«Այսօր դատարաններում շատ անհասկանալի վիճակ է տիրում, եւ դատարանները վաղուց արդեն շեղվել են արդարադատություն իրականացնելուց»,-հուլիսի 9-ին «Տեսակետ» մամլո ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում հայտարարեց փաստաբան Տիգրան Հայրապետյանը:
Նա համարում է, որ այդ վիճակը ձեւավորվել է, քանի որ դատական համակարգում կամայական անհասկանալի ակտ կարող է կայացվել: Նա նշեց, որ նման իրավիճակում է հայտնվել քաղաքացի Նազիկո Պալյանը. օրենքի սահմանված կարգով վեճ է տեղի ունեցել, որն ավարտվելուց հետո անցել է դատական երեք ատյաններով եւ հետագայում Երեւանի քաղաքապետն է փորձել միջամտել.
«Նազիկո Պալյանը եւ իր հարեւանը գնել են սեփական տուն, որը նախկինում պատկանել է 1 սեփականատիրոջ, եւ քանի որ 1 սեփականատիրոջ տուն է եղել, բնականաբար, հիմքերը, դրսի պատերը, տանիքը կառուցված են եղել որպես մեկ ամբողջական տուն: Եվ քանի որ տունն ունեցել է 2 սեփականատեր, նրանց մեջ ձեւավորվել են անհաշտ հարաբերություններ, եւ սեփականատերերից մեկը բակում կառուցել է մեկ այլ 3 հարկանի շքեղ առանձնատուն եւ քանդել հին տան իրեն պատկանող բաժնեմասը: Բայց քանի որ հարաբերությունները լարված են եղել, դիտավորյալ այնպես է քանդել, որ մյուս սեփականատիրոջ` Նազիկո Պալյանի սեփականությանը վնաս հասցնի, այսինքն` դրել է եւ կենտրոնից քանդել է տունը»:
Փաստաբանը նշեց, որ Նազիկո Պալյանը դիմել է բոլոր հեղինակավոր կազմակերպություններին, եւ նրանք տվել են եզրակացություն, որ տան սեյսմակայունությանը ահռելի վնաս է պատճառվել եւ պետք է շատ շտապ շինարարական աշխատանքներ կատարվեն, որպեսզի տունը վերականգնի իր նախկին սեյսմակայունությունը: Պարոն Հայրապետյանի խոսքերով` դատարանը որոշել է, որ Հենրիկ Մարտիրոսյանը պետք է հատուցի վնասը Նազիկո Պալյանի, եւ վճռի` օրինական ուժ ստանալուց հետո Հարկադիր կատարման ծառայության աշխատակիցները հետամուտ են եղել բռնագանձելու այդ գումարը: Սակայն երեք ամիս հետո Նազիկո Պալյանը ստանում է գրություն, որ Երեւանի քաղաքապետը վերաքննիչ բողոք է բերել, քանի որ այդ վեճը շոշափում է քաղաքապետի իրավունքները: Վերցնելով բողոքը՝ պարզ է դարձել, որ Տարոն Մարգարյանն է ստորագրել այն.
Կարդացեք նաև
«Քաղաքապետը երկու հանգամանք էր նշում, առաջինը, որ իր շահերին է առնչվում վեճը, երկրորդը` ինքը չի իմացել դատարանում քննվող վեճի մասին: Որ վեճը առնչվում է քաղաքապետի շահին, չի համապատասխանում իրականությանը, քանի որ հենց քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը երկու փաստաթուղթ է իր ձեռքով ստորագրել, որ քաղաքապետարանը այդ վեճի ընթացքում ոչ մի լիազորություն չունի: Բնականաբար, Տարոն Մարգարյանը չի գրել բողոքը, որովհետեւ գրված է, որ իրավաբանական գիտելիքներ ունեցող անձի կողմից, ուղղակի ստորագրել է»:
Ինքը` Նազիկո Պալյանը, հայտարարեց, որ չի բնակվում այդ տանը, նրա պնդմամբ` իր տան տանիքը օդի մեջ է, իսկ տան միջնապատը դարձել է դրսի պատ եւ այդ պատճառով էլ անձրեւաջրերը ներս էին լցվում.
«Երբ որ հարեւանը քանդում էր իր տունը, ես մոտեցել եմ եւ շատ եմ խնդրել` ինձ տալ հնարավորություն, որ տանիքը կառուցեմ, միջնապատը դարձնեմ դրսի պատ, նոր դեմ չեմ` քանդի: Ասաց` «չէ, ես դնելու եմ թրաշեմ, որ ձեր տունը փլվի: Քաղաքապետարանի վարչության պետ Անդրանիկ Քասայանը իմ բարեկամն է, բացի դրանից, իմ փեսայի եղբայրը` Արայիկ Մխիթարյանը, մտնում է ավագանու կազմի մեջ. Ես քաղաքապետարանում խնդիր չունեմ եւ կարող եմ անել ամեն ինչ»:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ