Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուսական կողմը ձգձգում է պարզունակ մի վարկի տրամադրումը Հայաստանին. «Հայկական ժամանակ»

Հուլիս 09,2014 10:53

Սերժ Սարգսյանը 2008-ին հայտարարեց, թե առաջիկա տարիներին Հայաստանը սկսում է նոր ատոմակայան կառուցել։ «Առաջիկա տարիները» անցան, ատոմակայանի շինարարությունը չսկսվեց։ Ամբողջ հույսը ռուսական ներդրումներն էին, որոնց շնորհիվ պետք է ֆինանսավորվեր նոր ատոմակայանի շինարարությունը։

Վերջնականապես համոզվելով, որ նոր ատոմակայանի կառուցումը իրականություն չի դառնալու՝ այս տարվա փետրվարին ՀՀ կառավարությունը որոշում կայացրեց 10 տարով երկարաձգել գործող ատոմակայանի շահագործման ժամկետը, որը ավարտվում է 2016 թվականին։ Իսկ դա առնվազն 300 միլիոն դոլարի ծախս է պահանջում։ Որոշում կայացվեց կրկին դիմել Ռուսաստանին։

Ամենաուշագրավն այն է, որ Հայաստանը ցանկանում է այդ 300 միլիոն դոլարը ոչ թե որպես ներդրում, այլ վարկ վերցնել։ Թվում էր խնդիրներ չեն ծագի՝ հո ողորմություն չենք խնդրում, վարկ ենք ուզում, որը փակելու ենք տոկոսներով հանդերձ։ Սակայն, նույնիսկ այս .դեպքում խնդիրներ առաջացան։ Վարկը պետք է տրամադրվեր այս տարվա մայիսի 1-ին։ Հիմա հուլիսի կեսերն է, այսինքն ժամկետից անցել է երկուսուկես ամիս, իսկ վարկից նորություն չկա։

Եթե «Նաիրիտի» դեպքում ժամկետները այնքան կարեւոր չեն, ապա ատոմակայանի դեպքում ժամկետը սկզբունքային նշանակություն ունի։ Խնդիրն այն է, որ 2016-ից հետո ատոմակայանը առանց արմատական հիմնանորոգման այլեւս չի կարող շահագործվել ամենապարզունակ անվտանգության կանոններից ելնելով։ Իսկ որպեսզի մինչեւ 2016 թվականը ատոմակայանի շահագործման ժամկետը 10 տարով երկարաձգելու աշխատանքները ավարտեին, ապա դրանք հիմա պետք է սկսված լինեին։ Խնդիրն այն է, որ այդ գումարի մի զգալի մասը պետք է ծախսվեր ատոմակայանի ընթացիկ վիճակը ուսումնասիրելու, գնահատելու, աշխատանքների կատարման նախագծեր պատրաստելու համար, ինչից հետո միայն սկսվեին բուն աշխատանքները։ Եվ այդ աշխատանքների ամեն ժամ ուշացումը նշանակում է, որ ճիշտ այդքանով կհետաձգվի ատոմակայանի հիմնանորոգման աշխատանքների վերջնաժամկետը։

Առաջին հայացքից աննշան թվացող այս հանգամանքը իրականում չափազանց մեծ ազդեցություն կունենա էներգահամակարգի համար։ Հիշենք, որ անցած տարի ատոմակայանի՝ սպասվածից ընդամենը 88 օր ավել կանգնած լինելու պատճառով էլէներգիայի սակագինը Հայաստանում բարձրացավ 10 տոկոսով։ «Նաիրիտի» դեպքում ներդրումներ կատարելու որոշումը ուշացնելը կարելի է բացատրել զուտ տնտեսագիտորեն։ Կարող է «Ռոսնեֆտը» հաշվարկել է եւ կասկածելի է համարում ներդրումներ կատարելու նպատակահարմարությունը, եւ դա հասկանալի կարող է լինել։ Բայց այն, որ ռուսական կողմը ձգձգում է պարզունակ մի վարկի տրամադրումը Հայասստանին, այն էլ ատոմակայանի հիմնանորոգման խիստ հրատապ աշխատանքները տապալելու հեռանկարով, դա արդեն, մեղմ ասած, անհասկանալի է:

Ի՞նչ խնդիրներ են ծագել, ինչո՞ւ է Ռուսաստանն իրեն այդպես պահում՝ դա թերեւս քաղաքագետների վերլուծելու թեման է։ Բայց այն, որ որքան Հայաստանի գործող իշխանությունը անմնացորդ տրվում է Ռուսաստանին, այնքան Ռուսաստանի վերաբերմունքը Հայաստանի նկատմամբ վատթարանում է, դա փաստ է:

Հայկ ԳԵՎՈՐԳՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Ceyran says:

    Փեշից կախվածին նույնիսկ հարազատ մայրն էլ չի սիրում,նա ամեն ինչ տալիս է իրենից հեռու ապրող որդուն վերադարձնելու համար:Հիմա մենք ՌԴ-ի փեշից կախված ենք և դրանից պոկվելու փորձ չեք էլ անում:Այժմ ՌԴ -ի նպատակը իրենից հեռու ,, պտտվող,, Ադրբեջանին իր փեշի տակ վերցնելն է,որի համար ոչինչ չի խնայի:

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031