«Ո՞րն է առաջնահերթ`Սահմանադրության ընդունումը, թե՞ սոցիալ-տնտեսական խնդիրների լուծումը: Տպավորություն է, թե մենք մի իրավական փաստաթղթի մշակմամբ ենք զբաղված`անտեսելով առկա սոցիալ-տնտեսական խնդիրները»,- Գավառում, սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի հասարակական քննարկումների ժամանակ նման դիտարկումներ արեց նախագահին կից սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամ Գեւորգ Դանիելյանը: Նա «թյուր պատկերացում» է որակում նման մոտեցումը, քանի որ սահմանադրական բարեփոխումները, իր հավաստմամբ, միտված են հենց քաղաքացիների կյանքի բարելավմանը:
Գեւորգ Դանիելյանն անդրադարձավ դատական համակարգում առաջարկվող փոփոխություններին: Մխիթար Գոշի դատաստանագրքից խոսեց`նկատելով, որ այն ամբողջովին արտացոլում է Աստվածաշունչը: Ասաց, որ այդտեղ տեղ գտած դրույթներում կան միջազգային իրավունքում ընդունված շատ կետեր: «Դեռ իր ժամանակ Գոշը գրել է, որ կարիք չկա, որ սրիկաները երդվեն, դա ոչ իրավական, ոչ էլ բարոյական արժեք չունի»,- մասնավոր օրինակ բերեց բանախոսը`սահուն անցում կատարելով իշխանական ճյուղերի տարանջատման, իշխանության որեւէ ճյուղի իրավունքների սահմանափակման` հայեցակարգով առաջարկվող հարցերին:
Խոսեց նախագահի թեկնածուի կողմից ութ միլիոն դրամ գրավի մուծման մասին: ՏԻՄ-ում առաջարկվող փոփոխությունների, մասնավորաբար, համայնքների խոշորացման մասին եւ այլն:
Անցնելով մարդու ազատություններին եւ իրավունքներին, ասաց, որ պետք է տարբերել ազատությունն իրավունքից: «Այն, որ խոսում ենք խղճի եւ դավանանքի ազատության մասին, չի նշանակում, որ պետությունը շահագրգիռ է տարբեր կրոններ լինեն եւ մեր բնակչության յոթանասուն տոկոսը լինի մահմեդական»:
Կարդացեք նաև
Գեւորգ Դանիելյանը կարեւորեց նաեւ հայեցակարգում առաջարկվող հանրաքվեի ինստիտուտի ընդլայնումն ու ամրապնդումը: Ասաց, որ այս ինստիտուտի ընդլայնած հնարավորությունը նաեւ միտված է քաղաքական փոքրամասնության լիազորությունների մեծացմանը: «Սրա տրամաբանական շարունակությունն այն է, որ ընդդիմությունը հնարավորություն ունենա քաղաքացիական նախաձեռնությունների դիմել: Չեն կարող հրապուրվել ու անընդհատ ինչ-որ հարցեր առաջ տանել, պետք է ճշգրիտ հաշվարկ անեն`դրական արդյունքի հասնելու համար, այլապես կհեղինակազրկվեն»,- ասաց Գեւորգ Դանիելյանը:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ