Ֆուտբոլի աշխարհի առաջնության կիսաեզրափակչում Գերմանիայից Բրազիլիայի կրած 1:7 հաշվով խայտառակ պարտությունը սոցցանցերում քննարկման գլխավոր թեման է: Aravot.am-ը հետաքրքրվեց, թե այդ մասին ի՞նչ են մտածում Հայաստանում:
Վահե Էնֆիաջյան: ԱԺ պատգամավոր. «Որպես կայացած թիմի, անսպասելի էր Բրազիլիայի այդպիսի պարտությունը: Ամեն դեպքում շատ հետաքրքիր խաղ էր, որում Գերմանիան, պարզապես, փայլում էր: Ինքս երկրպագում եմ Գերմանիային, բայց որ այդպե՜ս կհաղթեր… ինձ համար մի փոքր էլ անտրամաբանական էր: Առաջին խաղակեսում բրազիլացիների հետ մի փոքր էլ անհասկանալի բան էր կատարվում: Կարծում եմ՝ Նեյմարի բացակայությունն, այնուամենայնիվ երեւում էր… Դժվարանում եմ ասել, թե եզրափակչում ով կլինի Գերմանիայի մրցակիցը: Արգենտինան էլ, Հոլանդիան էլ արժանի են»:
Կարդացեք նաև
Գրիգորի Պետրոսյան, Մոսկվա: «Միր» միջպետական հեռուստառադիո ընկերության խմբագիր. «Բոլորի պես շոկի մեջ եմ: Հավատում էի, որ Գերմանիան կհաղթի, բայց 7:1` ոչ: Առաջին գոլը բաց թողնելուց հետո Բրազիլիան խուճապի մատնվեց: Երկրորդ գնդակը արդեն մահացու հարված էր եւ բրազիլացիները, ինչպես ասում են, չկային: Կարծում եմ՝ եզրափակչում Գերմանիան կհաղթի Նիդերլանդներին»:
Սոնա Շահգելդյան: Երգչուհի. «Շատ եմ սիրում ֆուտբոլը եւ միշտ հետեւում եմ, քանի որ մորեղբայրս՝ Արմեն Շահգելդյանը, ֆուտբոլիստ է եղել: Բրազիլիան, որ իմ ամենասիրելի թիմերից մեկն է, պարտվեց: Բայց մեկ խաղով ոչինչ չի որոշվում: Ֆուտբոլը թիմային խաղ է, սակայն բախտի եւ հաջողության գործոնն էլ, իհարկե, կա: Գերմանիան շատ լավ խաղաց: Ճիշտն ասած, սպասում էի Գերմանիայի հաղթանակին: Ասեմ, որ կարողանում եմ ճիշտ կռահել թե ով կհաղթի: Այս խաղում կռահել էի Գերմանիայի հաղթանակը, թեեւ ավելի շատ հարավամերիկյան ֆուտբոլն եմ սիրում: Հիմա էլ կռահում եմ, որ եզրափակչում լինելու է Եվրոպա-Հարավային Ամերիկա մայրցամաքների պայքար եւ աշխարհի չեմպիոն դառնալու է Արգենտինան: Գուցե, սխալվեմ: Բայց՝ դժվար»:
Աշխարհի չեմպիոն, ծանրորդ Տիգրան Մարտիրոսյանը, որ Բրազիլիայի երկրպագուն է, ասաց. «Ես հիմա հավաքականի հետ Ծաղկաձորում ուսումնամարզական հավաքում եմ: Ապրում ենք մարզական ռեժիմով: Այնպես որ, այդ խաղի ժամանակ քնած եմ եղել»:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ