Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

Աշոտ Մելիքյանը՝ «Հրապարակին» եւ iLur.am-ին. «Շատ վտանգավոր նախադեպ է, պետք է մինչեւ վերջ գնալ»

Հուլիս 09,2014 18:15

Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանն առաջին անգամ որոշում է կայացրել եւ պարտադրել, որ ԶԼՄ-ները բացահայտեն իրենց տեղեկատվության աղբյուրը:

Խոսքը «Հրապարակ» օրաթերթի եւ iLur.am կայքի մասին է, որոնք լուր էին հրապարակել, թե ինչպես է Շիրակի ոստիկանապետ Վարդան Նադարյանը գիշերով կանգնեցրել հայտնի ըմբշամարտիկ Արթուր Ալեքսանյանի մեքենան եւ շատ վառ լուսարձակների համար հարվածել ու զենքով սպառնացել է նրան ու նրա եղբորը:

«Հրապարակի» տեղեկատվությամբ՝ դատարանի այս որոշումը ազատ մամուլի դեմ է , եւ եթե բացահայտեն աղբյուրին, շուտով ԶԼՄ-ները կարող են մնալ միայն «չոր» պաշտոնական տեղեկատվության հույսին:

Նշենք, որ ՀՔԾ-ն այդ հայտնի լուրի առնչությամբ ծանր հոդվածով քրգործ էր հարուցել, իսկ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանն իր վերջին ասուլիսում հայտարարել էր, որ «Ծանր եւ առանձնապես ծանր հանցագործությունների պայմաններում լրագրողը կարող է դատական կարգով պարտավորեցվել հայտնել իր տեղեկատվության աղբյուրը»:

Այս առնչությամբ Aravot.am-ը Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանից հետաքրքրվեց՝ դատարանի այս որոշումը հարված չի՞ հասցնի ազատ մամուլին եւ ինչպե՞ս պետք է վարվի այս դեպքում լրատվամիջոցը: Պարոն Մելիքյանը պատասխանեց. «Իհարկե, նման վճիռ կայացնելը դատարանի գործն է, բայց մենք, որպես մասնագետներ, համարում ենք, որ դա այն ծանր հանցագործությունը չի, որ պետք է դատարանը պահանջեր աղբյուր բացահայտել: Ես կարծում եմ, որ այս պատմության մեջ միտում կա, եւ դատախազությունն իր հայտնի հայտարարությունից հետո կփորձի իրագործել այդ դրույթները: Սա առաջին նախադեպն է, որը շատ վտանգավոր է: Կարծում եմ, որ այս որոշումը պետք է բողոքարկվի: Ընդ որում, պետք է մինչեւ վերջ գնալ»:

Պարոն Մելիքյանն առաջարկեց, որ լրագրողական համայնքը իր ուշադրության կենտրոնում պահի այս խնդիրը, անհանդուրժողականություն արտահայտի այս քայլերի նկատմամբ. «Սա լավ առիթ է, որպեսզի լրագրողական համայնքը համախմբվի եւ հասկանա, որ նմանատիպ փաստի առաջ կարող է ցանկացած լրատվամիջոց կամ լրագրող կանգնել»:

Մեր հարցին՝ ինչպե՞ս պետք է պարտադրեն ԶԼՄ-ին բացահայտել տեղեկատվության աղբյուրը, խմբագիրներին պետք է կտտանքների՞ ենթարկեն, որ ասի՝ Աշոտ Մելիքյանը պատասխանեց. «Խմբագրին, իհարկե, կտտանքների չեն ենթարկելու: Օրենքն ասում է, որ ծանր ու առանձնապես ծանր հանցագործություններ բացահայտելու անհրաժեշտության դեպքում դատարանը կարող է պարտադրել: Դատական նիստի ժամանակ դատավորը պահանջում է, որպեսզի աղբյուրը բացահայտվի: Իհարկե, կարող է լրագրողը այդ պարագայում պահանջի դռնփակ դատական նիստ եւ կարող է հրաժարվել բացահայտել: Եթե չի բացահայտում, ուրեմն ամբողջ պատասխանատվությունն իր վրա է վերցնում եւ օրենքով նախատեսված իր պատիժն է կրում»:

Մենք ճշտեցինք՝ խոսքը տույժ-տուգանքների՞ մասին է՝ Աշոտ Մելիքյանը պատասխանեց. «Կարծում եմ, որ բանը դրան չի հասնի, բայց օրենքը դա է նախատեսում»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031