Լրահոս
Օրվա լրահոսը

«Տները գրավ են դրած, ոչ հասցնում ենք վարկ մարել, ոչ մեքենան սարքել». Տաքսու վարորդները չեն ցանկանում դեղին համարանիշները փոխել սպիտակով

Հուլիս 09,2014 16:14

Մի խումբ տաքսու վարորդներ այսօր բողոքի ակցիա էին կազմակերպել՝ պահանջելով, որպեսզի մեկ շաբաթվա ընթացքում վերանայվի դեղին համարանիշների վերաբերյալ օրենքը, որի պատճառով վարորդների միջեւ ստեղծվել է անհավասար մրցակցային դաշտ:

Տաքսու վարորդները բողոքում են, որ մեքենաների դեղին պետհամարանիշները սպիտակ պետհամարանիշներով փոխարինելով, մարդիկ այլեւս չեն վստահի իրենց: Նրանք համոզված են, որ եթե նոր օրենքը սկսի գործել եւ դեղին պետհամարանիշները վերանան, ապա ցանկացած ոք կարող է դառնալ տաքսու վարորդ՝ առանց հարկային դաշտ մտնելու:

taxi-1 SAM_2163
Նշենք, որ տրանսպորտային միջոցների մասին օրենքը երկրորդ ընթերցմամբ անցել է Ազգային ժողովում: Օրենքի համաձայն, տաքսու վարորդները այլ վարորդներից տարբերվելու համար դեղին պետհամարանիշների փոխարեն իրենց մեքենայի դիմապակուն փակցնելու են կպչուն թուղթ եւ ունենալու են սպիտակ համարանիշներ:

Ակցիայի ընթացքում տաքսու վարորդներից Գագիկ Պողոսյանը մեզ հետ զրույցում պատմեց, որ ինքը, լինելով տաքսու վարորդ, չի վստահի այն մեքենային, որը չունի դեղին համարանիշ. «Դեղին տաքսին չի կարող 800 դրամի փոխարեն 2000 դրամ վերցնել, իսկ սպիտակ համարանիշով տաքսին կարող է»:

Վարորդի խոսքով՝ դեղին համարանիշներով տաքսու վարորդները, այսինքն` լիցենզավորում ունեցող տաքսու վարորդները, ավելի շատ վնաս են կրում, քան լիցենզավորում չունեցողները: Վարորդի խոսքերով՝ նրանք Վրաստանից մեքենաներ բերելով եւ միայն տաքսու նշան ունենալով, սկսում են աշխատել որպես տաքսի եւ ավելի շատ եկամուտ վաստակում:

Aravot.am-ի հետ զրույցում վարորդը պատմեց, որ դեղին համարանիշներով մեքենաները պարտադիր ապահովագրություն են անցնում, մինչդեռ սպիտակ համարանիշներով մեքենաները չեն ապահովագրում: Սպիտակ համարներով մեքենաների ապահովագրությունը կազմում է 32.000 դրամ, մինչդեռ դեղին համարանիշներով մեքենաները, ապահովագրելու դեպքում 100.000 դրամ են վճարում:
Վարորդները բողոքում են, որ չգրանցված տաքսու վարորդները ավելի քիչ են վճարում եւ ավելի շատ են վաստակում: Պահանջում են, որպեսզի ստեղծվի հավասար մրցակցային դաշտ, որտեղ անօրինական տաքսու վարորդները չխոչընդոտեն իրենց աշխատանքին:
«Քաղաքական դիրքորոշում» հ/կ նախագահ Գեւորգ Դոստուրյանն էլ բողոքի ակցիայի ժամանակ լրագրողներին պատմեց, որ մի քանի հասարակական կազմակերպություններ նամակով դիմել են տրանսպորտի եւ կապի նախարարությանը, որպեսզի կիրառեն տաքսիների վերաբերյալ օրենքը: Նրա խոսքով՝ վարորդները ցանկանում են, որպեսզի դեղին համարանիշները մնան:

«Անցյալ տարի մարտին նախարարը հայտարարել էր, որ ոչ մի տարբերություն չկա, դեղին համարներով քշեն վարորդները, թե՝ սպիտակ»: Նախարարությունում պատճառաբանել էին, թե երկրում գործազրկությունը շատ բարձր մակարդակի վրա է եւ գումար վաստակելու համար թույլատրել էին սպիտակ համարանիշներով վարորդներին որպես տաքսի վարել իրենց մեքենաները. «Տաքսի սերվիսները եւ անհատ վարորդները, տեսնելով, որ նման պրոբլեմ կա երկրում, այլեւս ձայն չբարձրացրին»:

Սակայն, Գեւորգ Դոստուրյանի խոսքով, այս որոշումը ստեղծեց անհավասար մրցակցային դաշտ, եւ այսօր ապահովագրական ընկերությունները չեն կարողանում տարբերել տաքսի ծառայությունների տաքսիները անօրինական տաքսիներից, քանի որ ցանկացած պահի նրանք այդ տաքսու նշանը կարող են հանել իրենց մեքենայի վրայից եւ վարել մեքենան որպես սովորական վարորդ: «Սակայն ուսումնասիրություններից հետո պարզվեց, որ շատ տաքսի ծառայություններում բազմաթիվ վարորդների պահանջարկ կա, միայն տաքսի սերվիսներում 4000 թափուր աշխատատեղ կա»:

Գեւորգ Դոստուրյանի փոխանցմամբ, վարորդները, եթե առաջ 8 ժամ վարում էին եւ կարողանում էին իրենց օրվա հացը վաստակել, ապա այսօր, 15 ժամ աշխատելով, ոչ մեքենան են կարողանում սարքել, ոչ էլ վարկերը մուծել. «Տները գրավ են դրած, ոչ հասցնում ենք վարկ մարել, ոչ մեքենան սարքել»:

Էլյա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031