Լրահոս
Օրվա լրահոսը

Կառավարությունը նպատակահարմար չի գտնում դադարեցնել տեսանկարահանող սարքերով իրավախախտումներ գրանցելը

Հուլիս 09,2014 14:34

Այսօր «Երկու երես» մամուլի ակումբում տեղի ունեցավ հանդիպում «Դուրս մեր գրպանից» նախաձեռնության անդամների հետ, որի ընթացքում նախաձեռնության մասնակիցներն ամփոփեցին կատարված աշխատանքները, տեղեկացրին հետագա քայլերի մասին:

«Դո՛ւրս մեր գրպանից» նախաձեռնությունը կառավարությանը դիմում էր ներկայացրել, ըստ որի պահանջում էր դադարեցնել տեսանկարահանող սարքերով իրավախախտումները գրանցելն ու առաջարկում էր համաներում շնորհել բոլոր տուժողներին: Նախաձեռնության անդամ Արմեն Եփրեմյանը ներկայացրեց կառավարության արձագանքը. «Մեզ ասացին, որ կառավարությունը աշխատանքային խումբ է ստեղծել, որտեղ ներգրավված են հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Թե ում շահերն են պաշտպանում այդ ներկայացուցիչները՝ պարզ չէ: Միայն նշեցին, որ որոշակի զիջումներ են եղել, կրճատվել են տուգանքների չափերը, բայց ՀՀ կառավարությունը նպատակահարմար չի գտնում այս պահին դադարեցնել տեսանկարահանող սարքերով իրավախախտումներ գրանցելը, կամ տուգանքները չվճարած վարորդներին համաներում շնորհելը: Նրանք ընդունում են, որ սխալ օրենք են ստեղծել, քանի որ արդեն իսկ աշխատանքային խմբի օգնությամբ որոշակի զիջումներ են անում, բայց դեռևս մեծ փոփոխությունների չեն գնում: Մենք շարունակելու ենք պահանջել համաներումը, քանի որ մեր սոցիալական ծանր վիճակը թույլ չի տալիս վարորդներին միլիոնների հասնող տուգանքներ վճարել:

Աշխատանքներ ենք տանում Սահմանադրական դատարան դիմելու ուղղությամբ. ուզում ենք ճշտել՝ արդյո՞ք իրավաչափ են հանրային տարածքում մասնավոր ընկերությունների կողմից գծված կարմիր գծերը, նաև հասկանալ՝ իրավունք ունի՞ պետությունը առանց տեղյակ պահելու արգելափակել մարդկանց մուտքը բանկային հաշիվներ՝ վարորդների կողմից տուգանքը չվճարելու և կրկնապատիկ տույժեր ունենալու դեպքում»:
Արթուր Կռոյանը նշեց, որ կայացավ «Դո՛ւրս մեր գրպանից» նախաձեռնության թվով հինգերորդ երթը, որը իրազեկման նպատակ ուներ: Եթե ոստիկանները չեն խոչընդատում՝ երթերն անցնում են առանց միջադեպերի: Հիմա խնդիր կա երթերն ավելի լայնածավալ դարձնելու, որպեսզի կարողանան ավելի շատ մարդկանց իրազեկել:

Արսեն Պետրոսյանն էլ ներկայացրեց հաջորդ՝ վեցերորդ երթի մանրամասները. «Նախաձեռնությունը որոշել է երթը կազմակերպել հուլիսի 17-ին, ժամը 12:30-ին՝ Վազգեն Սարգսյանի անվան ուսումնարանի հարակից տարածքից: Սա նույնպես լինելու է իրազեկման երթ, որի կարգախոսն է լինելու «Չենք վճարում տուգանքները»: Ցանկանում ենք վարորդներին հորդորել, որ բողոքարկեն անհիմն տույժերն ու տուգանքները: Մենք կոչ ենք անում վարորդներին դատարանները լցնել իրենց բողոքներով. մեր ֆեյսբուքյան էջում  կա դատարան դիմելու ձևի օրինակը, կարող են ներբեռել ու ըստ դրա դիմում ներկայացնել: Մենք ամեն կերպ կփորձենք աջակցել քաղաքացիներին: Նպատակ ունենք նաև իրազեկման երթեր կազմակերպել մոտակա մարզերում»:

Սյունե Սևադա

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031