Էնտերովիրուսային վարակներով 90 հոսպիտալացման դեպք է գրանցվել, սա 20-ով ավելի է նախորդ տարվա համեմատ, հիմնականում 5-8 տարեկաններն են:
Վերջին շրջանում էնտերովիրուսներն ակտիվացել են, մայիսի կեսերից մինչ օրս այս վիրուսով 90 հոսպիտալացման դեպք է արձանագրվել, հիվանդների մեծ մասը 5-8 տարեկան երեխաներ են: Այս մասին այսօր «Զարկերակ» ակումբում ասաց առողջապահության նախարարության իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանը:
Տիկին Սահակյանի ներկայացմամբ` տարվա ընթացքում, այս վարակի մոտ 200 դեպք է լինում, իսկ ակտիվացման սեզոնը գարնան վերջը եւ ամռան սկզբի ժամանակահատվածն է. ընդ որում, նախորդ տարվա համեմատ, այս տարի 20-ով ավելացել են այդ վիրուսով հիվանդացության դեպքերը: Մասնագետի խոսքերով` շատերը կարծում են, թե սա նոր վարակ է, նոր հիվանդություն է, բայց այն միշտ էլ եղել է, պարզապես հիմա լաբորատոր ախտորոշումն է բարելավվել:
Այս վարակը տարածվում է օդակաթիլային եղանակով, եւ այն, ինչպես ասաց տիկին Սահակյանը, արտահայտվում է հարբուխի ձեւով, սուր շնչառական վիրուսային վարակների նման, բացի այս, նաեւ նկատվում է ջերմության կտրուկ բարձրացում, փսխում, որովայնի շրջանում ուժեղ ցավեր, լուծ, թուլացում, նման դեպքերում անհրաժեշտ է անհապաղ դիմել բժշկի:
Կարդացեք նաև
Գայանե Սահակյանը վստահեցրեց, որ էնտերովիրուսի բռնկման դեպքեր չեն արձանագրվել: Վերջերս լուրեր էին տարածվել, որ Երեւանի մանկապարտեզներից մեկում 3 երեխա այս վիրուսով վարակված է եղել: Այս առնչությամբ տիկին Սահակյանը ոչ հաստատեց լուրերը, ոչ էլ հերքեց, սակայն հավաստիացրեց, որ բոլոր մանկապարտեզներում, ամառային ճամբարներում ախտահանիչ միջոցառումներ են կատարել, բաց նաեւ ասաց, որ հարուցիչը բավական երկար ժամանակ է մնում միջավայրում: Բացի այս, ըստ մասնագետի, այսօր հանրապետությունում այս վարակն արդեն նահանջում է:
Շատ կարեւոր է ձեռքերի հիգիենան, քանի որ այս վարակը նաեւ շփման միջոցով է տարածվում, հարկավոր է, Գայանե Սահակյանի ներկայացմամբ, հիվանդի կենցաղային առարկաները հաճախակի ախտահանել:
Հիվանդությունն ունի գաղտնի շրջան, դրա միջին ժամկետը 10 օր է, սակայն, լինում են դեպքեր, երբ գաղտնի շրջանը մինչեւ 35 օր տեւում է: Իսկ գաղտնի շրջանը վտանգավոր է, քանի որ անձը վարակակիր է, սակայն ոչ մի կերպ հիվանդության ախտանշանները չեն երեւում, մինչդեռ տվյալ մարդը կարող է վարակի տարածող լինել:
Վերջին շրջանում էնտերովիրուսային վարակը նաեւ Վրաստանում է գրանցվել, եւ քանի որ ամռան սեզոնին շատ հայեր մեկնում են Վրաստան` Սեւ ծով հանգստանալու, տիկին Սահակյանը հանգստացրեց, ասելով` Վրաստանում այս հիվանդությունն արդեն նահանջել է: Հիմա մեզ մոտ էլ հոսպիտալացման դեպքերն են նվազում: Մասնագետը նաեւ վստահեցրեց, որ այս վարակի դեմ պատվաստանյութ գոյություն չունի:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ