Գլոբալ մրցունակության ինդեքսում Հայաստանի դիրքերը բարելավելու համար
ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը միջոցառումների ցանկ է սահմանել: Վարչապետի համոզմամբ, այդ միջոցառումները կատարելու դեպքում կբարելավվեն դեպի Հայաստան եւ դեպի արտերկիր իրականացվող օդային փոխադրումները, արտասահմանյան ավիափոխադրողների համար էլ մեր երկրի նկատմամբ գրավչությունը կբարձրանա ` ապահովելով ուղեւորափոխադրումների ծավալների աճ, ավիատոմսերի գների իջեցում, իսկ քաղաքացիական ավիացիայի եւ օդային հաղորդակցության ոլորտում մատուցվող ծառայություններն ու օդային հաղորդակցության աշխարհագրությունը կընդլայնվեն: Այս մասին տեղեկանում ենք կառավարության հուլիսի 10-ի նիստի օրակարգից:
Վարչապետը էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարից էլ ակնկալում է Էլեկտրամատակարարման հուսալիության բարձրացում ու էներգետիկ անվտանգության ապահովում, էլեկտրաէներգետիկական կապի ու կառավարման համակարգի արդիականացում եւ տարածաշրջանային ինտեգրացում: Առողջապահության ոլորտում էլ` հիվանդությունների վաղ հայտնաբերում, բուժման արդյունավետության բարձրացում ու երկարաժամկետ կտրվածքով մահացության նվազում:
Տարածքային կառավարման նախարարությունը պետք է աշխատի, որպեսզի տեղական ինքնակառավարման մարմինների կողմից ընդունվող որոշումների թափանցիկությունը, հանրային իրազեկվածությունը բարձրանա:
Վարչապետը համոզված է, որ Գլոբալ մրցունակության ինդեքսում Հայաստանի դիրքերը կբարելավվեն, եթե էկոնոմիկայի նախարարությունը ներդրումային քաղաքականությունը բարելավի` մասնավորապես թիրախային ոլորտներում, եւ ներդրումային նոր արտոնությունների փաթեթ մշակվի:
Կարդացեք նաև
Կառավարության եկող նիստում Հովիկ Աբրահամյանը գերատեսչությունների ղեկավարներին կհանձնարարի, որ միջոցառումների կատարման ընթացքի եւ արդյունքների մասին տեղեկատվությունը մինչեւ յուրաքանչյուր կիսամյակին հաջորդող ամսվա 15-րդ աշխատանքային օրը ներկայացնեն կառավարության աշխատակազմ:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ