Այսօր առավոտյան Վիգեն Հովսեփյանի գլխավորած սփյուռքահայ գործարարների պատվիրակությունը հանդիպում ունեցավ ԼՂՀ փոխվարչապետ, ՀՅԴ Արցախի ԿԿ անդամ Արթուր Աղաբեկյանի հետ:
Հանդիպմանը ներկա էին նաեւ ԼՂՀ ֆինանսների փոխնախարար Գրիգորի Մարտիրոսյանը, ՀՅԴ Արցախի ԿԿ ներկայացուցիչ Դավիթ Իշխանյանը եւ ԼՂՀ կառավարությանն առընթեր զբոսաշրջության եւ պատմական միջավայրի պահպանության վարչության պետ Սերգեյ Շահվերդյանը:
Գործարարները Արցախում են ուսումնասիրելու Արցախի ներդրումային միջավայրը:
Հանդիպման ընթացքում փոխվարչապետը ներկայացրեց գործարարներին ԼՂՀ տնտեսության կառուցվածքը, եւ տնտեսության տարբեր ճյուղերի զարգացման հնարավորությունները: Ներկայացվեց նաեւ այն տնտեսական ծրագրերը, որոնք այժմ ընթացքի մեջ են: Փոխվարչապետը կարեւորեց ԼՂՀ տնտեսության գործում սփյուռքահայ գործարարների ներդրումների դերը` վստահեցնելով, որ Արցախը կարող է լինել շահավետ երկիր ներդրումների համար, քանի որ այստեղ կան բոլոր բարենպաստ պայմանները դրա համար:
Ներկաները հարցադրումներ կատարեցին` մասնավորապես շուկայում սպառման խնդրի, դրա ուղղությամբ հնարավոր աշխատանքների մասին, ինչպես նաեւ Մաքսային միության անդամակցության եւ Արցախի վրա դրա ազդեցության մասին:
ԼՂՀ փոխվարչապետն ընդգծեց, որ այսօր իհարկե սպառման խնդիրը առկա է Արցախում, քանի որ գյուղտնտեսությունը տալիս է մեծ հնարավորություններ արտադրելու բազմաթիվ գյուղմթերքներ, որոնց համար սպառման շուկայի խնդիր կա, որտեղ ակնկալվում է նաեւ սփյուռքի օժանդակությունը:
Կարդացեք նաև
Մաքսային Միությանը Հայաստանի անդամակցության եւ Արցախի վրա հնարավոր ազդեցության մասին փոխվարչապետը նշեց, որ Արցախը եւ Հայաստանի Հանրապետությունը գտնվում են ընդհանուր տնտեսական գոտում եւ այն չի կարող որեւէ փոփոխության ենթարկվել:
Վիգեն Հովսեփյանի գլխավորած սփյուռքահայ գործարաների պատվիրակությունը մի շարք հանդիպուներ կունենա Արցախում` այդ թվում նաեւ Արցախի Հանրապետության նախագահի հետ:
aparaj.am