Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Շուշան Պետրոսյան. «Լավ, մեկին էլ ոչնչացրիք, հետո՞, երկիրն այդպե՞ս է փրկվելու». «Հայոց աշխարհ»

Հուլիս 09,2014 11:56

Հատված ՀՀ վաստակավոր արտիստ, ԱԺ պատգամավոր ՇՈՒՇԱՆ ՊԵՏՐՈՍՅԱՆԻ հետ հարցազրույցից:

-Մեր ընկալումներում, կարծես, իրար են խառնվել պետություն, հայրենիք, իշխանություն հասկացությունները: Պետությունը նույնացնում են իշխանության հետ ու, դժգոհելով երկրում տիրող անարդարություններից, իրենց իրավունք վերապահում հայտարարել՝ երկիրը վատն է, ազգը վատն է:

-Գիտեք, նման խառնաշփոթ չի լինի, եթե նախ հաշվի առնեն, որ ամենից բարձրը հայրենիքն է, ուրեմն եւ հայրենիքիդ խորհրդանիշերը՝ դրոշդ, գերբդ, նախագահդ, արժանի են հարգանքի: Եվ եթե սա գիտակցվի, կռիվ տալն էլ գոնե բարեկիրթ կլինի, ոչ թե էժանագին խոսքերով համեմված:

Ընդ որում, դա անում են մարդիկ, որոնք չեն էլ պատկերացնում երկրի հոգսի չափը՝ գոնե աշխարհաքաղաքական իրողություններից ելնելով: Եթե հաշվի առնեն այս ամենը, կրկնում եմ, կռիվն ավելի բարեկիրթ կլինի. գուցե ծիծաղելի է հնչում «բարեկիրթ կռիվ» ասվածը, բայց սա է ճշմարիտը:

Երբեմն տեսնում ես՝ 300 տարվա պատմություն ունեցող պետության ներկայացուցիչը ինչպես է հարգում իր պետության խորհրդանիշերը, խորը հարգանք տածում իր երկրի նախագահի հանդեպ, եւ դա անում է իշխանության դեմ նաեւ բողոքելով: Իսկ մեր մամուլում տեղ են գտնում պետությունը նվաստացնող, վարկաբեկող հոդվածներ: Դա հարիր չէ մեզ, դա դավաճանության պես մի բան է, մանավանդ երբ աշխարհն այնքան թափանցիկ է, իսկ լրատվամիջոցներն այնքան բաց աշխարհի աչքի առաջ:

Մինչդեռ պետք է, ու պարտավոր ենք զգոն լինել. աշխարհաքաղաքական իրողությունները, շարունակվող պատերազմը, մեր հարեւանների հայատյացությունը, աշխարհին ու մեզ ուղղված նրանց պահանջներն ու առեւտուրը մեզանից զգոնություն են պահանջում: Անկախ մեր ներքին կռվից, անհամաձայնությունից, մենք պետք է իրար ձեռք բռնած լինենք:

Մինչդեռ այդպես չէ: Պահեր են լինում, երբ տեսնում ես, թե ինչպես ոմանք պատրաստ են իրենց պես չմտածողին Լինչի դատաստանի ենթարկել:

Լավ, մեկին էլ ոչնչացրիք, հետո՞, երկիրն այդպե՞ս է փրկվելու: Ատելությունն ու չարությունը անհամատեղելի են աշխարհում առաջինը քրիստոնեություն ընդունած ազգին, որի մեծագույն գաղափարը սերն է: Կուզենայի հանդարտվեինք: Գիտեք, աշխարհում շատ-շատ վատ ապրող երկրներ կան, ողորմելի վիճակում ապրող ժողովուրդներ: Ես հասկանում եմ, որ հայերիս պահանջներն ավելին են, բայց հարցերն ատելությամբ չես լուծի:

Համակարգչի դիմաց, հարմարավետ աթոռին թիկնած, թանկարժեք սուրճով լի գավաթը ձեռքին սկսում են սոցցանցերով աղաղակել, թե սահմանամերձ գյուղերը հայաթափվում են ու գործ անողին էլ տարբեր էպիտետներ կպցնում: Գուցե մի օր բազմոցի մեջ նստածը կամ էլ սրճարանում թանկարժեք հեռախոսը ձեռքին քաղաքական, ազգային խնդիրներ լուծողները հասկանա՞ն, գիտակցե՞ն, որ հարցերն այդպես չեն լուծվում, ու իրենց հարց տան՝ իսկ մենք ի՞նչ ենք անում, որ մեր գյուղերը չդատարկվեն: Ի՞նչ ես անում դու քո չափով:
Հակառակ դեպքում այդ ամենը շատ տգեղ է, իսկական գրոտեսկ: Մարդ կա՝ Արգավանդից այն կողմ քիթը դուրս չի հանել, բայց իրեն կարող է թույլ տալ խոսել մեր ամենամեծ ձեռքբերման՝ հայոց բանակի մասին, ու խոսել ինչպիսի՛ քամահրանքով:

Արմինե ՍԻՄՈՆՅԱՆ

Հարցազրույցն ամբողջությամբ՝ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031