Լրահոս
Օրվա լրահոսը

Ամփոփվել են վարչական շրջանների աշխատանքների 2014թ. առաջին կիսամյակի գնահատման և վերլուծության արդյունքները

Հուլիս 09,2014 15:00

Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ, որը վարել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ամփոփվել են մայրաքաղաքի վարչական շրջանների 2014թ. առաջին կիսամյակի ընթացքում կատարած աշխատանքների գնահատման և վերլուծության արդյունքները:

Ներկայացնելով քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներում կատարած աշխատանքների ամփոփ ցուցանիշները` քաղաքապետի խորհրդական Արայիկ Քոթանջյանը նշել է, որ աղյուսակային ընդհանուր սանդղակում անցած վեց ամիսների կտրվածքով առաջին հորիզոնականը զբաղեցրել է Արաբկիր, երկրորդը՝ Ավան, իսկ երրորդ տեղը` Դավթաշեն վարչական շրջանները: 2014թ. առաջին կիսամյակի ամփոփիչ գնահատման և վերլուծության արդյունքներով` ամենացածր ցուցանիշը գրանցել է Կենտրոն վարչական շրջանը:

Անդրադառնալով վարչական շրջանների գրանցած արդյունքներին` քաղաքապետ Տարոն Մարգարյանը, հատկանշելով Արաբկիր վարչական շրջանի գրանցած ցուցանիշը, ընդգծել է, որ այն լավագույնս ապացուցում է գնահատման համակարգի ներդրման արդյունավետությունը. «Բոլորդ եք հիշում, որ դեռևս երկու տարի առաջ Արաբկիրը զբաղեցնում էր 10-րդ հորիզոնականը: Բայց հետևողական և սրտացավ աշխատանքի արդյունքում վարչական շրջանի ողջ թիմը հասավ ցանկալի այն արդյունքին, որն ունի այսօր, ինչի համար և իմ շնորհակալությունն ու գոհունակությունն եմ փոխանցում Արաբկիրի ողջ թիմին: Անշուշտ, գովելի է նաև այն ակնհայտ մրցակցային ոգին, որ ձևավորվել է վարչական շրջանների միջև: Եվ, այս ամենը հաշվի առնելով, ինձ համար անընդունելի է հատկապես այն վարչական շրջանների աշխատակարգը, որոնք նախկինում զբաղեցրել են բարձր հորիզոնականներ, սակայն այսօր զիջել են իրենց դիրքերը: Ըստ այդմ, իմ հորդորն ու պահանջը ձեզանից այն է, որ երբևէ չբավարարվեք ձեռքբերածով ու շարունակեք անել հնարավորը՝ մշտապես բարձր ցուցանիշներ արձանագրելու համար»,- ընդգծել է Տարոն Մարգարյանը:

Ցածր ցուցանիշներ գրանցած վարչական շրջանների ղեկավարներին էլ քաղաքապետը հանձնարարել է լինել առավել հետևողական ու կարճ ժամանակահատվածում փորձել շտկել նկատված բացթողումները: Ըստ այդմ, քաղաքապետարանի համապատասխան վարչությունների պետերին էլ հանձնարարվել է տեղերում աջակցել վերոնշյալ վարչական շրջանների աշխատակազմերին՝ աշխատանքներն առավել արդյունավետ կազմակերպելու և ի հայտ եկած թերությունները շտկելու նպատակով. «Երևանցիների սպասելիքները մեր թիմից իսկապես մեծ են, և մեզանից յուրաքանչյուրը պարտավոր է իր հետևողական, սրտացավ ու ամենօրյա աշխատանքով արդարացնել նրանց սպասելիքները»,- ընդգծել է քաղաքապետը:

Խորհրդակցության վերջում, անդրադառնալով քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներում կատարված և ընթացիկ աշխատանքներին, քաղաքապետ Տարոն Մարգարյանը մեկ անգամ ևս ընդգծել է, որ մայրաքաղաքում համաչափ զարգացում ապահովելու համար պետք է յուրաքանչյուր տարի գերազանցվեն քաղաքային տնտեսության զարգացմանն ուղղված ծրագրերով իրականցվող աշխատանքների արդյունքներն ու ծավալները, ինչը մեծապես պայմանավորված է հենց տեղերում իրականացվող կանոնակարգված գործունեությամբ:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031