Լրահոս
Օրվա լրահոսը

«Շվեդիայի մշակութային վերնախավը ինձ իրենն է համարում»

Հուլիս 09,2014 14:05

Կոմպոզիտոր, դաշնակահար Կարին Հելլման-Գեւորգյանը՝
հայ-շվեդական առնչությունների մասին

Վերջերս ՀՀ կոմպոզիտորների եւ երաժշտագետների միության դահլիճում անվանի թավջութակահարուհի Մեդեա Աբրահամյանի մասին պատմող գրքի (հեղինակ՝ Գոհար Շագոյան) շնորհանդեսին «Առավոտը» հանդիպեց շուրջ 20 տարի Շվեդիայում ապրող ու ստեղծագործող կոմպոզիտոր, դաշնակահար Կարին Հելլման-Գեւորգյանին (լուսանկարում): Այդ օրն այլ շնորհավորանքների թվում առաջին անգամ հնչեց նաեւ տիկին Հելման-Գեւորգյանի Ballade-Fantastigue ստեղծագործությունը: Շվեդիայում ընտանեկան հանգամանքներով հայտնված նախկին հայաստանցի արվեստագետին մասնագիտական շրջանակներին, ինչպես նաեւ մեր հանդիսատեսին առանձնակի ներկայացնելու հարկ չկա: Նրա նախաձեռնությամբ քանիցս Հայաստան են ժամանել շվեդ արվեստագետներ: Կարին Հելլման-Գեւորգյանի հավաստիացմամբ՝ ինքը փորձել է հայաստանցիներին ավելի մոտիկից ծանոթացնել շվեդական բարձրարվեստ երաժշտությանը: Նա հիշեց ճանաչված խմբավար Տիգրան Հեքեքյանի հրավերով շվեդ արվեստագետների այցը Հայաստան, կայացած վարպետության դասերը եւ այլն: Հատուկ նշեց 2 տարի առաջ էլ Շվեդիայում կայացած երգչախմբերի միջազգային մրցույթ-փառատոնում մաեստրո Հեքեքյանի ղեկավարած «Հայ փոքրիկ երգիչների»՝ մեր զրուցակցի խոսքերով՝ ֆանտաստիկ ելույթը: Հայտնեց նաեւ, թե առաջիկայում Ստոկհոլմում կկատարվեն Գեղունի Չթչյանի եւ Տիգրան Մանսուրյանի դաշնամուրային տրիոները: Կարին Հելլման-Գեւորգյանն ասաց նաեւ, որ հասկանալի պատճառով չի կարող թվարկել այն ամենը, ինչ վերջին շրջանում իր նախաձեռնությամբ իրականացվել է թե Շվեդիայում եւ թե Հայաստանում: Այդուհանդերձ, առանձնացրեց Շվեդիայի թագավորական սիմֆոնիկ նվագախմբի ջութակահար-կոնցերտմայստեր, դիրիժոր Նիլս Էրիկ Սպարֆի եւ իր նվագակցությամբ Ստոկհոլմում քանիցս կայացած կոմիտասյան երեկոները: «Ինքս 9 տարեկան էի, երբ Երեւանում մասնակցեցի Կոմիտասի անվան մրցույթին ու դարձա դափնեկիր… Վարդապետի ստեղծագործությունները մշտապես ուղեկցել են ինձ հայաստանյան, հետո էլ շվեդական համերգներիս ընթացքում: Վերջին շրջանում էլ «Երկխոսություն» խորագրով նախագիծ եմ իրականացնում տարբեր երկրներում, այդ թվում՝ Նորվեգիայում, Ռուսաստանում, Ֆինլանդիայում… Առիթը բաց չեմ թողնում «ներգրավել» նաեւ հայ կոմպոզիտորների: Երազանքս է, որ շվեդ հանդիսատեսը հայ յուրաքանչյուր կոմպոզիտորի ընդունի այնպես, ինչպես մեծարում է Արամ Խաչատրյանին: Չնայած՝ դա ունի իր պատմությունը. Շվեդիան այն եզակի երկրներից է, որտեղ ժամանակին Արամ Իլյիչը տեւական շրջան ապրել է, խորն ուսումնասիրելով շվեդական երաժշտությունը»,- հայտնեց մեր զրուցակիցը:

Karin

Կարին Հելլման-Գեւորգյանը՝ շվեդական ազգային հագուստով (ձախից) ՀՀ-ում Շվեդիայի դեսպան Եվա Բյորլինգի հետ:

Հայաստանում գործող 45 դեսպանատների եւ հյուպատոսությունների թվում հունիսի 13-ին հիմնվեց Շվեդիայի դեսպանատունը, որին շվեդական պատվիրակության կազմում ներկա է եղել նաեւ Կարին Հելլման-Գեւորգյանը: Դիտարկմանը՝ օտար երկրում նախկին հայաստանցի երաժիշտը իր գործունեությամբ ի՜նչ ճանաչում ու հարգանք պետք է վայելի, որ ընդգրկված լինի պետական պատվիրակության կազմում եւ հարցին՝ կարելի՞ է ենթադրել, որ դուք կնշանակվեք դեսպանի մշակութային կցորդ, Կարին Հելլման-Գեւորգյանը պատասխանեց. «Իմ եւ դեսպանի՝ տիկին Եվա Բյորլինգի միջեւ այդ մասին խոսակցություն չի եղել: Անկախ ամեն ինչից, ես կշարունակեմ «Երկխոսություն» շարքը, բնականաբար ավելի խորացնելով Շվեդիա-Հայաստան մշակութային կապը: Ի դեպ, աշխարհահռչակ երգչուհի՝ Շվեդիայի սոխակ Մարգարետա Հալլին, որը խորհրդային տարիներին երկու անգամ համերգներով հանդես է եկել Երեւանում, մեծ ցանկություն ունի կրկին հանդիպել հայ ունկնդրին: Նա մշտապես հիշատակում է Էդվարդ Միրզոյանի անունը, հատկապես մտաբերում Դիլիջանի կոմպոզիտորների ստեղծագործական տանը իր անմոռանալի հանդիպումները հայ կոմպոզիտորի հետ: Շվեդիայում ծնված երկու բալիկներիս կնքահայրն է Էդվարդ Միխայլովիչը…»: Մեր զրուցակիցը հավելեց, որ ինքը լինելով Շվեդիայի կոմպոզիտորների միության անդամ, հաճախ հրավիրվում է մասնակցելու տարբեր երկրներում անցկացվող մրցույթների ժյուրիի աշխատանքներին, ստեղծագործություններին: «Մինչ Հայաստան այցս մասնակցեցի Շվեդիայում անցկացված երիտասարդ երաժիշտների մրցույթի ժյուրիի աշխատանքներին, որի տնօրենն է Դմիտրի Միխայլովը եւ այդ մրցույթը 3-րդ տարին է, ինչ անցկացվում է անվանի դիրիժոր Վալերի Գերգիեւի հովանավորությամբ: Սանկտ Պետերբուրգի սիմֆոնիկ նվագախումբն էլ Սերգեյ Ինկովի ղեկավարությամբ հնչեցրեց իմ «52-92-59» կապրիչիոն եւ այլն: Իբրեւ դաշնակահար էլ վերջերս հրավիրված էի մասնակցելու շախմատի աշխարհի նախկին չեմպիոն Մարկ Տայմանովի որդու՝ դաշնակահար, պրոֆեսոր Իգոր Տայմանովի հիմնած Սանկտպետերբուրգյան փառատոնին: Իհարկե նշեմ, որ հրավերների դեպքում ես ներկայացնում եմ Շվեդիան: Հավանաբար սա է պատճառը, որ այդ երկրի մշակութային վերնախավը ինձ իրենն է համարում»:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
08.07.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Սերգեյ says:

    Մեդեա Աբրահամյանի գրքի հեղինակը հենց արտիստուհին է, ոչ Գ. Շագոյանը:

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031