Կառավարությունը որոշել է պետական գույքի կառավարման վարչության հաշվեկշռում գտնվող առանց ծնողական խնամքի մնացած երեխաներին 10 տարի ժամկետով անհատույց օգտագործման իրավունքով տրամադրված թվով 160 բնակարանները՝ որպես սոցիալական բնակարանային ֆոնդ, հանձնել ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությանը: Կառավարության հինգշաբթի օրվա նիստում այս մասին կհայտնի պետգույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանը:
Ինչպես տեղեկանում ենք հուլիսի 10-ի կառավարության նիստի օրակարգից, երկու տարի առաջ ստեղծվել է «Սոցիալական բնակարանային ֆոնդի սպասարկման կենտրոն» պետական ոչ առեւտրային կազմակերպությունը, որի գործունեության հիմնական նպատակը մեր երկրի սոցիալական բնակարանային ֆոնդի պահպանման ու շահագործման ապահովումն է: Այս կառույցն, ըստ Արման Սահակյանի, գործում է աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության ենթակայությամբ:
Առանց ծնողական խնամքի մնացած երեխաների հետ անհատույց օգտագործման 10 տարվա պայմանագրերը լրանալուց հետո, այդ բնակելի տարածքները, կառավարությանը կառաջարկվի հանձնել «Սոցիալական բնակարանային ֆոնդի սպասարկման կենտրոն»-ին` անհատույց օգտագործման իրավունքով:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ