Լրահոս
Օրվա լրահոսը

«Սա մենյու է, թե՞ Սահմանադրություն». Գավառում քննարկվում են սահմանադրական բարեփոխումները

Հուլիս 09,2014 13:07

-Բորշ բերեք:

– Չկա:

-Լավ`քյուֆթա:

-Չկա:

-Այդ դեպքում`խորոված միս:

-Չկա:

-Չեմ հասկանում, սա մենյո՞ւ է, թե՞ Սահմանադրություն:

Խորհրդային տարիներին այլախոհներից մեկից լսած այս անեկդոտն այսօր ՀՀ նախագահին կից սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամ Դավիթ Հարությունյանը պատմեց Գավառում` սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի նախագծի հանրային քննարկման ժամանակ:

Անեկդոտից սահուն անցում կատարելով քննարկվող հայեցակարգին, Դավիթ Հարությունյանը նկատեց, որ սահմանադրական բարեփոխումների բուն նպատակն է մարդու իրավունքները դարձնել երաշխավորված: Թղթի վրա գրվածը պետք է երաշխավորել`հենց թղթի վրա ճշգրիտ նկարագրելով այն, ինչն ուզում ենք:
Գավառի մարզպետարանի դահլիճում կայացած հանրային քննարկման ժամանակ բանախոսները` ՀՀ նախագահին կից սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամներ Դավիթ Հարությունյանը, Գևորգ Դանիելյանը, փորձեցին հնչեցնել հարցերի պատասխանները`ինչո՞ւ պետք է փոխենք Սահմանադրությունը, ի՞նչ ուղղությամբ եւ ի՞նչ կտա դա մեզ:

Դավիթ Հարությունյանը նախ անդրադարձավ ՀՀ-ում Սահմանադրության պատմությանը: Առաջին սահմանադրությունն, ըստ նրա, թերի էր հանրապետության նախագահի գերլիազորությունների իմաստով: Նկատեց, որ ունեինք մի շարք խնդիրներ, որոնք գալիս էին ուժեղ, կենտրոնացված պետության գաղափարից: Դավիթ Հարությունյանը գտնում է, որ եթե 1995-ի Սահամանադրությունը կատարեց իր առջեւ դրված խնդիրը, ապա տասը տարի անց այն դարձավ հետադիմական: 2005-ի փոփոխված Սահմանադրության մասով էլ նկատեց, որ բավական լուրջ փոփոխություններ եղան`նահանջ կատարելով ուժեղ, կենտրոնացված պետության գաղափարից. «Լուրջ բարեփոխումներ արվեցին, բայց դրանք երբեւէ վերջնական չի կարելի համարել: Այսօր ժամանակն է մտածել նոր քայլի մասին»:
Իր ելույթի հիմնական մասը Դավիթ Հարությունյանը նվիրեց մարդու երեք տիպի իրավունքներին` ազատություններ, հիմնական իրավունքներ, այլ հիմնական իրավունքներ, որոնք նկարագրված են, բայց տարանջատված չեն: «Դրանք այսօր բոլորը մի կաթսայի մեջ են լցրած, ինչն էլ բերում է թերահավատության»,-ասաց նա`հավելելով, որ պետությունը պետք է չխանգարի`մարդու իրավունքն իրականացնելու համար: Որոշ դեպքերում` անվճար կրթության եւ սոցիալական իրավունքների մասով, անգամ պետք է օգնի: Եթե երկիրն ամբողջ ծավալով չի կարող դրանք ապահովել, ապա այդ իրավունքն օրենքով պետք է ապահովվի:

«Այս հարցերը պետք է հստակեցնել, ավելի լավ է գրենք այն, ինչը կարող ենք անել: Բավական է գրել ինչ-որ մի բան, ինչը տեսականորեն հնարավոր չի, արդեն արժեզրկում ես ամենը: Հստակ պետք է նշենք, թե ինչ կարող է անել պետությունը`մարդու իրավունքի առումով: Այդ բոլոր հարցերը պետք է լրացուցիչ հստակեցվեն»,- ասաց բանախոսը:
Բերելով Անգլիայի գաղութ Հնդկաստանում աղի արտադրության հայտնի օրինակը, Դավիթ Հարությունյանն ասաց, որ «Մենք մեզ պետք է ճիշտ ուղու վրա դնենք»:

Դավիթ Հարությունյանը խոսեց նաեւ իշխանության հավասարակշռման եւ բաժանման հարաբերակցությունների մասին, որոնք երկիրը պատշաճ զարգացնելու հնարավորություն կընձեռեն՝ խորհրդարանական կառավարման անցնելու մասին, դատական համակարգի անկախության մասին եւ այլն: Ասաց, որ, օրինակ, հանձնաժողովում կան բազմաթիվ տարակարծություններ`ԱԺ-ի եւ նախագահի միաժամանակյա կամ հերթականությամբ ընտրության հարցի վերաբերյալ: Ի՞նչ ճանապարհով գնալ`հարցի պատասխանն ակնկալվում է հանրությունից: Հայեցակարգում տարբերակներ են առաջարկվում:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Արթուր says:

    2005-ի փոփոխված Սահմանադրության մասով էլ նկատեց, որ բավական լուրջ փոփոխություններ եղան`նահանջ կատարելով ուժեղ, կենտրոնացված պետության գաղափարից. –կներեք պարոն Դ.Հարությունյան, միգուցէ հիշենք թէ դուք ինչ պաշտոնի էիք ?

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031