Լրահոս
Օրվա լրահոսը

Հովհաննես Իգիթյանը` ԵԽԽՎ-ում հակաադրբեջանական բանաձևի նախագծի մասին. «Սա բանաձև չէ, այլ 27 պատվիրակների կարծիք»

Հուլիս 09,2014 10:35

«Սա բանաձև չէ, այլ 27 պատվիրակների կարծիք: Միայն ութ հայ պատգամավորների համար է այն հակաադրբեջանական, մնացածները երևի թե մտահոգված են ադրբեջանական լրագրողների դեմ հալածանքով»,-Aravot.am-ի հարցին` արդյոք շարունակո՞ւմ է մնալ այն կարծիքին, որ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում (ԵԽԽՎ) Հայաստանն այսպիսի թույլ պատվիրակություն երբեք չի ունեցել, մինչդեռ արդեն երկրորդ հակաադրբեջանական բանաձևն է ԵԽԽՎ-ում շրջանառության մեջ դրվել, այսպես պատասխանեց ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության նախկին ղեկավար Հովհաննես Իգիթյանը:

Հիշեցնենք, որ ԵԽԽՎ ամառային նստաշրջանում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հակահայկական ելույթից հետո, երբ հայ պատվիրակները չարձագանքեցին նրան, պարոն Իգիթյանը կարծիք հայտնեց, թե «ԵԽԽՎ-ում այսպիսի թույլ պատվիրակություն Հայաստանը երբեք չի ունեցել»:

Սակայն նստաշրջանի աշխատանքների ընթացքում պարզ դարձավ, որ ԵԽԽՎ-ն ընդունել է ԵԽԽՎ հայկական պատվիրակության նախաձեռնությամբ շրջանառության մեջ դրված` Ադրբեջանում կոռուպցիայի մասին գրող հետաքննող լրագրողների նկատմամբ կատարվող ճնշումների մասին բանաձևի նախագիծը: ԵԽԽՎ պատվիրակության անդամ Արփինե Հովհաննիսյանն էլ այս առիթով նշել էր. «Նման նախաձեռնությունների թեմատիկան համաեվրոպական է, նախաձեռնությունը կարևոր է նրանով, որ այն շուրջ երկու տարի օրակարգի մեջ է լինելու և անընդհատ շրջանառվելու է»:

Ի հակադրություն վերը նշվածի` պարոն Իգիթյանն այսպիսի կարծիք հայտնեց. «Հայ պատգամավորները բազմիցս ապացուցել են, որ իրենց չի հետաքրքրում խոսքի ազատությունը կամ քաղբանտարկյալները, թե՛ Հայաստանում, թե՛ այլ երկրներում: Այդ պատճառով օբյեկտիվ չէ և ԼՂՀ-ի հարցին որևէ օգուտ այն չի բերի: Անկախ այն բանից, թե ինչ ստորագրություններ են հավաքվում այնտեղ, ես նորից եմ կրկնում` հայկական պատվիրակությունը Եվրախորհրդարանում պետք է այս ընտանիքի մաս լինի, այլ ոչ թե «եվրոպացի» լինելու իմիտացիայով զբաղվի կամ հակաադրբեջանցի ձևացնի: Իսկ դրա համար պետք է լեզուներ իմանան, տեղյակ և մտահոգված լինեն Եվրոպային հուզող բոլոր գործընթացներով, հարգված և ճանաչված լինեն ԵԽԽՎ-ում»:

Պարոն Իգիթյանը ևս մեկ անգամ կրկնեց. «Ալիևին պետք է միանգամից, թեկուզ հարցերի տեսքով, տեղը դնեին, և ոչ միայն մարդու իրավունքների հարցում, այլ նաև ԼՂՀ հարցում և ագրեսիվ ռազմական գործողությունների համար»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031