Լրահոս
Օրվա լրահոսը

«Ի՞նչ է նշանակում՝ նամուս ունեցեք, բերեք ձեր գողացածը ետ տվեք»

Հուլիս 09,2014 14:50

Հայրենի կառավարությունն արդեն ութ օր անողոք պայքար է մղում ստվերի դեմ

«Եթե, պաշտոնական տվյալներով, Հայաստանում տնտեսության 50 տոկոսը ստվերում է, իսկ մենք պնդում ենք, որ 70 տոկոսն է ստվերում, պետք էր մի «խոշորի» բացահայտել ու պատժել, որպեսզի դա մյուսներին դաս լիներ: Ես դա նրա համար չեմ ասում, որ «արյուն եմ ուզում»: Ոչ: Բայց ի՞նչ է նշանակում՝ նամուս ունեցեք, բերեք ձեր գողացածը ետ տվեք»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը՝ արձագանքելով հարցին՝ իր համար արժանահավա՞տ են վարչապետի այն հավաստիացումները, որ ստվերի դեմ պայքար է սկսում: Հիշեցնենք, որ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հայտարարել էր հուլիսի 1-ից ստվերի դեմ պայքարի մեկնարկի մասին։ Ֆինանսների փոխնախարար Արմեն Ալավերդյանն էլ հայտարարել էր, որ նախարարությունն առանձնացրել է ռիսկային ոլորտները, կազմվել է տնտեսվարողների երկու ցուցակ. տնտեսվարողներ (1200-1300 ընկերություն), որոնք ընդունել են ստվերի առկայությունը եւ պատրաստակամություն են հայտնել իրականացնել ապրանքաշրջանառության փաստաթղթավորում, բարձրացնել աշխատակիցների աշխատավարձերը, բարելավել հարկային վճարումները, եւ տնտեսավարողներ, որոնք հայտարարել են, թե ամբողջովին գործում են հարկային դաշտում, «սպիտակ են»: Արմեն Ալավերդյանը ցուցակները չէր հրապարակել: Արամ Սարգսյանն էլ նկատում է. «Մենք առ այսօր փաստ չունենք, որ որեւէ մարդ ստվերում է աշխատել»:

Արամ Սարգսյանը կարծում է, որ Հովիկ Սբրահամյանի այդ հայտարարությունը պայմանավորված էր նրանով, որ դա Մաքսային միության կամ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու պայմաններից մեկն է. «Այնտեղ ընդհանուր բյուջե է լինելու, որից Հայաստանին էլ պետք է մաս հանվի: Եթե մեր տնտեսության 50 տոկոսը ստվերում է, ապա ոչ ոք չի համաձայնի իր փայից ավելի շատ տալ Հայաստանին, որ Հայաստանն էլ իր տնտեսությունը ստվերում պահի»: Մեր զրուցակիցն, իհարկե, այն կարծիքին չէ, որ ՄՄ անդամ մյուս երկրներն ավելի քիչ կոռումպացված են, բայց հարցն այն է, որ համապատասխան կանոններ են սահմանվել, որով համատեղ պետք է աշխատել:

Արամ Սարգսյանն, իհարկե, շատ կցանկանար, որ վարչապետի այդ հայտարարությունը հիմնովին փոխեր իրավիճակը, բայց իրավիճակը հայտարարությամբ չի փոխվում, գործողություններով է փոխվում. «Մինչեւ այսօր ի՞նչ է ստացել Հայաստանի բյուջեն, հատկապես արտահանման պարագայում: Որքա՞ն տոկոս է, ասենք, բյուջե մուծվել մոլիբդենի, կոնցենտրատների, պղնձի, ոսկու, շինարարական նյութերի արտահանումից: Համապատասխանո՞ւմ են արտահանվող ապրանքի գինն ու բյուջե մուծվելիք գումարի տրամաբանությունը: Կա ապրանք, որի արտահանումից բյուջե պետք է մուծվի 0,4 տոկոս: Բայց այդ ապրանքի մեկ տոննան արժե 10-15 հազար դոլար: Դա ամենամեծ ստվերն է»: Երրորդ խնդիրը Արամ Սարգսյանը համարում է արտահանվող ապրանքների շահութահարկի նվազագույն տոկոսի գանձումը՝ նկատելով, որ Հայաստանում, ասենք, տասը դրամ ինքնարժեքով արտադրված ապրանքն արտահանվում է եւ վաճառվում հարյուր անգամ ավելի գնով ու տվյալ ապրանքի՝ իրականում գոյացած շահույթից երբեւէ բյուջե մուտք չի արվուն, ինչն էլի հանգեցնում է գերշահույթների գոյացման: «Այսինքն՝ ամբողջ ստվերը միայն այն չէ, որ սովետական լեզվով ասած՝ «լեւի ապրանք» են պահել: Այս ստվերն իր մեջ բազմազան գույներ ունի, ու այս պարագայում ընդամենը հայտարարել՝ ստվերից պետք է դուրս գաք ու հարկեր մուծեք, լուրջ չի»,- ասաց մեր զրուցակիցը:

ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
08.07.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. david says:

    Նամուս ունեք, մաքրեք այս տարածքը աննամուսներից:

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031