Լրահոս
Օրվա լրահոսը

Ձոն Գագիկ Հարությունյանին եւ սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի անդամներին

Հուլիս 09,2014 17:53

Գավառի պետական համալսարանի ուսանողներն այսօր բավական ակտիվ էին սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի հանրային քննարկումների ժամանակ:

Համալսարանի ռեկտոր, սահմանադրական իրավունքի մասնագետ Ռուզաննա Հակոբյանն (լուսանկարում) իր ուսանողներին լավ էր նախապատրաստել:Ինքն էլ բավական լավ էր պատրաստվել:

Նախ, տիկին Ռուզաննան իր ելույթում դրվատանքի ձոն հնչեցրեց ՍԴ նախագահ, սահմանադրական բարեփոխումներն իրականացնող հանձնաժողովի նախագահ Գագիկ Հարությունյանի, հանձնաժողովի անդամներ՝ քննարկմանը ներկա Դավիթ Հարությունյանի եւ Գեւորգ Դանիելյանի մասին:

Ապա`«գիտականորեն հիմնավորված եւ դրական առաջընթաց ապահովող փաստաթուղթ» որակեց բարեփոխությունների հայեցակարգը: «Նախագծում ոչինչ պարտադրված չէ, բաց քննարկման հնարավորություն կա»,-ասաց ու դրական համարեց հանրաքվեի ինստիտուտի հաստատումն ու ընդլայնումը. «Ժողովուրդն իմաստուն է եւ ճիշտ որոշումներ կընդունի»:

Վերջում էլ ամփոփեց. «Այս բարեփոխումների ողջ առանցքը մարդն է»: Տիկին ռեկտորն առաջարկներ էլ հնչեցրեց:

Տիկնոջ ելույթի ընթացքում դահլիճում աշխուժություն առաջացավ, մարդիկ հեգնական քչփչում էին: Դավիթ Հարությունյանն իր նստած տեղում եւս ժպտում էր:

Ապա հերթը նախապես հերթագրվածների հարցերինն էր: Բավական ակտիվ էին Գավառի համալսարանի ուսանողները: Նրանք հիմնականում դատական համակարգի փոփոխություններին վերաբերվող մանրամասն եւ մասնագիտական հարցեր ուղղեցին երեւանից գնացած պաշտոնյաներին: Ու թեեւ հնչած հարցերից որոշների, մասնավորաբար, դատարանների անկախության մասին մանրամասն անդրադարձ արդեն եղել էր Դավիթ Հարությունյանի կողմից, այնուհանդերձ նախօրոք գրված հարցն ուսանողն ընթերցեց:

Քննարկումից 1,5 ժամ անց դահլիճից «սահմանափակվելու» առաջարկ հնչեց, որն անտեսվեց մարզպետի կողմից: Մարզպետը շարունակեց կարդալ հարց տալու համար ցուցակագրվածների անունները՝ հավանաբար վատ ձեռագրի պատճառով դրանք հաճախ սխալ ընթերցելով:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031