Լրահոս
Օրվա լրահոսը

«Անարդար կլինի, եթե ամենահայտնի հայը համերգային ծրագրով Հայաստանում չլինի»

Հուլիս 09,2014 13:55

Աշխարհահռչակ կատարողներից ո՞ւմ կուզեին տեսնել հայերը Հայաստանում

Էմինեմ, Աշեր, Բեյոնսե, Անդրեա Բոչելի, Ջոշ Գրոբան, Սելին Դիոն, Ջո Կոկեր, Սթինգ, Նորահ Ջոնս, Քեթի Միլու, Ջեյմս Բլանթ, Էնրիկե Իգլեսիաս, Փինք, Ռամշտեյն, Նինո Կատամաձե… համաշխարհային այս դեմքերի մի անսպառ ցանկ է ուզում Հայաստանում տեսնել հայ հանդիսատեսը:

«Առավոտի» հարցին, թե համաշխարհային դեմքերից ո՞ւմ կուզեին տեսնել հյուրախաղերով Հայաստանում, պատասխանել են երիտասարդները: Երաժշտական ճաշակները տարբեր են, սակայն աշխարհի հայտնիներին տեսնելու ցանկությունը բոլորի մոտ նույնքան մեծ է:
«Ամենաշատը կուզեմ Էմինեմին տեսնել, որովհետեւ համար առաջին ռեփերն է աշխարհում՝ ամենատաղանդավորը, ով մեծ դժվարություններ հաղթահարելով՝ դարձել է նա, ով կա այժմ»,- ասում է մասնագիտությամբ տնտեսագետ- ֆինանսիստ Քրիստինե Բալաբեկյանը: «Կարծում եմ, որ շատ իմ հասակակիցներ կամ ինձանից փոքրեր կուզեն, որովհետեւ ռեփը մեծ լսարան ունի, իսկ Էմինեմին սիրողները, ֆանատները գնալով Հայաստանում շատանում են,- ասում է նա եւ նեղսրտում,- եթե այնքան թանկ լինի տոմսը, որ ֆինանսս չների, պարտքով փող կվերցնեմ, վարկ կվերցնեմ: Հետո կաշխատեմ՝ պարտքս կմարեմ, բայց այդ անկրկնելի պահը, որ Էմինեմը գա, անպայման պիտի «live» (կենդանի) վայելեմ»:

«Հայ գիրք» գրախանութների ցանցի մենեջեր, լրագրող, բլոգեր Նարե Աթոյանն էլ շատ է ցանկանում մասնակցել Յան Տիերսենի համերգին, կուզեր, որ այն լիներ բացօթյա, անվճար, ինչպես Անդրեա Բոչելիի դեպքում եղավ: «Կարծում եմ, որ կգա ու կսիրի մեր երկիրը, եթե լուրջ հրավեր լինի համապատասխան կազմակերպությունների կամ մեր քաղաքապետարանի կողմից, չգիտեմ հստակ, թե ովքեր են դա իրականացնում,- ասում է նա, կարծում է, որ համերգին շատերը կգան, եթե իմանան, որ անվճար է,- Բոչելիի դեպքում եւս, մարդիկ կային, ովքեր եկան համերգին, իմանալով, որ անվճար է, բայց էլի գոնե ինչ-որ բան տարան իրենց հետ, չնայած իրենց մնար` Բոչելի չէին լսի: Եթե գալիս է մեկը, ով արժեքավոր երաժշտություն է ներկայացնում, ուրեմն հաստատ կտա այն, ինչի կարիքն այսօր շատ ենք զգում, թե իմ նմաններին, ովքեր կենդանի կատարումներ են ուզում լսել, եւ թե նրանց, ովքեր գաղափար էլ չունեն, որ իրենք բարձրարժեք երաժշտություն պետք է լսեն»:

Երիտասարդ ռեժիսոր Տարոն Կոխլիկյանն էլ հետեւում է միջազգային երաժշտական ալիքներով հաճախ ցուցադրվող համերգ-շոուներին, որոնց ժամանակ ելույթ են ունենում աշխարհահռչակ աստղեր: «Նկատելի է՝ ծախսվում են միլիոնավոր դոլարներ, եւ ամեն ինչ անում են հանդիսատեսին տպավորելու համար… նմանատիպ համերգների գուցե դեռ մենք, որպես երկիր, պատրաստ չենք, քանի որ այդ համերգների տոմսերը շատ թանկ արժեն, չունենք տեխնիկական նման միջոցներ… բայց միեւնույն ժամանակ կարծում եմ, որ մեծ ցանկության դեպքում հովանավորների միջոցով կարելի է լուծել այդ խնդիրը»,- ասում է երիտասարդ ռեժիսորը: Նա Հայաստանում տեսնելու ցանկություն ունի արդեն ամերիկյան եւ եվրոպական լսարանին հայտնի «Ուան ռեփաբլիք», «Քոլդփլեյ» խմբերին, որոնց համերգները պատկերացնում է՝ Հանրապետության հրապարակում կամ Հանրապետական մարզադաշտի բեմերում: «Մեծ սիրով կլսեի Մայքլ Բուբլեին, Սթինգին, Ջոն Լեջենբդին, բայց արդեն որեւէ դահլիճում՝ Ալ. Սպենդիարյանի անվան օպերային եւ բալետի ազգային-ակադեմիական թատրոնում կամ մարզահամերգային համալիրի համերգային դահլիճում»,- ասում է նա:

Ռոմանտիկ երգերի սիրահար է մասնագիտությամբ պատմաբան Թագուհի Մկրտումյանը, նա արդեն տասը տարի է՝ հետեւում է Էնրիկե Իգլեսիասի ստեղծագործական կյանքին, ասում է, որ շատ կուզեր մասնակցել հայտնի երգչի համերգին: «Եթե Էնրիկեն Հայաստանում ունենա մենահամերգ, ամեն ինչ կանեմ, որ մասնակցեմ»,- ասում է նա:
Լիլիթ Վարդանյանն էլ ասում է՝ շատ երգիչ-երգչուհիների կատարումներին է հետեւում, բայց Հայաստանում կուզեր, որ «Սքորփիոնս» խումբը եւ Լանա Ռեյը մենահամերգներ ունենային. «Սքորփիոնսը» իմ ամենասիրելի խումբն է ու քանի դեռ նրանք ի վիճակի են երգելու, կուզեի անպայման բնականից լսել նրանց, որովհետեւ կարծում եմ՝ սարերի հետեւում չէ այն օրը, որ իրենք ելույթ չեն ունենա: Բացի այդ՝ «Սքորփիոնսը» իմ հայրիկի ամենասիրելի խումբն է, ու շատ կուզեի նրան հրավիրել այդ համերգին: Չեմ կարող ասել, որ ամեն ինչի պատրաստ եմ, քանի որ ինձ մոլի երկրպագու չեմ համարում: Եթե նախօրոք իմանամ համերգի մասին, ապա անպայման կաշխատեմ հավաքել անհրաժեշտ գումար տոմսի համար: Սակայն նշեմ, որ 25 000 դրամից ավելի պատրաստ չեմ վճարել»:
Հայտնի գրող Դօրիանը հաճույքով հայաստանյան տոմսարկղերից կգներ հայազգի աշխարհահռչակ երգչուհի Շերի (լուսանկարում) «Dressed to kill» համերգային ծրագրի տոմսեր: Ասում է. «Ենթադրում եմ, որ ծրագիրն աշնանը դուրս է գալու Ամերիկայի սահմաններից ու անարդար կլինի, եթե The Guardian պարբերականի վարկանիշային ցանկով՝ աշխարհի ամենահայտնի հայն իր, ամենայն հավանականությամբ, վերջին համերգային ծրագրով Հայաստանում չլինի»:

«Առավոտը» նաեւ Երեւանի քաղաքապետարանից փորձեց պարզել՝ արդյոք նախատեսվո՞ւմ է առաջիկայում աշխարհահռչակ որեւէ կատարողի հրավիրել Հայաստան: Քաղաքապետարանից պատասխանեցին, որ առաջիկայում որեւէ մեկին հրավիրելու ծրագիր չկա. պայմանավորված է նրանով, որ քաղաքին վերաբերող տոնակատարություն առայժմ չկա, նաեւ հայտնեցին, որ որեւէ մեկին հրավիրելու դեպքում կառույցը պատշաճ ժամանակում կտեղեկացնի բոլորին:

ՀՌԻՓՍԻՄԵ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
08.07.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031