Շանթ Հարությունյանի եւ նրա ընկերների գործով դատական նիստի ժամանակ այսօր ամբաստանյալների փաստաբանները համատեղ հայտարարությամբ հանդես եկան հետազոտված տեսագրությունների արձանագրությունների վերաբերյալ:
Շանթ Հարությունյանի փաստաբան Ինեսա Պետրոսյանի ներկայացմամբ, երթի մասնակիցների թիվը չի գերազանցել հիսունը, դիմադրությունը սկսել է, երբ ոստիկանը քաշքշել է Շանթ Հարությունյանին, իսկ քաղաքացիների նկատմամբ երթի մասնակիցները որեւէ բռնություն չեն կիրառել: Մինչեւ երթը դադարեցնելը, ոստիկանները նրանց չեն զգուշացրել երթի անօրինական լինելու մասին:
Բախումը տեղի ունեցավ, երբ ոստիկաններից մեկը Շանթ Հարությունյանի պարանոցը բռնեց, ֆիզիկական ուժ գործադրեց: Տեսագրություններում լսվում է Շանթի տասնչորս տարեկան որդու բղավոցը, որը գոռում է, հորը ոստիկանների ճիրաններից ազատելու համար հարվածում է բարձրախոսով:
Բացի այդ, արձանագրության մեջ նշվում է, որ Արմեն Հովհաննիսյանը հրում է ոստիկան Գեղամ Խաչատրյանին, բայց տեսագրությամբ այդ հանգամանքը չի հաստատվել:
Փաստաբանների հայտարարությանը հաջորդեց «Ցեղակրոն» կուսակցության նախագահ Շանթ Հարությունյանի հարցը. «Ոստիկանությունն օրենքով, ի տարբերություն ընդդիմադիր քաղաքացիների, իրավունք ունի՞, օրենքով պաշտպանվա՞ծ է՝ քաղաքացիների նկատմամբ պրովոկացիաներ կազմակերպել ու անպատիժ մնալ»:
Կարդացեք նաև
Դատավորն ասաց՝ ձեր պաշտպանից հարցրեք, դրանք իրավաբանական հարցեր են:
Քիչ անց Շանթ Հարությունյանը կրկին շարունակեց. «Փաստաբանս ասաց՝ ոչ ոք իրավունք չունի քաղաքացու նկատմամբ պրովոկացիա կազմակերպել: Ժամանակին, երբ նոր էի ձերբակալված, ասացի, որ մեր կոնֆլիկտը եղել է ոստիկանության հետ, պնդում եմ, որ քննչական գործողությունը կատարի երրորդ մարմին: Ոստիկանությունը շահագրգիռ մարմին է, գործի քննությունը տվել են իրեն, որ ծածկադմբոց անի: Դուք մերժեցիք, հասկանում եմ, որ քաղաքական պատվեր է: Ոստիկանները, քաղաքական հաշվեհարդարից ելնելով, պրովոկացիա են արել, քննիչներն էլ բազմակողմանի չեն քննել գործը:
Եթե համակողմանի ուսումնասիրություն արվեր, ապա կտեսնեիք տեսանյութում՝ մի հոգի կար, ինձ ասում էր ինչու ես հայհոյում, իրեն պատասխանում եմ, ինքը չի լսում, ասում է ՝ էսքանն էր ինձ պետք : Եթե պրովոկատոր չէր, թող քննիչները պարզեին, որ պրովոկատոր չէ: Էդ մարդը ինձ կպնում է, հավասարակշռությունից հանում է, ես հո ռոբոտ չեմ: Եթե ոստիկանները օրենքով սադրելու իրավունք ունեն, թող հայտարարեն»:
Հետ նա անդրադարձավ երթի օրը Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանի հետ ունեցած առանձնազրույցին.«Թեւս մտավ, տարավ, թող քննիչները պարզեն, ինչ էր ինձ ասում: Պահանջում եմ՝ Օսիպյանը գա այստեղ ու ասի, եթե Շանթը խուժան էր, բռնեիք տանեիք: Կարող է ասում էր, Շանթ դուրս եկար փողոց, կռիվ եմ սարքելու կալանավորեմ, տանեմ: Օսիպյանի ասածները իր խորքում կրում է պրովոկացիա… Սա քաղաքական հաշվեհարդարի խնդիր է: Պետությունը ԱԱԾ-ի ցուցումով փորձել է պրովոկացիայի մեջ մեզ ներքաշել: Իմ արարքի համար էլի եմ ասում՝ ճիշտ եմ արել, լավ եմ արել, դուրս գամ էլի եմ անելու: Այստեղ տղերք կան, որ համամիտ են իմ հետ, հակառուսական հայացքների հետ, կան տղերք, որ պրոռուսական են, բայց բոլորս մի մտքի ենք եղել՝ ՝ Հայաստանի ժողովրդին իշխանությունները նպատակային առումով փչացնում են, իշխանությունները սրիկա են, պետք է հեռացվեն»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ