«Ժառանգություն» կուսակցության նախկին անդամ Դանիել Իոաննիսյանը ներկա է եղել ԿԳ նախարարի խորհրդական Նարեկ Արաքսման-Մանուկյանի եւ Հրայր Մանուկյանի միջեւ խոսակցությանը: Նա նոր մանրամասներ ներկայացրեց, թե ինչ կապ ունի Արմեն Աշոտյանի խորհրդականն ԱԱԾ-ի հետ:
Հիշեցնենք, որ այսօր հրավիրած ասուլիսում «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարել էր, որ իրենց վարչության անդամ Հրայր Մանուկյանին հավաքագրելու փորձի հետ կապ է ունեցել ԿԳ նախարարի խորհրդականը. «Այստեղ հերթական անգամ հարուցվում է ներկա վարչակարգի ապօրինի վիճակը, 2 գերատեսչությունների մասնակցությունը, կոնկրետ ԱԱԾ-ն եւ երկրորդը՝ կապավորը եղել է ԿԳ նախարարի խորհրդականը: Մենք պիտի պահանջենք իրավապահ մարմիններից, որ իրենք, եթե կարող են, դուրս գան քաղաքականացված ենթակայությունից եւ պարզեն ամեն ինչ»: Այս հայտարարությանը հետեւել էր Արմեն Աշոտյանի զարմանքն ու տարակուսանքը:
Դանիել Իոաննիսյանի խոսքերով՝ «Նախ, նախարարի խորհրդականը՝ Նարեկն է հենց Հրայրին եւ Վլադին (նկատի ունի ԱԱԾ աշխատակից ներկայացած Վլադ Հակոբյանին,- Հ. Ջ.) իրար հետ ծանոթացրել: Նարեկը ծանոթացնում է Վլադին ու Հրայրին ու այդ պահին ինչ-որ զանգ է ստանում ու թողնում-գնում է:
Նարեկի գնալուց հետո պարզվում է, որ Վլադը բացարձակապես պատահական չի Հրայրին հանդիպել, ինքը Հրայրի մասին արդեն ամեն ինչ գիտի ու փորձում է «վերբովկա» անել: Հրայրը հրաժարվում է, բայց քանի որ Վլադը բավական հաստատակամ է լինում, Հրայրը, որպեսզի գլուխը փախցնի, ասում է՝ ինձ ժամանակ տուր:
Կարդացեք նաև
Դրանից հետո Վլադը շարունակում է զանգել Հրայրին ու հերթական մի օր համաձայնում է Վլադի հետ հանդիպել: Նա ձայնագրիչով է լինում: Շարունակությունը գիտեք:
Ես կարող եմ ասել, որ անմիջապես Վլադի հետ հանդիպելուց հետո Հրայրը գալիս է իմ մոտ, մենք Հրայրի հետ ձայնագրությունը լսում ենք: Նույն օրը Հրայրը որոշում է ֆեյսբուքում ստատուս գրել՝ ԱԱԾ աշխատակցի հետ հանդիպման մասին: Եվ նրան զանգահարում է Նարեկը՝ Արմեն Աշոտյանի խորհրդականը: Նարեկն իրեն ասում է՝ որ սպառնացել են, այդ սպառնալիքները լուրջ չեն, դա ընդամենը իր ոճն է, մի անհանգստացի, ոչ մի բան էլ քեզ չեն անի եւ այլն: Նա յուրովի իրեն դրեց ԱԱԾ-ի ու Հրայրի միջնորդի տեղը: Նարեկը համոզում էր, որ Հրայրը ստատուսը հանի: Սկզբում նրան հաջողվեց համոզել, որ հանի: Ասում էր՝ հանի,ես քեզ խոստանում եմ, քեզ ոչ մի բան չի լինի: Այսինքն, ինքը անգամ ԱԱԾ-ի տեղը երաշխավորում էր:
Այնպես որ, այստեղ նախարարի խորհրդականի հետ կապված մի քանի հարց կա: Առաջին կապն այն է, որ նա է հենց նրանց ծանոթացնում, թեեւ դա սցենարավորված էր որպես պատահական, բայց հենց միայն նրանից, որ Վլադը պատրաստված էր այդ հանդիպմանը, ակնհայտ է դառնում, որ դա պատահական չէր: Վլադն արդեն շատ լավ գիտեր Հրայրն ով է: Մյուս կողմից Նարեկը իրեն դնում է փաստորեն միջնորդի տեղը: Ինքը անգամ ԱԱԾ-ի տեղը խոստումներ էր տալիս, որ ստատուսդ ջրի, քեզ խոստանում եմ, ոչինչ չի լինի: Եթե նա ԱԱԾ-ի հետ կապ չունի, նա չի կարող ԱԱԾ-ի տեղը խոստումներ տալ: Եթե խոստումներ է տալիս, ուրեմն ինքը լուրջ կապ ունի ԱԱԾ-ի հետ»:
Դանիել Իոաննիսյանը նշեց, որ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը հարցին պետք է ուրիշ տեսանկյունից մոտենա. «Նա պետք է որ հիմա Գորիկ Հակոբյանին հարցնի՝ Գորիկ Գուրգենիչ, իսկ ի՞նչ է անում ձեր օգնականը իմ խորհրդականների շարքում, դուք ինձ հետեւո՞ւմ եք: Աշոտյանի փոխարեն ես այդպիսի ռեակցիա կտայի: Ես կարծում եմ, որ այդ խորհրդականը նաեւ Աշոտյանին է այդպես հետեւել: Թե ինչու է Աշոտյանին ոչ թե դա հետաքրքրում, այլ հետաքրքրում է նա, թե ինչ ասեց Րաֆֆի Հովհաննիսյանը…Եթե Աշոտյանի համար ավելի կարեւոր է քառյակի հետ հարաբերություններ պարզել, քան թե ինչի է ԱԱԾ-ն իրեն հետեւում՝ ի՞նչ ասեմ»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ