Արգենտինա պաշտոնական այցի շրջանակներում Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է նաև հայ ազգային կուսակցությունների տեղական կազմակերպություններ՝ ՀՅԴ, ՀԲԸՄ, ՌԱԿ, ծանոթացել այդ կազմակերպությունների կողմից մշակութային, բարեգործական և մարզական միությունների գործունեությանը, ինչպես նաև տեղի հայկական պարբերականների աշխատանքներին:
Արմենիա Մշակութային Ընկերակցության Եդուարդ Սէֆէրեանի անուան կենտրոնում հյուրընկալության ընթացքում Նախագահը շնորհակալություն է հայտնել կենտրոնի գործունեության և Հայաստանի պատվիրակությանը ջերմ ընդունելության համար: Ընդունելության ժամանակ կենտրոնի ներկայացուցիչները Հանրապետության Նախագահին հանձնել են «Մենք անկեղծ զինուոր ենք» գրությամբ նվեր, ինչի կապակցությամբ իր շնորհակալական խոսքում Սերժ Սարգսյանը նշել է. «Այս խոսքերն անչափ պարտավորեցնող են, որովհետև մեզնից յուրաքանչյուրը զինվոր է. զինվոր է իր պարտականությունների շրջանակներում, զինվոր է իր պատասխանատվության շրջանակներում, զինվոր է իր գաղափարի համար, և ես չափազանց ուրախ եմ, որ մեր ազգային կառույցները, մեր ազգային կուսակցությունները մեզ հպարտություն են ներշնչում, և մենք նաև դրանով տարբերվում ենք ուրիշներից: Ես շատ լավ հասկանում եմ, որ մեր հակառակորդները ոչ միայն աշխարհի այս մասում, այլ նաև տարբեր մասերում փորձում են աշխուժանալ, փորձում են իրենց շահն առաջ տանել, և մենք իրավունք չունենք դրանում նրանց մեղադրել, որովհետև իրենք էլ իրենց շահն են առաջ տանում: Մեր խնդիրն է, որպեսզի մենք մեր ջանքերը նորոգենք, մեր խնդիրն է, որպեսզի եկող սերնդի մեջ այս կրակը վառ պահենք մի կողմից` ամրապնդելով Հայաստանում պետականությունը, մյուս կողմից ամրապնդելով Սփյուռքն ու մեր կառույցները: Մենք իրարով ենք ուժեղ: Մենք միասին շատ բան կարող ենք անել: Ես շատ լավ հասկանում եմ կոնկրետ Հարավային Ամերիկայում` Արգենտինայում, Ուրուգվայում և այլ տեղերում նրանց ջանքերի նպատակը: Եվ նրանք իրենց ջանքերն էլ են ներդնում այնտեղ, որտեղ մենք ուժեղ ենք, բայց եթե մենք պետք է այս պայքարում զիջենք, ուրեմն, տևական ժամանակ հետո, այս շենքում ուրիշները պետք է լինեն: Ես վստահ եմ, որ այդպես երբեք չի լինելու: Ես վստահ եմ, որ, ընդհակառակը, գնալով մեր շենքերի թիվն էլ է ավելանալու, մեր համակիրների շարքերը մնալու են հոծ: Եվ իհարկե, նաև շնորհիվ այս գաղափարի` մենք բոլորս զինվոր ենք, այո, զինվոր ենք, և զինվոր էլ մնալու ենք: Այսպես կարելի է միայն Հայաստանը ուժեղացնել: Շատ-շատ շնորհակալ եմ ջերմ ընդունելության համար: Շատ շնորհակալ եմ: Մենք միասին շատ բան կարող ենք անել»:
ՀԲԸՄ-ում ևս Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և Միության պատվավոր հյուրերի գրքում թողած գրության մեջ ընդգծել է, որ Հայաստանի իշխանությունները շատ բարձր են գնահատում այն ազգանվեր գործունեությունը, որ Միությունն իրականացնում է Սփյուռքում՝ հատկապես այն համայնքներում, որոնք աշխարհագրորեն հեռու են Մայր Հայաստանից: «Այն, ինչ ես տեսա այստեղ, տպավորիչ է և հուսադրող: Մաղթում եմ Բուենոս Այրեսի ՀԲԸՄ կենտրոնին նույն եռանդով և նվիրվածությամբ շարունակել իր ազգանվեր առաքելությունը՝ հանուն մեր ժողովրդի հարատևման և վերելքի»:
«Սարտարապատ» թերթի խմբագրությունում Հանրապետության Նախագահն ընդգծել է, որ անչափ հպարտ է, որ պատմական բնօրրանից հազարավոր կիլոմետրերի հեռավորության վրա մեր հայրենակիցները հիմնել են այսպիսի տպավորիչ ազգային հաստատություն, որը պատվով կատարում է հայ ոգին վառ պահելու դժվարին առաքելությունը: Հանրապետության Նախագահը մաղթել է բոլորին անսպառ եռանդ և ուժ, որպեսզի շարունակեն նույն նվիրվածությամբ աշխատել հանուն մեր ժողովրդի հարատևման և վերելքի: Այս ամենը Նախագահը գրառել է նաև խմբագրության պատվավոր հյուրերի գրքում:
Կարդացեք նաև
Հանրապետության Նախագահն այսօր Բուենոս Այրեսում մասնակցել է նաև Հայ Էմիգրանտների (Արմենիա) հրապարակի պաշտոնական բացման արարողությանը, որից հետո հանդիպում է ունեցել արգենտինահայ համայնքի կազմակերպությունների ներկայացուցիչների և բարերարների հետ: Հանդիպումը Նախագահի առաջարկով անցել է հարցուպատասխանի ձևաչափով, որի ժամանակ Սերժ Սարգսյանը պատասխանել է ներկաներին հետաքրքրող հարցերին, որոնք վերաբերել են հայապահպանության խնդիրներին, Հայաստան-Սփյուռք կապերին, տարածաշրջանի մարտահրավերներին, Հայաստանի ներքին և արտաքին քաղաքականությանը, տնտեսության առաջնահերթություններին, զարգացման հնարավորություններին և մի շարք այլ թեմաների:
Ավարտելով պաշտոնական այցը Արգենտինայի Հանրապետություն՝ Նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորած պատվիրակությունն այսօր պետական այցով կմեկնի Ուրուգվայի Արևելյան Հանրապետություն:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ