Լրահոս
Օրվա լրահոսը

Տարվա երկիրը

Հուլիս 09,2014 14:20

Երբ իսպանացիները եկան Հարավային Ամերիկա ու սկսեցին իջնել Ամազոնից դեպի ներքեւ, ճանապարհին գեղատեսիլ մի գետ հայտնաբերեցին, որին տեղացիները ոչ պակաս գեղեցիկ անուն էին տվել՝ Ուրուգվայ, այսինքն՝ Խայտաբղետ թռչունների գետ:
Բայց ռոմանտիկ տեղացիները սպանեցին իսպանացիների առաջնորդին եւ, ասում են՝ նույնիսկ կերան նրան, ինչից հետո եվրոպացիները մոտ 100 տարի այդ վայրերում այլեւս չերեւացին:

Վայրը, սակայն, շատ գայթակղիչ էր, եւ ի վերջո իսպանացիները, ինչպես նաեւ իտալացիները հաստատվեցին Ուրուգվայ գետի ափին ու իրենց երկիրն էլ կոչեցին Ուրուգվայ: Եվ քանի որ արեւելյան ափին էին կառուցում իրենց բնակավայրերը, երկիրն էլ ի վերջո կոչեցին Ուրուգվայի Արեւելյան Հանրապետություւն:

Համեստ երկիր էր. Հարավային Ամերիկայում նրանից փոքր միայն Սուրինամն է: Համեստ էր նաեւ այն պատճառով, որ երկու կողմից աժդահա հարեւաններ ուներ՝ Բրազիլիա եւ Արգենտինա, որոնք այդ պստիկին փորձում էին միմյանց ձեռքից խլել: Եվ նույնիսկ երբ համեստ երկիրը վերջնականապես անկախություն հռչակեց, այնտեղ ստեղծվեցին երկու հիմնական կուսակցություններ, որոնք շարունակեցին աժդահաների կռիվը: Մեկը կոչվում էր Կոլորադո, այսինքն՝ Կարմիրներ, եւ բրազիլամետ էր, մյուսը Բլանկո՝ Սպիտակներ եւ, համապատասխանաբար՝ արգենտինամետ էր:

Բայց դա վաղուց էր՝ 19-րդ դարի առաջին կեսին: Հիմա համեստ երկիրը երկու հսկաներին էլ միս է մատակարարում, որովհետեւ Ուրուգվայում երեք անգամ ավելի շատ կով կա, քան մարդ, ինչը զարմանալի չէ, քանզի երկրի տարածքի երեք քառորդը զբաղեցնում են զմրուխտե արոտավայրերը:

Մի ժամանակ այդ համեստ երկիրը, որտեղ գրեթե նույնքան մարդ է բնակվում, որքան Հայաստանում, նույնիսկ ֆուտբոլով առաջ անցավ իր հզոր հարեւաններից՝ երկու անգամ դառնալով աշխարհի չեմպիոն, ընդ որում, նաեւ հսկաներից մեկի՝ Բրազիլիայի դաշտում:
Բայց գլխավոր նվաճումն, իհարկե, դա չէ. ի տարբերություն հարեւանների, Ուրուգվայը կարողացավ շատ հաջող պայքար մղել կոռուպցիայի դեմ եւ այժմ Հարավային Ամերիկայի ամենաքիչ կոռումպացված երկիրն է: Նույնիսկ աշխարհում է այդ ցուցանիշով առաջատար դիրքեր գրավում՝ «Թրանսփարենսի ինթերնեշնլի» ցանկում 177 պետությունների մեջ զբաղեցնելով 19-րդ հորիզոնականը: Հիշեք, թե ինչպես են հայաստանցի պաշտոնյաները հպարտանում, երբ այդ նույն ցանկում 120-րդ տեղից մեզ տեղափոխում են 112-րդ տեղը:
Անցած տարվա վերջին «Էկոնոմիստ» բրիտանական հանդեսը որոշեց առաջին անգամ սահմանել Տարվա երկիր անվանակարգը: Երեւի կռահում եք, որ այդ պատվավոր կոչմանն արժանացավ հենց… համեստ երկիրը:

Այնտեղ անցած տարի օրինականացրին մարիխուանան: Այնպես չէ, որ ուրուգվայցիներն առանձնապես մեծ հակում ունեն թմրամիջոցների նկատմամբ. հարեւան Բրազիլիայում եւ Արգենտինայում այդ երեւույթն ավելի մեծ տարածում ունի: Ու նաեւ, ուրուգվայցիների մեծ մասը՝ 62 տոկոսը, դեմ էր դրան, բայց պետությունը որոշեց՝ եթե կան մարդիկ, որոնք անկախ ամեն ինչից, միեւնույն է՝ մարիխուանա են օգտագործելու, ավելի լավ է՝ դա անեն պետական հսկողության տակ:

Ի դեպ, մոտ 100 տարի առաջ ճիշտ նույն տրամաբանությամբ Ուրուգվայում օրինականացվեցին նաեւ անձնական մենամարտերը՝ դուելները: Այսինքն, միեւնույն է՝ մարդիկ միմյանցից պատիվ են պահանջում, հաշիվ են մաքրում, թող դա լինի պետական խիստ վերահսկողության տակ, կորուստներն էլ՝ նվազագույն:

Եվ 1920 թվականին համեստ երկրում առանձնացվեց 10 վայր, որտեղ կարող էին դուելներ տեղի ունենալ: Բայց սկզբից պետք է հայցեիք պետական մարմինների թույլտվությունը՝ մանրամասն հիմնավորելով, որ, օրինակ, «Առավոտ» թերթը ձեզ «թարս աճած վարունգ» է անվանել եւ Արամ Աբրահամյանի հետ հարցերը լուծելու միակ տարբերակը նրան մենամարտի հրավիրելն է:

Պատահական չեմ նման համեմատություն անում, որովհետեւ հենց որ 1920 թվականին դուելներն օրինականացվեցին, Ուրուգվայի նախկին նախագահներից մեկը ձեռնոց նետեց «Էլ Պաիսո» թերթի գլխավոր խմբագրին: Ու սպանեց նրան:
Դրանից հետո դուելների անցկացման շատ խիստ կանոններ մտցվեցին, որոնք գրեթե զրոյի էին հավասարեցնում մահվան ելքը: Դուելի մասնակիցներին տրամադրվող հրազենը այնպիսի փոքր ուժգնություն ուներ, իսկ նրանց միջեւ սահմանված տարածությունն՝ այնքան մեծ, որ, ինչպես գրել է տեղական թերթերից մեկը, «միայն շատ հզոր քամու օգնությամբ մեկի արձակած գնդակը կարող էր դիպչել մյուսին»…

Ի դեպ, տասնամյակներ անց դուելներն Ուրուգվայում արգելվեցին, երբ փոխոստիկանապետը մենամարտի հրավիրեց իր հասցեին քննադատական դիտողություններ արած մի լրագրողի: Իշխանություններն ասացին՝ բավական է, ի վերջո, մեզ մոտ մամուլի եւ խոսքի ազատություն գոյություն ունի: Իրոք՝ այս ցուցանիշով էլ է համեստ երկիրն առաջ անցնում իր հարեւաններից:

Բայց կա մի ցուցանիշ, որով համեստ երկիրը գերազանցում է ոչ միայն իր հարեւաններին, այլեւ աշխարհի բոլոր պետություններին. Ուրուգվայը մեր մոլորակի առաջին երկիրն է, որտեղ հաջողությամբ իրականացվել է՝ «Յուրաքանչյուր դպրոցականին՝ մեկ լափթոփ» ծրագիրը: Եվ այժմ ոչ միայն առաջինից վեցերորդ դասարանների բոլոր սովորողներն իրենց սեփական համակարգիչն ունեն, այլեւ Ուրուգվայի իշխանությունները նույն ծրագիրը սկսել են իրականացնել… մանկապարտեզներում:

Հիմա կասեք՝ բա ինչո՞ւ չեմ պատմում համեստ երկրի համեստ նախագահի մասին: Իրոք, Խոսե Մուխիկային անվանում են աշխարհի ամենաաղքատ նախագահը: Բայց, կներեք, մի քիչ անհարմար եմ զգում անդրադառնալ Ուրուգվայի նախագահի աղքատությանը հենց այսօր, երբ մի քանի ժամից Մոնտեվիդեո է ժամանելու Սերժ Սարգսյանը:
Խոսե Մուխիկան ամսական ստանում է 12 հազար 500 դոլար: Աշխատավարձի 90 տոկոսը հատկացնում է բարեգործությանը, աղքատներին: Այսինքն, իրեն մնում է ամսական ուղիղ 1250 դոլար:

Պատկերացրեք, որ հայաստանյան նախագահական պատվիրակության այցն Ուրուգվայ կայանար ոչ թե այսօր, այլ ընդամենը մի տասն օր առաջ. այն ժամանակ մեր նախագահի աշխատավարձը դեռ կազմում էր 400 հազար դրամ, այսինքն՝ 1000 դոլարից էլ պակաս: Նոր են բարձրացրել:

Այսինքն, ինձ թվում է, որ Սերժ Սարգսյանի առաջին պետական այցն Ուրուգվայ հատուկ էր ձգձգվում, որովհետեւ հուլիսի 1-ից առաջ շատ անհարմար բան էր ստացվելու՝ աշխարհի ամենաաղքատ նախագահին այցելում է մեր նախագահը, որը… աշխարհի ամենաաղքատ նախագահից քիչ է ստանում…

Ինչեւէ, մաղթենք աշխարհի բոլոր նախագահներին բարձր աշխատավարձ, աշխարհի բոլոր երեխաներին՝ մի-մի լափթոփ, իսկ ուրուգվայցիներին՝ խաղաղ ու բարեկեցիկ կյանք Խայտաբղետ թռչունների գետի աջ ափին…

ԱՐՄԵՆ ԴՈՒԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
08.07.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031