«Կճոյանն ու նախկին վարչապետը պիտի բերեն ու հետ տան նվերները: Բայց միայն նվերները բերելը հերիք չէ, դեռ պիտի պատասխան տան: Շատ մարդ է պատասխան տալու»-Aravot.am-ի հետ զրույցում անդրադառնալով «օֆշորի գործով» կալանավորված Աշոտ Սուքիասյանի փաստաբան Յուրիկ Խաչատրյանի այն հայտարարությանը, թե «Աշոտ Սուքիասյանը ցանկացել է նվեր մատուցել նախկին վարչապետ, այժմ ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան Տիգրան Սարգսյանին և արքեպիսկոպոս Նավասարդ Կճոյանին` նրանց անուններով օֆշորում կազմակերպություն բացելով»,- այսպիսի կարծիք հայտնեց գործարար Փայլակ Հայրապետյանը:
Նա նշեց, թե վերջիններս «մունդռել են գործը, այնքան ստոր բաներ են արել այդ գործի մեջ, ամբողջ բանկը կեղծիքների մեջ թաղված էր»:
Աշոտ Սուքիասյանն իր ցուցմունքներում հայտարարել էր նաև, որ Նավասարդ Կճոյանն ու Տիգրան Սարգսյանը կապ չունեն իր կողմից բացված ընկերության հետ, ստորագրություններն էլ ինքն է դրել: Ըստ պարոն Հայրապետյանի` նման բան հնարավոր չէ. «Ըստ իրենց դատախազի` դա հնարավոր չէ, իսկ որ Աշոտը կեղծիքների թամադա է, դա փաստ է, Աշոտը Սովետական միության ժամանակ ԿԳԲ-ի հսկողության տակ է եղել, քանի որ ինքը միշտ կեղծիքների մեջ է եղել»:
Ունեզրկված գործարարը շատ այլ հակասություններ էլ է տեսնում: Օրինակ` այն, որ «առաջին անգամ Աշոտ Սուքիասյանը գրել էր, թե հաշիվ է բացել, որ իր բիզնեսը ապահով լինի, փաստորեն, վարչապետին ու Կճոյանին իրեն կռիշ է արել: Հիմա` երկրորդ անգամ, գրում է, թե նվեր է տվել»: Նվեր տալու կապակցությամբ պարոն Հայրապետյանը վրդովվեց. «Ուրիշի ապրանքը նվեր ո՞նց են տալիս, մարդ իր ապրանքը չի կարողանում նվեր տալ, ես չեմ իմանում, այդպես ո՞նց է նվեր լինում: Դա անգրագիտություն, խաբեություն է, շշմել եմ, թե մարդ այդքան խաբեբա կլինի՞»:
Կարդացեք նաև
Մեր հարցին, թե մարդ լավություն է արել, «նվեր» մատուցել, պարոն Հայրապետյանն այսպես արձագանքեց. «Թող լավություն անի իմ ունեցածը հետ տա` տուգանքներով հանդերձ: Ամբողջ ունեցվածքս կորցրել եմ, հեղինակություն, ամբողջ երեք տարվա իմ ապրումները: Վաթսուն տարի պետության մոտ եմ աշխատել և մեկ կոպեկ պետությանը պարտք չեմ եղել»:
Մեր դիտարկմանը, միտում չի՞ տեսնում, որ փորձ է կատարվում մեղքը ամբողջությամբ գցել Աշոտ Սուքիասյանի վրա`Նավասարդ Կճոյանին ու Տիգրան Սարգսյանին արդարացնելու համար, Փայլակ Հայրապետյանը պատասխանեց. «Վարչապետն ու Կճոյանն ասել են, թե մեղքը վերցրու քեզ վրա, որ կարողանանք քեզ օգնել»:
Հիշեցնենք, որ այս պահին Փայլակ Հայրապետյանի գույքի վրա արգելանք է դրված: Իսկ հունվարի 31-ին Թբիլիսիում ձերբակալվեց «օֆշորի գործով» հետախուզման մեջ գտնվող Աշոտ Սուքիասյանը: Նրա նկատմամբ մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով` խաբեության կամ վստահությունը չարաշահելու եղանակով առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս պատճառելու, 184-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով՝ գույքային վնաս պատճառելը խաբեությամբ կամ վստահությունը չարաշահելով, որը կատարվել է առանձնապես խոշոր չափերի: Աշոտ Սուքիասյանի նկատմամբ քրեական գործ է հարուցվել նաեւ 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ հանցավոր ճանապարհով ստացած եկամուտների օրինականացումը՝ առանձնապես խոշոր չափերով:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ