Լրահոս
Օրվա լրահոսը

Մեր ժամանակի Շիլդան

Հուլիս 09,2014 16:23

Կար մի փոքրիկ լեռնային երկիր՝ Շիլդա անվամբ, որի բնակիչ շիլդացիները հայտնի էին իրենց իմաստնությամբ եւ հետին խելքով: Սակայն նրանց նախանձ ու չար հարեւանները աչք էին դրել այդ ծաղկուն երկրի վրա: Ահա մի անգամ մեծ հրապարակում հավաքվում են բոլոր մտահոգ շիլդացիներն ու հայրենիքը փրկելու համար անժամկետ միտինգ են հրավիրում:

Ամենքից առաջ, մի օտար ու ճակատին խալով իմաստուն որոշում է կատակել եւ հարթակի խոսափողից հայտարարում է, որ թշնամիներին ապակողմնորոշելու եւ ժամանակ շահելու լավագույն միջոցը՝ ժամանակավոր հիմար ձեւանալն է, որի արդյունքում բոլորին կնայեն որպես հիվանդների, կխղճան, ողորմություն կտան ու կխնայեն: Ուստի պետք է, որ բացախոսությամբ (гласность) եւ մեծ արագացմամբ (ускорение) մարդիկ վերակառուցվեն (перестройка) ու առանց երկար-բարակ մտածելու հիմարություններ ասեն ու անեն:
Ամբոխը բռունցքները վեր պարզած միահամուռ ընդունում է այս առաջարկը եւ մեկի շեփոր փչելուց հետո միտինգ վարողը գոչում է.
-Փրկիչնե՜ր, հարթակի ուղղությամբ:
Մեկ առ մեկ խոսափողին են մղվում Շիլդայի հայտնի ու անհայտ իմաստունները, իրենց գաղափարներն ու առաջարկներն են ներկայացնում եւ տեղում էլ փորձում են իրականացնել: Խոսափողին ի պաշտոնե մոտենում է մի ժողովրդական ու ճանաչված իմաստուն.
-Իզուր եք անհանգստացել ու իրար խառնվել, ամեն ինչ իմ գրպանում դրած է, դժվարն ու վարպետությունը այնտեղից հանելն է:
-Գրպանահատնե՜ր հարթակի վրա:
Ամբոխը սուլեց եւ նա ստիպված հեռու քաշվեց հարթակից:
Մանրիկ քայլերով՝ խոսափողին է մոտենում մի կոմսոմոլ իմաստուն.
-Իմ ներքին՝ կոմերիտական ձայնը ինձ հուշում է, որ մեզ բանակ պետք չէ: Մեր զորությունը մեր անզորության մեջ է, եւ մենք միշտ պետք է Իվանի պոչից բռնենք:
-Ջոկատավարնե՜ր, հարթակի եզրերին:
Խոսք է վերցնում իր բախտից զարմացած մի տնտեսագետ իմաստուն.
-Եթե մեր բոլոր հիմնարկներն իրենց աշխատողներով տանք օտարներին, եւ երկրում մնացած ութ հարյուր հազար հոգով զբաղվենք անասնաբուծությամբ, ապա ողջ աշխարհից կգան մեր ցեղական տղա կովերի կամ ավելի ճիշտ կովերի ամուսինների ձեռքերը, օ՜յ կներեք սմբակները խնդրելու: Եւ երկիրը կդառնա զարգացած տուրիստական երկիր:
-Անասնաբույժնե՜ր, հարթակի շուրջը:
Առաջ է գալիս համաշխարհային որոնման մեջ գտնվող մի անորսալի իմաստուն.
-Արա՜, տո՛, ի՞նչ եք իրար գլխի հավաքվել ու սարսաղ-սարսաղ դուրս տալիս, գյադայությամբ սաղին նադայել անում, չգիտեք, որ էնենց փողեր են դրել, որ բանը բանից անցել է, բոլորիս կկզացնեն մտցնեն էն բանի՝ ուռնայի մեջ ու կթողեն մենակ մեր կամուֆլյաժը: Էկե՛ք ինձ հետ, մի որոշ ժամանակ բոլորս անցնենք ընդհատակ, մեզ էլ չեն տեսնի, կմոռանան ու հանգիստ կթողնեն: Տո՛, աշխարհի մերն էլ, Քլինթոնի մերն էլ, ձերն էլ, մերն էլ, ձեր մերն էլ: Մեր դեմ խաղ չկա:
-Ոստիկաննե՜ր հարթակի տակ:
Խոսափողը զավթում է նախկինում փրկիչ՝ մի ոչ լեգիտիմ իմաստուն.
-Հայրենակիցներ՛, նախ շնորհակալ եմ Իմ թիմին՝ խոսափողն հանուն Ինձ զավթելու համար: Ապա ասեմ,որ դուք լավ չեք ապրի, քանի դեռ մեկդ մյուսից պարտք չեք արել եւ ձեր ոտքերն էլ վերմակներիդ չափով չեք մեկնել: Դուք մի սովորական ազգ եք ու իսկի Իմ սպարապետի ճկույթն էլ չարժեք, որ Ես ձեզ ղեկավարեմ: Դա կարող է լինել միայն այն դեպքում, երբ ազգովի կխնդրեք Ինձ: Իսկ հիմա Ես հայտարարում եմ, որ հրաժարվում եմ այս խոսափողից:
Ամբոխն անիծում, հայհոյում է նրան եւ պահանջում է հեռանալ:
-Ընդդիմադիրնե՜ր, հարթակի վրա:
Ժողովուրդն իր ուսերի վրա խոսափողին է մոտեցնում մի մտածող-տատանվող իմաստունի.
-Սու՛տ է ասում, մենք համաշխարհային ազգ ենք, եւ եթե հանկարծ մեր գնացքը նա վարի՝ իր թիմով, ապա ձեր հույսը դրեք ինձ վրա: Ես ճիշտ ժամանակին կթռչեմ գնացքից ու եթե չվերադառնամ, բոլորդ էլ թռեք իմ հետեւից՝ դեպի շողշողուն ապագա:
Ամբոխը նրան հռչակելով փրկիչ՝ չափառները կոտրելով լցվում է հարթակ:
-Տրավմատոլոգնե՜ր հարթակի վրա:
Սարերից իջան մի խումբ ձիավոր, խոսափողը գրավեց մի իմաստուն՝ կամուֆլյաժավոր.
-Ի՞նչ եք անիմաստ, անիմաստ խոսում: Թեկուզ 100 տոկոսով էլ ընտրություն անեք, միեւնույն է ես եմ որոշելու, թե ում լսեք: Երկիրը՝ երկրապահով է երկիր եւ կարեւորն այն է, որ ձեր գլուխները ոջիլ չմտնի: Իսկ դրա դեմ մենք ունենք լավ միջոց՝ որոշ քանակի ջրցան մեքենաներ եվ երբ ձեզ լողացնենք ու գնաք ձեր տները չորանալու, արթուն մնացե՛ք, որ իմ առաջին իսկ ծափով վազ տաք բանակ:
-Սանիտարնե՜ր, աջ ուսն առա՜ջ, հարթակի ուղղությամբ…
Աղմուկ է բարձրանում եւ լսվում է մի նախկին դիսիդենտ իմաստունի աղեկտուր ձայնը.
-Թողե՜ք, թողե՜ք, թողե՜ք: Թողե՛ք բան ասեմ:
Դե՛ եկեք, եղբայրնե՛ր, մենք ԻՄիանանք…
-Դամ պահողնե՜ր, հարթակի վրա:
Խառնաշփոթից օգտվելով նորից խոսափողի մոտ են հրում առաջին իմաստունին.
-Լսե՜ք, ժողովուրդ, եկավ ժամանակը, որ ինձ փրկիչ ճանաչեք եւ ես ֆոկուսներ անելով՝ ձեր ուզած ամեն ինչ գրպաններիցս կհանեմ ու կտամ ձեզ: Հակառակ դեպքում կդիմենք սահմանադրական դատարանի հարգելի նախագահին, որը միգուցե իր Նատալիայի գալուց հետո կասի սեփական, վճռական, տղամարդկային, լղոզած խոսքը:
Ամբոխը զոհեր է մատուցում նրա առջեւ եւ շնորհում պատվավոր ամենափրկիչի կոչում:
-Ոչխարնե՜ր ու զվարակնե՜ր, հարթակի վրա:
Հարթակին անսպասելի հայտնվում են մի քանի ահաբեկիչ իմաստուններ.
-Սու՛ս մնացեք, ձեր մերը, պառկե՛ք բոլորդ, մերն է հերթը…
Հրապարակի վրա տարածվող կրակահերթ… Ամբոխում՝ խուճապ:
-«Ալֆա» ջոկա՜տ, հարթակից հեռու:
Ամբոխը ճեղքելով՝ սարերից իջած նախկին ձիավորները, որոնք ձիերից իջնելով դարձել էին ջիպավոր գեներալ-իմաստուններ, տիրում են խոսափողին.
-Արա՛, էդ ու՞մ ախպերությանը խփեցի՜ք, հիմա իրանց փոխարեն մե՛նք պտի պաշտոն բաժանենք, մեր դեմ էլի խաղ չկա, ծպտուն չհանե՛ք, կգյուլլե՛նք, սամասուդ կանե՛նք…
-Ռազմական ոստիկանությու՜ն, հարթակի շուրջը:
Ամբոխի խրախուսանքով՝ խոսափողի մոտ են բերում մի ժպտուն, միամիտ իմաստունի.
-Եղբորս գործը ես կշարունակեմ, միայն թե ժամանակ տվեք, ես հո՛ կախարդ չեմ, դեռ պետք է սովորեմ…
-Սպիտակ մոգե՜ր, հարթակի աջ կողմը:
Խոսափողի առջեւ տեղավորում են մի այլ անփորձ-ժառանգորդ իմաստունի.
-Դուք, որ հարգեցիք պապայիս հիշատակը ու ինձ վստահեցիք՝ նրա շունչն իր մեջ ընդունած այս պատվավոր խոսափողը, վստահ եղեք, միայն սահմանադրական ուղով ինձ ընտրելուց հետո է հնարավոր, որ ասեմ իմ հեղինակավոր խոսքն ու փրկչական ծրագիրը:
Ամբոխն ուզում է այս փրկիչի առջեւ էլ մատաղ անել, համա ոչխարներն են արդեն ընդվզում:
-Չոբաննե՜ր, հարթակի ձախ կողմը:
Ընկերներին արմունկներով գցելով, խոսափողին է տիրում մի դժվարախոս իմաստուն.
-Եթե մեր հարսերի բերած օժիտների մեջ լուրջ քուջուջ անենք, կապրենք… ըըը՜
-Գցողնե՜ր, շտապ հարթակի վրա:
Խոսափողի մոտ աննկատ հայտնվում է յոթ մորից սնված, խելոք գառան անուն հանած՝ մի հորինածին իմաստուն.
-Լսե՛ք, ո՛վ հորինավախ ժողովուրդ, ամեն հորինած երկիր ունենում է այն հորինած առաջնորդներին, որոնք հետո նրան ունենում են…
-Հորինապա՜հ մարմիններ, դեպի հարթակ:
Խոսափողի մոտ փռած, եռանկյան միջից նայող աչքի պատկերով գորգի վրայից, խոսք ասելու է հրավիրվում մի եվրոաֆրոամերիկացի մասսոն իմաստուն.
-Շիլդացինե՛ր, մենք ձեզ շատ ենք սիրում, իսկ դա ենթադրում է, որ դուք խղճի, մտքի ու խոսքի լիակատար ազատությամբ՝ առանց ամաչելու, ներկայանա՛ք որպես աթեիստ կամ աղանդավոր, միասեռանա՛ք կամ համասեռանա՛ք, լինե՛ք մանկապիղծ, արյունապիղծ կամ անասնապիղծ, եւ որպես արեւմտյան արժեքների իսկական կրողներ՝ նմանվե՛ք Կոնչիտա Վյուրստին: Մենք էլ, որպեսզի ձեզ ճանաչենք եւ մեկդ մյուսից տարբերենք, բոլորիդ 666-ով կդրոշմենք ու կհամարակալենք՝ ականջներդ դակելով: Եւ մի անգամ կսարքենք այնպիսի քվեարկություն, որ դուք վերջապես հասնեք ձեր մուրազին՝ ստանաք եվրոտեսիլի մրցանակը:
-Մասսոննե՜ր բոլոր երկրների՝ միացե՛ք, հարթակի դեմ:
Լուրջ միջնորդություններից հետո խոսքը տրվում է մի արհեստավարժ իմաստունի.
-Ես կարծում եմ, եթե մեր կառավարությունում՝ ցերեկները զբաղվենք արհեստավարժանքներով, գիշերներն էլ արհեստախաբ չլինելով՝ փարվենք Եվրոպային եւ նրանց կողմից մեզ գենդերացնելու փորձերին չդիմադրենք, այլ թուլանանք ու հաճույք ստանանք, վերջում էլ կուշտ սեւ իկրա ուտենք, ապա կարճ ժամանակից բոլորս կերպարանափոխվելով, ֆրանսիական արքա Լուի Ֆիլիպի պես՝ կնմանվենք տանձերի, մեր թշնամիները մեզ այլեւս չեն ճանաչի եւ մենք մեր ողջ գույքով, տուն-տեղով կտղափոխվենք որեւէ օֆշորային երկիր՝ հանգիստ ապրելու:
-Գենդերմեննե՜ր, հարթակից հեռու:
Խոսափողի մոտ ցցվում է արնոտ, ներկած ու յուղոտ աչքերով, ամեն տեղից կախած օղերով, տատուներով, պորտաբաց ու մորուքավոր մի գրանտասուն միջին սեռի իմաստուն.
-Ես՝ որպես Շիլդայում «տմարդու իրավունքների» հելսիկտիրյան միության հասարակաց պաշտպան հայտարարում եմ, բավակա՛ն է ապրենք հնացած ավանդույթներով, պետք է կառուցենք բաց հասարակություն եւ մեր երկիրը դարձնենք եւրոպական արժեքներով առաջնորդվող՝ գլոբալիզացված հասարակաց տուն, որի կարգախոսը կլինի. «հրաժարվում ենք հավատից, պատմությունից, ազգից, հայրենիքից, անունից, պատվից, սեռից, ծնողներից, երեխաներից, հրաժարելով՝ հրաժարիմք մարդ լինելուց»:
-Գրանտածիծնե՜ր, հարթակի ուղղությամբ:
Հարթակում հայտնվում է մի ժպտադեմ, բարեւից թույլ ու անիմաստ իմաստուն.
-Բարե՛ւ, ծիրանի արեւ: Արեւ՛, արե՛ւ, ե՛կ, ե՛կ, զիզիկ քարին վեր ե՛կ:
Մեզ բոլորիս՝ արեւոտ ցերեկ: Կեցցե՛ արդարությունը: Շնորհակալություն: Այսքանը:
Ամբոխը նրան նույնպես փրկիչի մեդալ է շնորհում:
-Մանկաբույժնե՜ր, հարթակի վրա:
Խոսափողը երկու ձեռքով ամուր բռնում է ու ծռում, ապագայում փրկիչ դառնալու հեռանկարով մի օլիգարխ իմաստուն.
-Սիրելի ժողովուրդ, եթե մենք ծլենք, ծաղկենք, բարգավաճենք, ապա մեր ժողովուրդը տարվա 375 օրն էլ լավ կապրի:
-Ձեռք ծալողնե՛ր, հարթակի աջ անկյունը:
Խոսափողի մոտ զգուշորեն, աջ ու ձախ զննելով կանգնում է մի թաքուն իմաստուն.
-Ես բոլորիդ կոչ եմ անում հանձնել ձեր վերջին խնայողությունները՝ մեր ու Ամերիկայի համատեղ կուտակային ֆոնդին, որտեղից անգամ մի մուկ չի կարողանա ոչինչ տանել:
-Մկան թակարդնե՜ր, հարթակի կենտրոնում:
Խոսափողը բռնազավթում է իմաստության կուրսանտ մի իմաստուն.
-Իմ լո՛խ ժողովուրդ, ձեզ ոչ մի տղամարդ էլ պետք չի, ինձաա՜նից բացի: Ով կասկածում է՝ դրանց հարցերը կլուծեմ, իսկ մնացած լոխին՝ հենց դաշնակներիս, կանցկացնեմ ծիածանիս տակովը ու ի վերջո ես կլինեմ իմ շինած այդ հարեմի միակ դիտորդն ու վոյինը: Ափսոս որ դուք միամիտ-միամիտ հավատացիք այն ոչ լիգիտիմ իմաստունին ու շատ պարտքեր արեցիք, ես կզնված եմ ձեր վրա ու ստիպված բոլորիդ գույքը պիտի տամ պարտքերի դիմաց, ինքս էլ մի ձեռք շապիկ-փոխանով դարդոտած կհեռանամ՝ անապատներում առյուծների բաժիններ կդառնամ, եթե իհարկե առյուծները մոսկաների պես վնգստալով ինձնից չփախչեն: Մանկուց երազել եմ առյուծին նստած Էվերեստի գագաթը բարձրանալ ու տեղում դրան մորթել, առյուծի ջիգյար ուտել… Ու լյո՜խ լավ կինի: Թենքյու՜:
-Սեքսոպաթոլոգնե՜ր, հարթակի վրա:
Ամբոխի մեջ նորից խառնաշփոթ է ծագում ու խոսափողի մոտ, իր թիմով՝ կանգնում է ոչ լեգիտիմ իմաստունը.
-Իմ լռության մեջ լսեցի ձեր խնդրանք-աղաղակը եւ եկա, որ ասեմ՝ դուք Ինձ նեղացրել եք, բայց Ես ձեզ ներում եմ, Ես ձեր վերափրկիչ-գործիքն եմ, օգտագործե՛ք ինձ: Եւ Ես կրկնում եմ՝ դուք էլի լավ չեք ապրի, քանի դեռ Իմ հոգեթերապեւտական սեանսներին չեք մասնակցել: Լավ, հիմա ձեզ կտամ հիպնոտիկ, շինիչ կարգավորումներ, դուք կզգաք ուժերի եւ էներգիայի թարմ ներհոսք, դուք առույգ եք, ուրախ, չաղ ու բախտավոր: Իմ մատերի թեթեւ թափահարումների ներքո՝ պարում եք բոլորդ, պարում եք ինքնամոռաց, այնպես, իչպես չէիք պարում լեռան շուրջը: Նոր ժամանակ՝ նոր կարգախոս, եթե պայքարի միջից հանենք այք-ը, կունենանք՝ «Պա՜ր, պա՜ր մինչեւ վերջ»: Տա՜շ, տա՜շ, տա՜շ: Այսպիսով դուք փուլ առ փուլ, կհասնեք ձեր վերջին: Այժմ Ես կանեմ եւս մեկ շինիչ առաջարկ՝ Ինձ վրա այլեւս հույս մի դրեք, մինչ դուք կպարեք, Ես գնամ հանգիստ քնեմ:
-Պարուսույցնե՜ր, հարթակի վրա:
Մինչ ամբոխն անհոգ պարում էր, նորից թնդացին կրակահերթերը…
Համընդհանուր քաոսից ու արյունահեղութունից հետո, անձրեւ է գալիս եւ թիկնապահներն ու քրեականները դատարկ խոսափողի մոտ՝ իրենց հովանոցի ներքո, կանգնեցնում են մի չթրջվող իմաստունի.
-Կարծում եմ, որ «ապահով Շիլդա» ապահովելու համար քաղաքականության մեջ տղայավարի պետք չէ վարվել: Մենք թշնամիներին պետք է շփոթեցնենք, այդ նպատակով, իմ բարձր հովանավորությամբ, ստեղծել ենք խիստ գաղտնի «շիլդիկում» հակասպիդային պրեպարատը: Եվ ահա, նախ բոլորս ինքնավարակվում ենք սպիդով ու մեր թշնամիներին՝ խնդրանքների կամ աղաչանքների ձեւով՝ առանց կմկմալու, կառաջարկենք գալ մեզ մոտ՝ ֆուտբոլ խաղալու: Մեր դարպասապահին կկապենք դարպասաձողից, խաղացողներին կզուգենք սծիլյագաների նման եւ կհրամայենք, որ միայն գնդակներ մատակարարեն հակառակորդին: Մեր շանսը այն է, որ նրանք մեզ 100-ից 90 խփեն, 80 խփեն, 60 խփեն, էդ ա, իչքան ուզեմ՝ էնքան խփեն: Ով էլ չի դիմանա այդ խփոցներին, կնվնվա՝ նրան կասենք. «լսի՛, որ եկել ես ստեղ, լաց ես լինում, մեր տոնը խանգարում ես, որ ի՞նչ անես»: Ամեն մի խփոցից հետո, իմ թիմի անդամները, չեբուրաշկաների նման՝ տեղից վեր-վեր կթռչկոտեն, ծափ կզարկեն, ուռա՜ կգոռան, տռճիկ տալով կփաթաթվեն հակառակորդներին, ես էլ գլխավոր թշնամուն կգրկեմ, կպաչպչենք, կվարակենք սպիդով ու կհաղթենք այդ չհայտարարված բակտերիոլոգիական պատերազմում: Նրանք մեզնից հեռու կփախչեն, իսկ մենք՝ նրանց հալածելով ու հետապնդելով կազատագրենք մեր բոլոր պատմական կազինոները, չէ,՛ չէ՛, մեր պատմական հայրենիքը: Եթե մենք տենց չանենք, մեր խիյարը թարս կբուսնի ու հետո, էլի ինձ պիտի մեղադրեք: Առա՛ջ Շիլդա:
-Վեներոլոգ-բանջարաբույծնե՜ր հարթակի վրա:
Հրապարակում տեղակայված 4-րդ խոսափողն է բռնում այդ խոսափողի իմաստունը.
-Հարգելի ռադիոլսողներ, ա՛յ ժողովուրդ, սրանց մի՛ հավատացեք, սրանք երկիրը լափեցին, երկրի ուղեղն է հիվանդ, սիստեմը սիստեմ չի՛…
-Ոստիկաննե՜ր, 4-րդ խոսափողի մոտ:
Հարթակի վրա իր ամբողջ շուքով կանգնում է մի հոգեւոր իմաստուն.
-Մեր երկրի ու ժողովրդի պայծառափա՜յլ, լուսաճաճա՜նչ, վսեմաշու՜ք ղեկավարներ, իմ հավատավոր շիլդացիներ, քույրեր, եղբայրներ, լավ ուշք դրեք իմ տաղին: Ես հավատում եմ աղոթքի մեծ զորությանը, ուստի հորդորում եմ՝ հանկարծ աղոթք չանե՛ք, աղաղակ մի՛ բարձրացրեք առ մեր Տէր Աստված, որ Նա մեզ վրա չբարկանա ու որեւէ բան չփոխի մեր կյանքում: Եթե իմանամ, որ թաքուն, հավատքով աղոթք անողներ կան, ապա մեկ առ մեկ բոլորի բախտը կանիծեմ ու կարգալույծ կանեմ:
-Հավատացյալնե՜ր, հարթակի վրա:
Հարթակի վրա հյուսիսից իջնում է օդային դեսանտ՝ մի չարեկամ իմաստունի գլխավորությամբ, որին քծնանքով, աղ ու հացով տրվում է խոսափողը.
-Ո՜վ շիլդացիներ, այժմ ես եմ ձեր ողջ գույքի՝ գազի, հոսանքի, կապի, շենքերի, ջրի տերը, ուզեմ կփակեմ, ուզեմ կբացեմ: Դու՛ք եք մեղավոր, ձեր պատճառով բաժանվեցի կնոջիցս՝ վերջերս իմացա, որ տարիներ առաջ, նա ուսանողական շին-ջոկատում մտերմություն է արել ձեզանից մի արայի հետ: Բանակում էլ ձերոնցից մեկն ինձ խանգարեց եւ ինքը եղավ կապտյորշիկ, իսկ մյուսն էլ չթողեց լինեմ խլեբարեզ: Ես էլ որոշեցի դառնալ կգբշնիկ, որ վրեժս լուծեմ: Իմ նախնիները՝ ցարն ու բոլշեւիկները չկարողացան ձեզ ազգովի տեղափոխել Սիբիր կամ Ալթայի երկրամաս, հիմա ես բոլորիդ հրավիրում եմ այնտեղ՝ ապրելու եւ շենացնելու, իմ հոգատար երաշխավորությամբ՝ միառժամանակ, մինչեւ իմ մուժիկները խումարից դուրս կգան ու կուզեն իրենց զգալ երկրի միակ տերը:
-Արտագաղթողնե՜ր, հարթակից՝ չորս կողմի վրա:
Եւ ժողովուրդն առանց հովվի, անհույս ու գլխիկոր, սկսեց շարժվել ցույց տրված ուղղություններով, դատարկվում էր հրապարակն ու ծաղկուն Շիլդան: Մարդիկ այլեւս չէին հիշում, որ իրենք խելացի ու իմաստուն են եղել, կորել էր անգամ նրանց հետին խելքը:
Եւ ահա, նրանց թիկունքում՝ դատարկ մնացած խոսափողին մոտեցան մի խումբ խենթ մանուկներ ու ձայն տվեցին.
-Հայրե՜ր, մայրե՜ր, քույրե՜ր, եղբայրնե՜ր ու՞մ եք լսում: 30 արծաթի դիմաց խիղճը ծախելով՝ որպես չարյաց փոքրագույն, կեղծ փրկիչներ եք շարունակ ընտրում: Մեր միակ Տիրոջն ու Փրկչին մոռացած, մեր սեփական ուժերին անվստահ՝ նրանց եք հավատում, ապավինում, կկուների պես՝ օտար բներում ձվեր դնելու՞ եք գնում: Մեր վաղն այլեւս ձեզ չե՛նք վստահում, մեր խնդիրները մե՛նք պիտի լուծենք: Մե՛րն է Շիլդան, մե՛նք այստեղ ենք մնում:
-Մանուկնե՜ր, հարթակի վրա:

Հանրահավաքի հրապարակից՝ Ա. Հունանյան
Բոլոր զուգադիպությունները պատահական են

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել