Այսօր ՀՀ վարչական դատարանում քննության ենթարկվեց ՀՀ ոստիկանության հայցը՝ ընդդեմ Նախախորհրդարանի անդամ Վարդան Գերավետյանի (Արման Թովմասյան):
Նշենք, որ ոստիկանությունը Վարդան Գերավետյանին վարչական պատասխանատվության ենթարկելու հայց է ներկայացրել՝ նշելով, որ 2013-ի օգոստոսի 24-ին Կոմիտաս 5 հասցեում բնակիչների բողոքին միացած ակտիվիստը չի կատարել ոստիկանի օրինական պահանջը:
ՀՀ ոստիկանությունը ներկայացուցիչ Մարթա Մելիքսեթյանը հայտարարեց, որ ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելու պատճառով պահանջում են պատասխանտվության ենթարկել Վարդան Գերավետյանին: Վարդան Գերավետյանի ներկայացուցիչ Տիգրան Եգորյանը հանդես եկավ հակընդդեմ հայցով, որով պահանջում էր ոչ իրավաչափ ճանաչել ոստիկանության միջամտող գործողությունները, որոնք ուղղված էին հայցվոր կողմի իրավունքների սահմանափակմանը:Երբ հարց հնչեց, թե կոնկրետ ինչ պատասխանատվության են ցանկանում ենթարկել Վարդան Գերավետյանին՝ ոստիկանության ներկայացուցիչը նշեց 50.00 դրամ տուգանքի մասին:
Նա հանդես եկավ նաև միջնորդությամբ՝ որպես վկա հրավիրել Երեւան քաղաքի ծառայության բաժնի պետ Կարեն Մովսիսյանին: Սա ըստ Տիգրան Եգորյանի՝ «անիմաստ է»: Նա մանրամասնեց. «Անիմաստ է լսել Կարեն Մովսիսյանին, նրա տված բացատրությունները անիմաստ են այս գործի արդյունավետ քննության համար: Դա անիմաստ է, քանի որ մենք ունենք նրա բացատրությունը, վարչական վարույթի հետ կապված նյութերում: Դատարանը չի կարող վարչական վարույթ իրականացնել, այլ դատարանը պետք է ստուգի վարչական մարմնի կողմից իրականացրած վարչական վարույթի օրինականությունը»:
Կարդացեք նաև
Նշենք նաև, որ Վարդան Գերավետյանը պնդում է, թե ինքը Կարեն Մովսիսյանի հետ օգոստոսի 24-ին չի առնչվել:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ