստաբանը նաեւ դժգոհեց, որ իրեն, որպես պաշտպանի, չեն թույլ տվել տեսակցել Վալերի Հովհաննիսյանի հետ, հնարավորություն չի ունեցել տեղեկացնել նույնիսկ մեղադրանքի որոշման, խափանման միջոցի ընտրության և դրա բողոքարկման ցանկության մասին: Մեր հարցին` փորձե՞լ եք տեսակցել` հաշվի առնելով, որ կալանքի որոշման մեջ արդեն նշված է , որ դուք եք պաշտպանը, ասաց չի փորձել, որովհետեւ. «Փորձելու համար անհրաժեշտ է վարույթ իրականացնող մարմնի գրությունը, անձամբ եմ գնացել վարույթ իրականացնող մարմնի մոտ, ասել` տվեք գրությունը, ասաց` այսօր հնարավոր չէ, թող մնա վաղը: Ընթացակարգն է այդպես, վարույթ իրականացնող մարմնի գրավոր թույլտվությունն է պետք փակ տարածք մտնել` պաշտպանյալին տեսակցելու: Մինչեւ այսօր չունենք համապատասխան թույլտվությունը, որ կարողանանք տեսակցել մեր պաշտպանյալին: Ավելին` դատական ակտը բողոքարկել ենք առանց Վալերի Հովհաննիսյանին տեղեկացնելու»:
Նա նաեւ ասաց, որ քննչական գործողությունները իրենք պատրաստվում են բողոքարկել մինչեւ մարդու իրավունքների Եվրոպական դատարան:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ