2013 թվականին եվրոպական երկրներում հայաստանցիներին ապաստան տրամադրելու կամ մերժելու վերաբերյալ ընդհանուր առմամբ 5 հազար 585 որոշում է կայացվել, որոնցից միայն 9 տոկոսը` մոտ 500 դիմում է բավարարվել:
Ապաստան ստանալու հայաստանցիների դիմումների մեծ մասը` շուրջ 90 տոկոսը մերժվել են Եվրոպական միության երկրների կողմից, սակայն 2012 թվականի համեմատ մերժումները պակասել են 11 տոկոսով:
Հայաստանին վերաբերող այս պատկերն է ներկայացնում Փախստականներին աջակցող եվրոպական գրասենյակի հրապարակած տարեկան զեկույցը:
Բալկանյան երկրների դեպքում դրական պատասխանը շատ սակավ է հնչում` բոլոր դիմումների միայն 2-8 տոկոսն է բավարարվում, ցուցանիշը ցածր է նաև Հայաստանի և Վրաստանի դեպքում՝ 2013 թվականին Հայաստանի քաղաքացիների դիմումների 9 տոկոսն է բավարարվել, իսկ վրաստանցիների դեպքում՝ միայն 5 տոկոսը:
Կարդացեք նաև
Զեկույցը փաստում է, որ 2013-ին Եվրամիության տարածքում ապաստան փնտրողների թիվը աննախադեպ աճել է: 2012-ի համեմատությամբ ապաստան հայցողների թիվն աճել է 30 տոկոսով և կազմել ավելի քան 435 հազար մարդ: 2008 թվականից ի վեր, ինչ սկսվել է ուսումնասիրությունը, սա ապաստան փնտրողների ամենամեծ ցուցանիշն է:
Փախստականների ամենամեծ հոսքը 2013 թվականին Սիրիայից է գրանցվել՝ բոլոր դիմումների 12 տոկոսը պատերազմի ճիրաններում գտնվող այդ երկրից է ստացվել:
Երկրորդ տեղում դիմումների քանակով Ռուսաստանն է եղել` 41 հազար ռուսաստանցի է դիմել Եվրոպայում ապաստան ստանալու համար: Դիմողների մեծ մասը, զեկույցի համաձայն, Հյուսիսային Կովկասից են, հիմնականում նրանք ապաստան են խնդրել Գերմանիայից և Լեհաստանից:
Տաթեւիկ ԼԱԶԱՐՅԱՆ
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում